Showing posts with label Ակնթարթներ. Show all posts
Showing posts with label Ակնթարթներ. Show all posts

Thursday, August 23, 2012

Karl Barth: ԱԿՆԹԱՐԹՆԵՐ - ՀԱՎԱՏՔ



ՀԱՎԱՏՔ

«Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»։
/Մարկոս 9:23/

Ի՞նչ է հավատքը: Ի՞նչ է կատարվում այն մարդու հետ, ով հավատում է:
Աստծո խոսքն ազատագրում է այդ մարդուն, քանզի նա այդ խոսքի մեջ մխիթարություն և օգնություն է գտնում իր աշխարհի, իր մտերիմների, ինքն իր համար, նա գտնում է իր տեղն աշխարհում և գիտակցում իր անելիքը: Նոր ծաղկող ծաղիկի համար բնական է դեպի արևը թեքվելը, երեխայի համար բնական է ծիծաղելը, երբ նա լավ ու ծիծաղելի ինչ-որ բան է տեսնում, մեզ` բոլորիս համար բնական է հավատալը: Եվ կարևոր չէ, թե մեր հավատքը փխրուն ու երերուն է, ինչպես առկայծող կրակը: Նա, ով հավատում է, գիտի, որ այդ հավատքն ինքը ձեռք է բերել ո՛չ սեփական ուժերով և ո՛չ սեփական ուղեղով: Նա հավատում է, գիտակցելով, որ անհավատությունն ամբողջությամբ չի լքել իրեն: Նա չի կարծում, որ հավատն ամբողջությամբ գտնվում է իր իշխանության ներքո: Բայց ինչպես հրեաները փրկարար մանանան գտան անապատում, այդպես էլ նա հավատքն ակնածանքով է ընդունում` որպես իր կյանքի յուրաքանչյուր օրվա մեծագույն պարգև: Հարցն այն մասին, թե կա՞ն արդյոք մարդիկ, որոնց համար առավել դյուրին է հավատալը, որոնք, այսպես ասած, ավելի ընդունակ են հավատալու, թեթևամիտ հարց է: Լուրջ հարցն այլ կերպ է հնչում. «Արդյո՞ք մեզ թույլատրելի է համառել մեր կյանքը մթագնող անհավատության մեջ, երբ Աստված Իր խոսքն ու Իր գործերը մեզանից յուրաքանչյուրին է հայտնում, երբ մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում զգացել է Սուրբ Հոգու իշխանությունը: Ցանկանո՞ւմ ենք արդյոք թողնել անիմաստ խաղերը մեր սեփական անհավատության հետ և ապրել ազատության մեջ. ազատություն, որը մեզ տրված է»:

Tuesday, February 21, 2012

Karl Barth: ԱԿՆԹԱՐԹՆԵՐ - ՀԱՄՐՈՒԹՅՈՒՆ


«Շատախոսությամբ չես խուսափի մեղքից…» /Առակ 10:19/


Այն, ինչ մենք խոսում ենք կամ լսում, մեծամասամբ ընդհանուր ոչ մի կապ չունի իրական զրույցի հետ, որտեղ ներկա են «ես-ը և «դու»-ն, որտեղ առկա է սեփական միայնության բանտից դուրս պրծնելու և միմյանց լսելու փորձը: Մեր զրույցների ճնշող մեծամասնությունը ժամանակի դատարկ և բարբարոսական վատնում է, քանի որ խոսելով բացարձակապես չենք ջանում լսել զրուցակցին, ինչպես և չենք ջանում, որ մեզ լսեն: Մենք ինչ-որ բառեր ենք արտասանում, սակայն մեր զրույցի մեջ չենք փնտրում և չենք ուզում գտնել միմյանց: Այսպես մենք խոսում ենք իրար հետ, այսպես զեկույցներ ենք կազմում, քարոզներ խոսում, քննարկումներ վարում: Այսպես գրվում են գրքեր, թերթեր, հոդվածներ: Այսպես մենք լսում ենք և այսպես խոսում: Այսպես դատարկվում է խոսքը և նրանից դուրս է հանվում բովանդակությունը, այն մնում է միայն խոսք և ոչ ավելին, այսպես մենք ապրում ենք անիմաստ, դատարկ բառերի հոսանքի և խոսքի արժեզրկման մեջ:
Եթե մի փոքր խորհենք այս մասին, կհասկանանք, որ իրականում ոչ թե բառերն են դատարկ, այլ մարդիկ, ովքեր արտասանում են դրանք և լսում: Դատարկ և անարժեք ենք մենք, երբ «ես»-ի և «դու»-ի միջև իրական հարաբերությունները փոխարինում ենք անիմաստ շաղակրատանքով: Այո, այդ այդպես է, սակայն մենք երբեք չպետք է մոռանանք, որ անվստահությունը և հուսահատությունը ինչպես այս, այնպես էլ բոլոր հարցերում երբևէ աշխարհն ավելի լավը չեն դարձրել: Մենք խոսելու հնարավորություն ունենք. սրանով ենք մենք կանգնած մարդկայինի սահմանագծին. անցնել այդ սահմանը, թե՞ ոչ, մեզանից է կախված, մեզ տրված հնարավորությունն օգտագործել և ճանաչել միմյանց, հանդիպել միմյանց շփման մեջ, թե՞ արհամարհել այդ հնարավորությունը, մեզանից է կախված միայն: Մենք դեռևս ունենք այդ հնարավորությունը. արտասանած և լսած խոսքն իրական բովանդակությամբ հարստացնելը մեր ուժերի սահմանում է:

Wednesday, November 30, 2011

Karl Barth: ԱԿՆԹԱՐԹՆԵՐ - ՏՂԱՄԱՐԴ ԵՎ ԿԻՆ


«Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով,
Աստծու պատկերով ստեղծեց նրան,
արու և էգ ստեղծեց նրանց»:
(Ծննդ. 1:27)



     Աստված միության մեջ է ներկա: Միության հիմքն Աստծո մեջ է, քանի որ Աստված իր բնությամբ միայնակ չէ: Վատ է, երբ մարդը մենակ է, քանի որ «լինել մարդ» նշանակում է միության մեջ լինել «ուրիշի» հետ: Ամեն մարդ տղամարդ է կամ կին. այս երկու հասկացությունները նախնական և հավիտենական միության ու հակադրության մեջ են գտնվում: Կինը տղամարդու համար և տղամարդն էլ կնոջ համար այն «ուրիշն» է, ում հետ իրականանում է միությունը, այն ուղեկիցն է, ում Աստված է նախատեսել մեզ համար: Տեսնել այդ «ուրիշին» և տեսնել սեփական արտացոլանքը նրա աչքերում ու հոգում, խոսել նրա հետ և լսել նրան, ընդունել նրա օգնությունը և օգնության հասնել նրան. ահա´ ամենակարևոր մարդկային կարիքը: Այդ միությունը կլինի մարդու համար ի տխրություն կամ հուրախություն` ողջ կյանքի ընթացքում:
     Մարդն առաջին անգամ ճանաչում է ինքն իրեն ուրիշի` իր հավիտենական ճանապարհորդակցի միջոցով` փորձելով պատասխանել նրա հարցերին. «Կարո՞ղ ես ամենայն հանձնառությամբ ասել, թե ապրում ես այնպես, ինչպես մարդուն է հարիր: Կարո՞ղ ես դրանում ինձ այնպես համոզել, որ ես հավատամ քեզ»: Եթե տղամարդը մշտապես հիշեր, որ ամեն ինչից առաջ որպես մարդ պիտի ներկայանա կնոջ աչքերում, ում համար ինքը մի մեծ հարցական նշան է, ապա նա վստահաբար չէր խոսի ու չէր գործի մեծամասնությունն այն ամենից, ինչն ընդունված է համարել զուտ տղամարդկային (կամ էլ կխոսեր ու կգործեր այդ ամենն ընդհանրապես այլ կերպ): Նույնը վերաբերում է նաև տիպիկ կանացի խոսքերին ու արարքներին: Ե´վ տղամարդու, և´ կնոջ համար էլ միայնակությունը և միայն սեփական անձի համար պատասխանատվություն կրելու զգացումը պատահական, արտաքին, ժամանակավոր վիճակներ են: Նրանց իրական, ճշմարիտ կեցությունը «ուրիշի» հետ միության մեջ լինելն է:


Tuesday, November 29, 2011

Karl Barth: ԱԿՆԹԱՐԹՆԵՐ - ՀՈՒՄՈՐ

«...որովհետև պիտի ծիծաղեն»:
(Ղուկ. 1:23)

     Եթե մարդը հումորի զգացում ունի, նշանակում է, որ նրա հոգին քնած, սառած չէ. այն ապրում է և շարժման մեջ է: Հումորն առաջանում է այն ժամանակ, երբ մենք առանձնահատուկ պատասխանատվությամբ զգում ենք մեր բնության երկվությունը. որպես Աստծո որդիներ` մենք պատկանում ենք հավիտենությանը, որպես մարդիկ` մենք ապրում և գործում ենք ժամանակի մեջ:
     Հումորը փակագծերից դուրս է հանում իրականության ողջ լրջությունը. հումորը հայտնվում է իրականության լրջության դեմ մղվող պայքարի մեջ: Բայց այդ պայքարի մեջ մենք` Աստծո որդիներս, չենք կարող միշտ լուրջ մնալ: Աստծո կողմից մեզ համար պատրաստված ապագան հայտնվում է ժպիտով. ժպիտով տխուր, ժպիտով արցունքոտ և ուրախությամբ, որով մենք պետք է ընդունենք լուրջ և տխուր ներկան` այն, ինչ գտնվում է փակագծերի ներսում: Այդ ժպիտը, այդ ուրախությունը. նրանք իրենց մեջ ապագան են կրում: Այդ պատճառով ճշմարիտ հումորը տարբերվում է կեղծից նրանով, որ ճշմարիտի հիմքում իմացությունն ու տառապանքն են ընկած:
     Մենք հանկարծակի տեսնում ենք փակագծերը, որոնցում ինքներս ենք հենց գտնվում: Այսպես է սկսվում հումորը: Այս պատճառով շատ բնական է հումորն ամենից առաջ ինքներս մեր և միայն սրանից հետո ուրիշների վրա բևեռելը: Միայն և միայն այդ ժամանակ է, որ մեր հումորի մեջ չի լինի թույն ու մաղձ, այլ կլինի մխիթարություն և ազատագրում, եթե անգամ մենք այդ հումորն ուղղած լինենք ուրիշների վրա:
     Միայն նա իրավունք ունի ծիծաղելու ուրիշների վրա, ով արդեն ծիծաղել է ինքն իր վրա: Իսկ ով անկեղծ ծիծաղել է, երբ իր վրա են ծիծաղել, նա դիմացել է վերջին ամենադժվար քննությանը: Այս քննությունը շատերն են ամոթանքով ձախողել նրանցից, ովքեր հպարտությամբ իրենք իրենց հումորիստ են անվանել:

Sunday, November 27, 2011

Karl Barth: ԱԿՆԹԱՐԹՆԵՐ - ՍՈՒՏ


«...նրանք փոխանակեցին Աստծու
ճշմարտությունը ստով»
(Հռոմ. 1:25)

     Ի՞նչ է սուտը:
     Այն մարդու մտածումների, խոսքերի ու գործերի ճշմարիտ Վկայի` Հիսուս Քրիստոսի հայացքից խուսափելու և թաքնվելու փորձն է: Մեզանից յուրաքանչյուրի ներսում նստած է խորամանկ, ճարպիկ սուտասանը. նա չի մարտնչում ճշմարտության դեմ և չի վիճարկում այն: Ճշմարտության դեմ պատերազմելը պատանի, անփորձ կամ էլ ծեր, ուժերը կորցրած և որակազրկված սուտասանների բաժինն է:
     Ուժեղ և ինքնավստահ սուտասանը խոստովանում է ճշմարտությունը. ավելին` նա ամեն ժամ խոսում է այդ մասին և հանդես գալիս որպես ճշմարտության նախանձախնդիր պաշտպան, սակայն նրա շուրթերին ճշմարտությունը վերածվում է կեղծիքի. քրիստոնեական ճշմարտությունը նրա ձեռքերում վերածվում է հնազանդ մոմե զանգվածի:
     Ճշմարտությունը խոնարհեցնում է իր սուրը, դառնում անզոր և բնականաբար` անվտանգ: Իսկական սուտը ճշմարտության բուրմունքն ունի: Նրա երեսն ուղղակի փայլում է սրբությունից, նրա լեզվին արդարությունն է, իմաստությունը, սերն Աստծո և մարդկանց հանդեպ: Սուտը տիպիկ քրիստոնեական ձևն է մեղքի: Մենք`քրիստոնյաներս նորից կրծքներս կոծելու.պատճառ ունենք. մեղավոր ենք մենք:
     Ստից ձերբազատվելուց հետո է միայն, որ կարող ենք խոսել դրա մասին: Միայն արգահատելի ցուցադրամոլությունը խոստովանելով ու զղջալով է, որ մենք կարող ենք տեսնել և ընդունել մեր սրտում արժանավոր և ճշմարտացի գծերն այն մարդկանց կյանքի, ովքեր կապ չունեն քրիստոնեության հետ: Ձգտելով բարելավել աշխարհը` մենք պետք է սկսենք մեզանից: Մենք պետք է ձերբազատվենք ստից և փարիսեցիությունից. այդ ժամանակ մեր շուրջն էլ ավելի լուսավոր կլինի: Այո´, մեզանում սուտը դեռ մեծ ուժ ունի, սակայն այն երբեք չի հառնելու Քրիստոսի առաջ: