Showing posts with label Կառլ Բարթ. Show all posts
Showing posts with label Կառլ Բարթ. Show all posts

Thursday, August 23, 2012

Karl Barth: ԱԿՆԹԱՐԹՆԵՐ - ՀԱՎԱՏՔ



ՀԱՎԱՏՔ

«Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»։
/Մարկոս 9:23/

Ի՞նչ է հավատքը: Ի՞նչ է կատարվում այն մարդու հետ, ով հավատում է:
Աստծո խոսքն ազատագրում է այդ մարդուն, քանզի նա այդ խոսքի մեջ մխիթարություն և օգնություն է գտնում իր աշխարհի, իր մտերիմների, ինքն իր համար, նա գտնում է իր տեղն աշխարհում և գիտակցում իր անելիքը: Նոր ծաղկող ծաղիկի համար բնական է դեպի արևը թեքվելը, երեխայի համար բնական է ծիծաղելը, երբ նա լավ ու ծիծաղելի ինչ-որ բան է տեսնում, մեզ` բոլորիս համար բնական է հավատալը: Եվ կարևոր չէ, թե մեր հավատքը փխրուն ու երերուն է, ինչպես առկայծող կրակը: Նա, ով հավատում է, գիտի, որ այդ հավատքն ինքը ձեռք է բերել ո՛չ սեփական ուժերով և ո՛չ սեփական ուղեղով: Նա հավատում է, գիտակցելով, որ անհավատությունն ամբողջությամբ չի լքել իրեն: Նա չի կարծում, որ հավատն ամբողջությամբ գտնվում է իր իշխանության ներքո: Բայց ինչպես հրեաները փրկարար մանանան գտան անապատում, այդպես էլ նա հավատքն ակնածանքով է ընդունում` որպես իր կյանքի յուրաքանչյուր օրվա մեծագույն պարգև: Հարցն այն մասին, թե կա՞ն արդյոք մարդիկ, որոնց համար առավել դյուրին է հավատալը, որոնք, այսպես ասած, ավելի ընդունակ են հավատալու, թեթևամիտ հարց է: Լուրջ հարցն այլ կերպ է հնչում. «Արդյո՞ք մեզ թույլատրելի է համառել մեր կյանքը մթագնող անհավատության մեջ, երբ Աստված Իր խոսքն ու Իր գործերը մեզանից յուրաքանչյուրին է հայտնում, երբ մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում զգացել է Սուրբ Հոգու իշխանությունը: Ցանկանո՞ւմ ենք արդյոք թողնել անիմաստ խաղերը մեր սեփական անհավատության հետ և ապրել ազատության մեջ. ազատություն, որը մեզ տրված է»:

Tuesday, February 21, 2012

Karl Barth: ԱԿՆԹԱՐԹՆԵՐ - ՀԱՄՐՈՒԹՅՈՒՆ


«Շատախոսությամբ չես խուսափի մեղքից…» /Առակ 10:19/


Այն, ինչ մենք խոսում ենք կամ լսում, մեծամասամբ ընդհանուր ոչ մի կապ չունի իրական զրույցի հետ, որտեղ ներկա են «ես-ը և «դու»-ն, որտեղ առկա է սեփական միայնության բանտից դուրս պրծնելու և միմյանց լսելու փորձը: Մեր զրույցների ճնշող մեծամասնությունը ժամանակի դատարկ և բարբարոսական վատնում է, քանի որ խոսելով բացարձակապես չենք ջանում լսել զրուցակցին, ինչպես և չենք ջանում, որ մեզ լսեն: Մենք ինչ-որ բառեր ենք արտասանում, սակայն մեր զրույցի մեջ չենք փնտրում և չենք ուզում գտնել միմյանց: Այսպես մենք խոսում ենք իրար հետ, այսպես զեկույցներ ենք կազմում, քարոզներ խոսում, քննարկումներ վարում: Այսպես գրվում են գրքեր, թերթեր, հոդվածներ: Այսպես մենք լսում ենք և այսպես խոսում: Այսպես դատարկվում է խոսքը և նրանից դուրս է հանվում բովանդակությունը, այն մնում է միայն խոսք և ոչ ավելին, այսպես մենք ապրում ենք անիմաստ, դատարկ բառերի հոսանքի և խոսքի արժեզրկման մեջ:
Եթե մի փոքր խորհենք այս մասին, կհասկանանք, որ իրականում ոչ թե բառերն են դատարկ, այլ մարդիկ, ովքեր արտասանում են դրանք և լսում: Դատարկ և անարժեք ենք մենք, երբ «ես»-ի և «դու»-ի միջև իրական հարաբերությունները փոխարինում ենք անիմաստ շաղակրատանքով: Այո, այդ այդպես է, սակայն մենք երբեք չպետք է մոռանանք, որ անվստահությունը և հուսահատությունը ինչպես այս, այնպես էլ բոլոր հարցերում երբևէ աշխարհն ավելի լավը չեն դարձրել: Մենք խոսելու հնարավորություն ունենք. սրանով ենք մենք կանգնած մարդկայինի սահմանագծին. անցնել այդ սահմանը, թե՞ ոչ, մեզանից է կախված, մեզ տրված հնարավորությունն օգտագործել և ճանաչել միմյանց, հանդիպել միմյանց շփման մեջ, թե՞ արհամարհել այդ հնարավորությունը, մեզանից է կախված միայն: Մենք դեռևս ունենք այդ հնարավորությունը. արտասանած և լսած խոսքն իրական բովանդակությամբ հարստացնելը մեր ուժերի սահմանում է: