Tuesday, September 27, 2011

ԿՐՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐ


Որևէ կրոնական ուղղություն ուսումնասիրելու համար շատ կարևոր է նախնական գիտելիք ունենալ կրոնների ծագման մասին: Եթե կրոնական գիտակցություն ունեցող մտածողները համոզված են, որ կրոնն Աստծո կողմից մարդուն տրված հայտնություն է և որ այն յուրաքանչյուր մարդու մեջ դրվում է ի ծնէ, ապա միայն բնական գիտություններին ապավինող և մարդկայնորեն մտածող գիտնականները բազում քննդատական դրույթներ են առաջ քաշում ընդդեմ այս գաղափարի: Բոլոր այդ հակառակ դրույթներն ընդհանուր բնորոշմամբ կարելի է բնութագրել ֆոյերբախյան <<Աստված չի ստեղծել մարդուն, այլ մարդն է ստեղծել Աստծուն>> հայտնի խոսքով (նույն կարծիքին էին նաև Վոլտերը և շատ ուրիշներ): Այս իսկ պատճառով մինչ մեզ համար ընդունելի և ճշմարիտ տարբերակի մասին խոսելը, անդրադառնանք աթեիստական առավել շատ տարածում գտած որոշ դրույթների:

ա. Նատուրալիստական (բնապաշտական) վարկած


Նատուրալիստական հիպոթեզը (լատ. natura-բնություն) առաջադրվել է դեռևս հռոմեացի փիլիսոփա Լուկրեցիոսի կողմից (ն. Ք. Ա դար): Նա պնդում էր, որ Աստծո և կրոնի մասին գաղափարներն ստեղծվել են բնության տարերքների և օրենքների մասին մարդու նտեղյակության հետևանքով առաջացող վախերի արդյունքում (timor primus ecit deos վախն ստեղծեց առաջին աստվածներին): Սա զուտ հոգեբանական փաստարկ է, որը սակայն այնքան էլ հավաստի չէ, քանի որ մարդը միշտ չէ, որ ձգտել է աստվածացնել այն ամենը, ինչից վախեցել է. ընդհակառակը` վախի դեպքում մարդուն բնորոշ է փախուստը, հեռացումն այն առարկայից կամ երևույթից, որը տվյալ պահին վախի զգացողության հարուցիչ է: Մարդ արարածը շատ երևույթներից էր վախենում, բայց աստվածացնում էր դրանցից թերևս ամենաանվնաս առարկաներն ու կենդանիները (քարեր, ծառեր և այլն): Աստծո և կրոնի գաղափարի առաջացման պատճառ չէր կարող լինել նաև մարդու գիտական զարգացածության ցածր մակարդակը, քանի որ նախամարդը սեփական կարողությունների մասին պետք է որ ունենար սուբյեկտիվ պատկերացում, որն անգամ կարող էր լինել ավելի բարձր, քան բազմաթիվ անլուծելի խնդիրներով ծանրաբեռնված այսօրվա մարդու պատկերացումը սեփական զարգացածության աստիճանի մասին: Այս առումով ետաքրքրական է հետևյալ օրինակը. ուսումնասիրողը հարցնում է Սումաթրա կղզու տեղաբնիկներից մեկին.
- Երբևէ գիշերը անտառում քայլե՞լ ես:
- Այո’, հաճախ:
- Արդյոք տարօրինակ ձայներ չե՞ս լսել այնտեղ:
- Այո’, լսել եմ:
- Եվ ի՞նչ մտածեցիր:
- Ծառերն են խշշում:
- Իսկ բղավոցներ, ոռնոց չե՞ս լսել:
- Լսել եմ:
- Եվ ինչ մտածեցիր:
- Գազաններն էին:
- Իսկ եթե դու չգիտես, թե որ գազանն է ձայն հանում:
- Ես գիտեմ բոլոր գազանների ձայները:
- Նշանակում է դու գիշերն անտառում չե՞ս վախենում:
- Ոչ:
- Եվ դու այնտեղ երբեք քեզ անծանոթ վախենալու որևէ բան չես տեսել:
- Ոչ, երբեք:

Բնականաբար այսպիսի տրամաբանություն ունեցող մեկի համար Աստծո գաղափարի անհրաժեշտություն բնավ էլ չի զգացվի: Բացի այս, գիտությունը մի հարյուրամյակ չէ, որ գոյություն ունի. մարդը տեսնում է, որ իր գիտությունն ավելի ու ավելի է զարգանում և շատ ու շատ առեղծվածներ են բացահայտվում, սակայն այնուամենայնիվ, սա չի խանգարում, որ մարդ արարածը շարունակի մնալ կրոնական էակ: Նատուրալիստական վարկածը բացարձակապես չի կարող բացատրել թե շրջակա նյութական աշխարհի տեսանելի որևէ առարկայի հանդեպ մարդու ունեցած վախը (կամ հակառակը` հիացմունքը, զարմանքը) ինչպես կարող էր նույն այդ մարդու մեջ առաջացնել հիմնովին տարբեր մի կերպարի` Աստծո գաղափարը, որը ոչ նյութական էր, ոչ տեսանելի, ոչ շոշափելի: Ուրեմն, եթե այս աշխարհում եղած որևէ նյութական առարկա անկարող է ազդած լինել Աստծո կերպարի և կրոնի գաղափարի ստեղծման վրա, ապա հասկանալի է, որ մարդու հոգում եղած դեպի Աստված ձգտումն է ստիպում, որ տարբեր մարդիկ, տարբեր վայրերում ունենային կրոնական ապրումներ և ավելին` աստվածացնեին նյութական տարբեր առարկաներ, կենդանիներ:

բ. Անիմիստական (ոգեպաշտական) վարկած

Անիմիստական վարկածը (լատ. animus - ոգի) առաջ քաշվեց և զարգացվեց XIX դարի անգլիացի ազգագրագետ Է. Թեյլորի կողմից (1917թ.): Թեյլորը կրոնը հիմնականում պատկերացնում էր որպես հոգևոր էակների հանդեպ ունեցած հավատք` անիմիզմ: Անիմիստական հավատալիքների արմատները Թեյլորը գտնում էր մարդու կողմից այնպիսի երևույթների բացատրությունը չունենալու մեջ, ինչպիսիք էին քունը, երազները, հիվանդությունները, ուշաթափությունները, մահը և այլն: Փորձելով բացատրել այս երևույթները` <<գիշատիչ-փիլիսոփաները>> Թեյլորի կարծիքով սկսեցին պատկերացնել հոգին իբրև փոքրիկ մի կրկնօրինակ, որը նստած է ամեն մարդու մեջ, և այս ամենն սկսեցին վերագրել նաև կենդանիներին ու առարկայական անշունչ աշխարհին և համարեցին, որ կենդանական աշխարհում և բնության մեջ ամեն ինչն ունի հոգի: Այս գաղափարի վրա զարգացավ դիցաբանությունը, ապա նաև կրոնական այնպիսի բարձր վիՃակներ, ինչպիսիք էին պոլիթեիզմը (բազմաստվածությունը), մոնոթեիզմը (միաստվածությունը) և աստվածաբանական այլ ուսմունքները: Այս ուսոմունքն առավել անհիմն է, քանի որ

1. բավականին կասկածելի է թվում այն հանգամանքը, որ բոլոր մարդիկ չէին տարբերում քունը, երազներն իրականությունից և այդքան ցածր աստիճանի զարգացածությամբ նույն այդ մարդիկ կարող էին այդպիսով հասնել Աստծո գոյության գաղափարին և կրոն ստեղծել:

2. եթե անգամ ընդունենք, որ մարդիկ իսկապես իրենց զարգացման նախաշեմին ընդունում էին անիրականը իրականության փոխարեն, միևնույնն է. սա դեռ չի բացատրում այն հանագամանքը թե ինչպես կարող էր այդ ամենը կրոնական ապրում առաջացնել: Չէ՞ որ որևէ երևույթի իրական լինելը դեռ նույն այդ երևույթի աստվածացման պատճառ չէ:

3. երազներ տեսնելու ունակությունը մարդն ի ծնէ ունի, և այն սովորական երևույթ է նրա համար: Երազներ տեսնում են անգամ կենդանիները:

4. շատ կասկածելի է նաև անիմիստական վարկածի կողմից առաջադրվող կրոնի ընդհանրականությունը: Մենք գիտենք, թե որքան դժվար է որևէ մեկին համոզել հավատալու այս կամ այն երևույթին, որը դուրս է մեր իրականությունից` աշխարհի կյանքից: Եվ առավել կասկածելի է դառնում այն կարծիքը, թե մի քանի հոգու երազների, երևակայության, տեսիլքների հետևանքով Աստծո գոյությանն սկսեցին հավատալ ոչ թե մի քանի ընտանիք, ցեղախումբ, այլ ողջ մարդկությունը: Անիմիստական հիպոթեզի թերի և հնացած լինելն անգամ ընդունում էին հենց
իրենք` աթեիստները:

գ. Ֆոյերբախի հիպոթեզ

Ըստ Ֆոյերբախի` կրոնը մարդու և բնության ինչ-ինչ հատկանիշների կերպարանավորումն է, անձնավորումը և դրանց աստվածացումը: Ի՞նչ է հոգին: Հոգին մարդու հոգևոր գործունեությունն է, որը նույն այդ մարդու երևակայության և լեզվի միջոցով ստացել է առանձին անձնավորված գոյություն: Իսկ թե ինչպես էր այս ամենը տեղի ունենում, Ֆոյերբախը բացատրում էր հետևյալ կերպ. մարդիկ, չիմանալով մտածողության և երևակայության մեխանիզմների մասին, սկսում են աստվածացնել իրենց իսկ հատկությունները: Մարդն իր մարմնի մաս կազմող գլխի աշխատանքն սկսում էր վերագրել աստվածային ինչ-որ ուժի և անձնավորում էր այդ հատկությունները: Այսինքն` ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Ֆոյերբախը առաջ քաշեց մարդու աստվածացման գաղափարը. այն, որ մարդ ինքն իրեն է աստվածացնում: Ինչպես նշում է ռուս մտածող Բուլգակովը` Homo homini Deus est: Ֆոյերբախի տեսությունն ըստ էության ոչ թե աթեիստական էր, այլ ավելի անտրոպոթեիստական` ընդդեմ թեիզմի: Մարդկային ցեղն աստված էր առանձին մարդու համար: Ֆոյերբախին քննադատեցին հենց իր իսկ դպրոցի ներկայացուցիչնրը: Այն, որ Աստված մարդու երևակայության, աբստրակցիայի (վերացարկում) և ինչ-ինչ հատկությունների անձնավորումն է, հավասար է ողջ մարդկությանը խելագարության մեջ մեղադրելուն: Եվ իսկապես. ինչպիսին պիտի լինի մարդ, եթե ոչ խելագար, որպեսզի աստվածացնի այն ամենը, ինչն իրականում գոյություն չունի և ամեն կերպ իր կյանքը կապի դրան:

դ. Սոցիալական հիպոթեզ

Վերջին խոսքն ընդդեմ կրոնի աստվածային ծագման: Սոցիալական վարկածն առաջ է քաշում հետևյալ վարկածները.

1. Կրոնը որպես հասարակական գիտակցության ձև արդյունք է հասարակության պատմական զարգացման: Կրոնական պատկերացումների առաջացումը բացատրվում է բնության հետ պայքարի մեջ մարդու ունեցած տկարությամբ, դասակարգային ճնշվածությամբ և այլն:

2. Արտադրողական ուժերի ցածր զարգացվածության հետևանքով մարդիկ զրկված
էին իրենց գոյությունը պահպանելու մշտական աղբյուրից, ինչն էլ իր հերթին ստիպում էր, որպեսզի մարդու մոտ ձևավորվեր այն գիտակցությունը, թե ինքն ամբողջովին կախված է բնության ուժերից, և որ այդ ուժերն էլ հենց աստվածներն են:

