Thursday, September 29, 2011

ԱՂԱՆԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


         Յուրաքանչյուր համաշխարհային կրոն ունի իր բազմաբնույթ հարանվանությունները` կրոնական հոսանքները, որոնք ի հայտ են գալիս տվյալ կրոնական շարժման պատմական զարգացման տարբեր փուլերում:
«Նոր Հայկազյան բառարանը», ինչպես նաեւ Ստ. Մալխասյանցի «Բացատրական բառարանը» «աղանդ» բառը ներկայացնում են որպես մոլորություն, նոր հավատք: Հնում «աղանդ» ասելով հասկանում էին ոչ քրիստոնեական կրոնները (ինչպես ըստ Եզնիկ Կողբացու` գնոստիկները, հեթանոսները, պարսից զրադաշտական կրոնը եւ այլն):
Այսօր տոտալիտար` ամբողջատիրական աղանդավորական կազմակերպություն անվանվում է այն կրոնական խումբը, որն առանձնացած է ավանդական եկեղեցու ուսմունքից եւ գտնում է, որ ինքն է միակ ճշմարիտն ու փրկության առաջնորդողը, իսկ մնացած բոլոր կրոնական հոսանքներն ու ճյուղավորումները, այդ թվում նաեւ Քրիստոնեական Եկեղեցին, տանում են դեպի կործանում:
Աղանդավորական կազմակերպություներն անդրադառնում են յուրաքանչյուր նորմալ մարդու հոգեւոր պահանջներին` «կյանքի իմաստի փնտրտուք», «հավատք առ հոգու անմահությունը», «ազատագրում տանջանքներից ու տառապանքներից», «ինքնակատարելագործում» եւ այլն: Սրանք են հենց այն «կեղծ ցուցանակները», որոնցով առաջին հայացքից խաբվում են իրականությունից անտեղյակ մարդիկ:

Միեւնույն համաշխարհային կրոնին պատկանող մարդկանց համախմբում է արժեքների եւ սկզբունքների ընդհանուր ընկալումը, իսկ աղանդավորական խմբակներում` իրենց ուսուցչի բացարձակ հեղինակությունը, որը գերիշխում է անդամների «գերես»-ի վրա, եւ վերահսկում հարաբերություններն աղանդի այլ անդամների հետ: Այստեղից էլ առաջ է գալիս կազմակերպչական մի մեծ տարբերություն. աղանդավորական կազմակերպությունները, ի հակադրություն համաշխարհային կրոնական համակարգերի, ունեն ավելի ամուր, երկաթյա կառուցվածք: Այս կազմակերպությունները ձգտում են ամբողջությամբ տիրանալ մարդուն եւ վերահսկել նրա կենսագործունեության բոլոր ոլորտները: Մարդու «զոմբիացումը» հոգեբանական այն զանազան միջոցներից մեկն է, որը թույլ է տալիս վերահսկել աղանդի անդամի ներաշխարհը, նրա վարքագիծն ու մտածողությունը:


ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՅՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԻՐԵՆՑ ՑԱՆՑԵՐԻ ՄԵՋ ՔԱՇՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ

«Մարդուն ներքաշել աղանդի ցանցի մեջ մինչ նա կհասցնի որեւէ տեղեկություն ստանալ այդ աղանդի մասին». Սա է առաջին պայմանը, որով գործում են բոլոր տոտալիտար աղանդավորական կազմակերպությունները: Քանի որ եթե որեւէ մեկն իրազեկ լինի, թե իրեն ո՛ւր են առաջարկում այցելել, եւ թե այդտեղ ինչպիսի՛ մեթոդներով են աշխատում մարդկանց հետ, դժվար թե ցանկություն հայտնի մասնակցել: Բայց սա դեռ կարելի է ասել «երեխայական փոքրիկ չարաճճիություններ են» հոգեբանական այն ծրագրավորման հետ համեմատած, որի հետեւանքով աղանդավորական կազմակերպությունների առաջնորդները խմբի անդամների գիտակցությունն ամբողջովին ղեկավարելու հնարավորություն են ստանում:
Անդամակցությունն այս խմբերին երկու համագործակցող եւ փոխշաղկապված գործոններով է պայմանավորված. առաջինը` «որսի»` հավաքագրման ենթարկվողի անձնական խոցելիության աստիճանն է. երկրորդը` աղանդավորական խմբերի գործիչների նախընտրած մարտավարությունը` մարդկանց իրենց ցանցերում ներգրավելու եւ այստեղ մշտապես հաստատելու համար:
Այս խմբավորումների գործիչները չափազանց դյուրությամբ կարողանում են որոշել եւ գնահատել անձի հոգեբանական վիճակն ու ամենից հաճախ դիմում են այն մարդկանց, ովքեր տվյալ պահին գտնվում են անսովոր, անկայուն կամ անցանկալի սոցիալ-հոգեբանական վիճակներում: Այսպիսի վիճակում կարող են լինել մարդիկ, ովքեր օրինակ` մեկնել են հանգստի, ուսանողներ (հատկապես առաջին եւ վերջին լսարանների), նոր կենսաթոշակի անցած մեծահասակները կամ երկար ժամանակ միայնակ մնացած ու սիրո եւ ջերմության պակաս ունեցող, իրենց ճգնաժամն ապրող համառ դեռահասներ, մի խոսքով` ցանկացած մարդ, ով սթրես է ապրում (հիվանդություն, հարազատի մահ, ամուսնալուծություն, սոցիալական խնդիրներ եւ այլն), գաղթականներ, փախստականներ, անաշխատունակ անձինք: Վերը թվարկված բոլոր անձինք կարիք ունեն ընկերական, բարեկամական ջերմ միջավայրի եւ փնտրում են այդպիսի կապեր:

ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՏԱԿՏԻԿԱՆ

Ամերիկացի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքում ստանում ենք աղանդավորական կազմակերպությունների հավաքագրող գործիչի հետեւյալ բնութագրումը`

Սա ամենաբարեհամբույր մարդն է, ում դուք երբեւէ հանդիպել եք:
Այս մարդը ՉԱՓԱԶԱՆՑ հետաքրքրված է այն ամենով, ինչ եւ ձեզ է հետաքրքրում:
Սա այն մարդն է, ով պատրաստ է ոտքից գլուխ ձեզ պարուրել հաճոյախոսություններով ու վստահ է ձեր ուժերի եւ կարողությունների վրա:
Սա այն անձն է, ով ունի ձեր բոլոր հարցերի պատասխանները:

Եթե հավաքագրողը խոսակցության ընթացքում զգաց, որ «որսն» ունի բավական խոցելիության աստիճան եւ պատրաստ է «կուլ տալ խայծը», նա շարունակում է զրույցը` այն ավելի հետաքրքիր դարձնելով, եւ զրուցակցին գրավում է հիմնականում հետեւյալ կերպ.

ա. Ցուցաբերում է հոգատարություն անձի հանդեպ` արտահայտելով զարմանալի իրազեկություն նրա իսկ հոգեկան, հուզական վիճակի եւ զգացումների մասին, ինչն էլ ստիպում է, որ «որսն» զգա, թե իրենով հետաքրքրվում են եւ իսկապես հասկանում իր հոգեվիճակը, ինչը չէին կարողացել անել, օրինակ, իր բոլոր հարազատներն ու բարեկամները:

բ. Ցուցաբերում է հետաքրքրվածություն դիմացինի արտահայտած մտքերի, հույզերի, հույսերի եւ նպատակների նկատմամբ:

գ. Հավաքագրողը դիմացինի հետ կապը պաշտպանում է ինչպես աչքերի, այնպես էլ ֆիզիկական սերտ դիրքի միջոցով:

դ. Հավաքագրողը հմուտ կերպով դիմացինից տեղեկություն է կորզում վերջինիս ներկա հոգեվիճակի, զբաղվածության եւ առօրյայի մասին:

Այս ամենի հետ մեկտեղ հավաքագրողը, շատ անգամ խոսակցության ընթացքում վարպետորեն ստելով, բացահայտում է մի շարք թվացյալ հակասություններ դիմացինի մտքերի մեջ, ապա այդպիսով առաջացնում հուզական ապակայունացված վիճակ: Իսկ քանի որ ինքն արդեն «որսի» մոտ ունի ձեւավորած վստահություն, առաջարկում է իր օգնությունն այդ հակասություններից ազատվելու եւ ճիշտ ճանապարհի վրա կանգնելու համար:
Այն բանից հետո, երբ հաջողվում է անօգնական «որսին թակարդը» գցել, աղանդավորական խմբակի գործիչներն սկսում են հոգ տանել նրան ցանցում հաստատելու, զոմբիացնելու, այսպես ասած, ուղեղի լվացում կատարելու եւ խմբի հետ հավերժ կապելու մասին:
Համեմատելով մի շարք գիտնականների առաջ քաշած վարկածներն աղանդավորական կազմակերպությունների որդեգրած այս գործընթացի մասին` մենք ունենում ենք հետեւյալ ընդհանուր պատկերը.

Սկզբում իրականացվում է «սիրո ռմբակոծում»: Պարզվում է, որ այստեղ բոլորն անչափ սիրում են նորեկին, բոլորը պատրաստ են նրան օգնելու, բոլորը փոխադարձաբար ժպտում են իրար, երջանիկ են եւ ուրախ: Այստեղ նորեկը հասկանում է նաեւ, որ Աստված եւս սիրում է իրեն, պարզվում է, որ ինքն ընտրված է միգուցե մի մեծ գործի համար: Այստեղ նրան հայտնում են, որ երկիրը խեղդվում է մեղքերի մեջ, եւ միայն այս խմբակն է, որ փրկության ճանապարհին է, միայն այստեղ է, որ մարդիկ սիրում են իրար: Նորեկները, ընկնելով այս «ռմբակոծման» տակ, կորցնում են բոլոր կասկածները եւ կարիք են ունենում խմբին միանալու: Օգտագործվում են մանկական խաղեր, խմբակային երգեր, գրկախառնումներ, հպումներ եւ շողոքորթություններ:

Նորեկին թույլ չեն տալիս մենակ մնալ, որպեսզի ժամանակ չունենա մտածելու: Ընդհակառակը, չափազանց շատ ծանրաբեռնում են նրա ընկալման կենտրոնները եւ հատկապես լսողությունն ու տեսողությունը: Այդպիսով, կարճ ժամանակահատվածի ընթացքում նրա նախկին արժեքներն սկսում են վերանալ:

Իրականացվում է խմբակային հոգեբանական ճնշում: Այսինքն` ողջ խումբը, համոզված լինելով, որ ճշմարտությանն է հետեւում, նորեկին որեւէ մեկի հետ կասկածանք հարուցող հարցեր քննարկելու հնարավորություն չի տալիս:

Նորեկը պիտի ընդունի, որ իր ամբողջ անցյալն իրականում սխալ էր եւ խավար, նա պետք է հրաժարվի դրանից, անցյալում եղած կապերից ու հիշողություններից, իր հարազատներից ու ընկերներից, ովքեր, պարզվում է` ոչ թե իրեն լավություն էին անում, այլ չարիք էին ցանկանում:

Այսպիսով, մարդը, կորցնելով իր անցյալը, նմանվում է tabula rasa-ի, որի վրա արդեն կարելի է գրել նոր տողեր, նոր ուսմունք, այսինքն` իրականացնել նոր վարդապետության ներմուծում (ինդոկտրինացիա):

Տրանսի վիճակ առաջացնող մեթոդիկայի օգտագործում եւ ուսուցանում: Սրա մեջ մտնում են մեդիտացիան, մոնոտոն երգեցողությունը, լեզվախոսությունը (հոգեխոսություն, այսինքն` ոչ կապակցված եւ անիմաստ ձայնարկությունների արտաբերում խմբակային կամ անհատական էքստազի վիճակում), ինքնահիպնոզը, վառ մտավոր պատկերների կառուցումը (վիզուալիզացիա), արյան մեջ թթվածնի քաղցի կամ գերհագեցածության բերող շնչառական հատուկ վարժությունները, որոնց հետեւանքով փոխվում է նաեւ գլխուղեղի աշխատանքը: Այս մեթոդներն օգտագործելով հատկապես նորեկներին գերելու համար` աղանդի առաջնորդները վերջիններիս մոտ առաջացնում են այն կարծիքը, որ իրենք հաղորդակցվում են աստվածային եւ կամ վերերկրային ուժերի հետ: Սրանց հետեւանքով վերանում են կասկածները եւ մեծանում է նորեկներին առավել արդյունավետ կերպով ներշնչելու հնարավորությունը` հետագա գաղափարաբանական ներարկումներ կատարելու համար: Իսկ բարձր հուզականության տեր անձինք այս մեթոդների կիրառման  հետեւանքով, շատ անգամ նույնիսկ հոգեկան շեղումներ են ունենում:
Իրականացվում է խմբի յուրաքանչյուր անդամի շրջապատող միջավայրի ճշգրիտ կառուցում, հսկվում են հարաբերությունները եւ չեն թույլատրվում կապերը խմբից դուրս, որի արդյունքում խմբի անդամները ձեռք են բերում կախվածություն ամբողջ կազմակերպությունից, քանի որ դրանից հեռանալու դեպքում նրանք ստիպված կլինեն կանգնել միայնության անդունդի առջեւ: Սրանով աղանդավորական խմբի անդամը ձեռք է բերում նաեւ թշնամական վերաբերմունք խմբից դուրս գտնվող աշխարհի հանդեպ:

Կատարվում է տեղեկատվական վերահսկում: Օրինակ` շատ աղանդներում հրաժարում եւ tabu է դրվում տեղեկատվական արտաքին աղբյուրների` ռադիոյի, հեռուստատեսության, թերթերի եւ այլ միջոցների վրա: Թույլ է տրվում միայն կարդալ ու լսել այն ամենը, ինչը հանձնարարվում է աղանդավորական խմբի ղեկավարների կողմից, իսկ այդ առաջադրանքները հաճախ այնքան շատ են, որ երբեմն ժամանակի մեծ մասը տրամադրվում է միայն դրանց: Սա նպաստում է այն բանին, որ խմբի անդամները, հնարավորություն չունենալով հավաստի եւ ստույգ տեղեկություններ ստանալու իրենց կազմակերպության մասին, կարող չլինեն իրավիճակն անաչառորեն գնահատելու եւ ընդդեմ խմբի որոշումներ կայացնելու:

Օգտագործվում են խորհրդավոր մանիպուլյացիաներ, օրինակ` նախապես ծրագրավորված գործողություններ, որոնց տրվում են անհրաժեշտ իմաստային բացատրություններ: Դրանցից են, օրինակ, հիվանդություններից առողջացման տեսարանները, որտեղ ապաքինվողները միայն շատ լավ դերասաններ են եւ ոչ ավելին: Սրանց մոտ հատկապես լավ է ստացվում անդամալույծների բժշկումը, երբ քիչ առաջ փողոցում քայլող մարդն ընդունում է խղճուկ հաշմանդամի տեսք եւ աղանդի ղեկավարի ձեռքի հպումից կամ աղոթքից հետո հանկարծ հրաշքով ոտքի է կանգնում իր սայլակից:

«Մաքրություն». նորեկներին եւ ընդհանրապես խմբի բոլոր անդամներին հաղորդում են, որ աշխարը բաժանված է երկու` «մաքուր» եւ «պիղծ», «լավ» եւ «վատ» մասերի: Եվ պարզվում է, որ իրենց խումբը «լավն» է ու «մաքուր», իսկ ինչ-որ դուրս է դրանից, «վատ» է եւ «պիղծ»: Սրա հետեւանքով նորեկն ավելի ու ավելի է կապվում խմբին, իսկ խմբի ղեկավարի խոսքերն իրականության հետ համեմատելն ու համադրելն այլեւս անհնար է դառնում:

Աղանդավորական կազմակերպություններում գոյություն ունի նաեւ պարտադիր խոստովանության կարգ: Խմբի յուրաքանչյուր անդամից պահանջվում է ունենալ մշտական մեղավորության զգացում եւ կատարած սխալների, մեղքերի անդադար, հրապարակային խոստովանություն` խմբի մնացած անդամների ներկայությամբ: Սրա հետեւանքով խմբի անդամը դառնում է առավել խոցելի, նա վախենում է աղանդը լքելու դեպքում շանտաժի ենթարկվելուց: Սա շատ անգամ նաեւ խոստովանողի վրա ազդում է դրական կերպով. խոստովանողը թեթեւություն է զգում իր սխալները հրապարակավ հայտնելով եւ «ներում» ստանալով: Այսպիսով` կախվածություն է առաջանում նաեւ այս գործողության հանդեպ, եւ աղանդավորը միշտ ձգտում է բավարարել իր պահանջը, որն է՛լ առավել ամրացնում է կապն աղանդի հետ:

«Սուրբ ուսմունք»: Կատարվում է խմբի ուսմունքի բացարձակ եւ հավերժական ճշմարտություն լինելու հայտարարություն: Ցանկացած տեղեկություն, որը դեմ է այս բացարձակ ճշմարտությանը, մերժվում է. դա չարից է` Սատանայից: Շատ աղանդավորներ ի պատասխան քննադատների բերած անհերքելի փաստերի, ասում են. «Ժամանակը ցույց կտա ամեն ինչ», իսկ իրենց մեջ կասկածները վերացնելու նպատակով շեշտում են, որ «յուրաքանչյուր երկմտանքի արմատը Սատանան է»: Որոշ աղանդավորական կազմակերպություններ անգամ ասում են, որ եթե մեկն ուզում է իմանալ ճշմարտությունը, պետք է չհենվի իր բանականության վրա, մերժի այն ու դուրս գա դրա սահմաններից: Այսպիսով ստացվում է այնպես, որ աղանդավորական խմբակի անդամներն ունենում են մեղքի զգացում կասկածանքների կամ իրենց ինտելեկտուալ ունակություններն օգտագործելով խելացի դատողություններ անելու կարողության հանդեպ: Շատերն անգամ իրենց միտքն սկսում են համարել Սատանայի գործիք:

Լեզու: Ջորջ Օրուելն իր «1984» վեպում գրում է. «Ով վերահսկում է մարդու լեզուն, նա վերահսկում է նաեւ նրա գիտակցությունը»: Ցանկացած աղանդավորական կազմակերպության հատուկ է տվյալ խմբին յուրահատուկ լեզվական բառապաշարի ձեւավորումը` նպատակ ունենալով այդպիսով կասեցնել ինքնուրույն եւ քննադատական մտածողության սկիզբը: Աղանդավորական կազմակերպություններից ներս մեզ համար սովորական բառերն ստանում են այլ իմաստ: Օրինակ` շատ խմբերում «բանականություն» բառն ստացել է անցանկալի մտքեր, մարդու մեջ վատ սովորություններ խորհրդանշող բառի իմաստ: «Երկիր» բառը վերաբերում է այն ամենին, ինչ գտնվում է խմբից դուրս եւ հետեւաբար անընդունելի է եւ ոչ մաքուր: Կան աղանդներ, որոնք անգամ ստեղծում են իրենց խոսքին հատուկ բառարաններ, որոնք լի են բառերի անիմաստ բացատրություններով: Սրանով, փաստորեն անդամն ի վիճակի չի լինում այլեւս բանական կերպով խոսելու եւ մտածելու: Նաեւ դժվարանում ու գրեթե անհնարին է դառնում կապն արտաքին աշխարհի ներկայացուցիչների հետ: Մնում է միայն շարունակել հաղորդակցությունը խմբի ներսում:

Հատկանշական է նաեւ աղանդավորական կազմակերպությունների առաջնորդների կողմից կարդացվող քարոզը, որն աչքի է ընկնում մտքերի եւ նախադասությունների անիմաստությամբ եւ անկապակցվածությամբ: Եվ սրանում եւս իմաստ կա: Չէ՞ որ այս դեպքում մարդը կարիք չունի լարվելու խոսքն ընկալելու համար: Պետք է նշել նաեւ, որ կարդացվող քարոզներն արտասանվում են չափազանց միատոն:

Յուրաքանչյուր աղանդավորական կազմակերպության դոկտրինան` ուսմունքը, առավել ճշմարիտ եւ վեր է անձի անհատական փորձառությունից ու մտածողությունից, այն երբեք չի սխալվում: Իսկ եթե, օրինակ, խմբի անդամներին խոստացվում է խաղաղություն, փրկություն կամ առողջացում հիվանդություններից, սակայն ոչինչ չի իրականանում, նշանակում է` աղանդի անդամն է մեղավոր: Նրան կասեն. «Սիրելի եղբա՛յր, եթե մի քիչ ավելի ուժեղ ջանաս, ավելի մեծ սիրով ու հավատքով տրվես` կստացվի»: Որոշ խմբերում էլ անգամ եթե դու չես առողջացել, միեւնույն է, ստիպված ես պնդելու, որ առողջացել ես. չէ՞ որ հակառակ դեպքում դու քո խոսքով իսկ արդեն նպաստում ես այն բանին, որ ցանկությունդ չիրականանա:

Աղանդավորական խմբի ներկայացուցիչներն իրավունք չունեն արտասանելու այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են օրինակ` «ես կարծում եմ», «ես ճիշտ եմ համարում» եւ այլն: Նրանք, ինչ կարծիք էլ որ ունեն, այն միշտ պարտադրված է խմբի ուսմունքով:

Որոշ աղանդավորական կազմակերպություններում ղեկավարվում է նաեւ անդամների սեռական ու ընտանեկան կյանքը: Աղանդի առաջնորդն ինքն է որոշում եւ պարտադրող «խորհուրդ» տալիս այս կամ այն անդամին խմբի մեկ այլ անդամի հետ ունենալիք հարաբերությունների (հիմնականում ամուսնություն) պարագային:
         Եթե սրանց էլ ավելացնենք քնին հատկացվող շատ կարճ ժամանակը (որոշ աղանդավորական խմբակներ համարում են, որ քնած ժամանակ մարդը բաց է չար էներգիաների համար, եւ նրանք կարող են ներխուժել նրա մեջ), չափազանց խիստ պահեցողությունը (տրվում են հոգեւոր նորանոր բարձունքների հասնելու համար) եւ մարդորսության նպատակով անդադար վազվզոցը (սրանք ունեն քարոզչությամբ զբաղվելու իրենց հատկացված ժամերը եւ պետք է պարտադիր լրացնեն այն), ապա պարզ կդառնա, որ մարդը, որ ընկել է աղանդավորական այսպիսի կազմակերպության մեջ, որոշ ժամանակ անց կկորցնի իր ինքնությունն ու բարոյական արժեքները եւ կդառնա զուտ կատարող գործիք աղանդավորական տվյալ կազմակերպության առաջնորդների ձեռքում, ովքեր լավ գիտեն, թե ինչպե՛ս պետք է օգտագործեն այդ պատրաստի «զոմբիին»: 

2 comments:

  1. Շատ լավ ու ճիշտ հոդված է:

    ReplyDelete
  2. Շնորհակալություն... տարածեք, որ շատերն իմանան...

    ReplyDelete