3. Բայց այսքանի հետ մեկտեղ Սոցիալական հիպոթեզը պնդում է նաև, որ մարդու կրոնական պատկերացումներ կարող էին առաջանալ պատմական զարգացման որոշակի շրջանում միայն, երբ մարդ արարածի մոտ առաջ եկավ աբստրակցիայի, երևակայության ունակությունը, որի օգնությամբ մարդն արդեն կարող էր իր գիտակցության մեջ երևակայությամբ արտացոլել իրեն շրջապատող իրականությունը և դրան վերագրել գերբնական, վերերկրային հատկանիշներ:

Այս վարկածը ևս լուրջ քննադատություն չի կարող համարվել, քանի որ ժամանակակից գիտության մեջ կրոնի առաջացման ժամանակային որևէ հստակ սահման տրված չէ: Գոյություն ունեն բավական իրարամերժ փաստարկներ հենց աթեիստական գրականության մեջ: Ուներ արդյո՞ք կրոնական պատկերացումներ նախամարդը, թե ոչ, այդպես էլ չի հաջողվում պարզել: Գիտությանը հայտնի է որ մարդիկ սկսել են թաղումներ կատարել միայն 100.000 տարի մեզանից առաջ: Իսկ թե սրանից առաջ ինչպիսին են եղել մարդկանց պատկերացումները, ոչինչ հայտնի չէ: Ամեն դեպքում, որքան որ ժամանակակից էթնոգրաֆիայի (ազգագրության) հնարավորություններն են թույլ տալիս (ուսումնասիրություններ կատարել մեզանից մինչև 150.000 առաջ), պարզ է դառնում, որ մարդիկ ունեցել են կրոնական պատկերացումներ: Այսօրվա գիտությունը մեզ թույլ չի տալիս պնդել նաև, որ նախամարդն իրեն առավել անզօր է զգացել բնության հանդեպ, քան մեր ժամանակի զարգացած մարդը: Իսկ ինչ վերաբերում է դասակարգային ճնշվածությանը, պետք է նշել որ ազգագրական հետազոտությունների հետևանքով պարզ է դառնում, որ դասակարգային բաժանումներն սկսվում են մեզանից մոտ 6.000 տարի առաջ, այնինչ մարդկանց կրոնական պատկերացումներն ավելի հին են (ամենաքիչը 35-40.000 տարի): Եվ վերջին կռվանը, որ առաջ է քաշում սոցիալական հիպոթեզը, կապված երևակայության, աբստրակցիայի ունակության հետ, ևս լուրջ քննադատություն չի կարող համարվել, քանի որ այսօր էլ աշխարհում կան ցեղախմբեր, որոնք զուրկ են, կամ համենայն դեպս, ունեն երևակայության, աբսրակցիայի չափազանց ցածր աստիճան, սակայն, այսքանով հանդերձ, այս ցեղախմբերը ևս ունեն իրենց տեղական աստվածություններն ու պաշտամունքային արարողությունները: Նշանակում է, որ երևակայելու ունակություն չունենալը մարդ արարածին բնավ էլ չի խանգարում կրոնական ինչ-ինչ պատկերացումներ ունենալ:

ե. Ճշմարիտ վարկած

Այս ամենից պարզ է դառնում, որ իրականում յուրաքանչյուր մարդու մեջ, սկսած իր
ծննդյան օրվանից, ինչ-որ գերբնական ուժի կողմից դրված են Աստծուն փնտրելու և կրոնական հակումների սերմերը: Այսինքն` կրոնը <<երկրային>> ստեղծագործություն չէ, մարդու կողմից հորինված երևույթ չէ, այլ Աստծո կողմից տրված հայտնություն է: Կրոնը Աստծո հտ անմիջական կապն է, որը տրվել է մարդուն հենց Աստծո կողմից: Կրոնը մարդու և Աստծո միջև եղած անմիջական կապը կարգավորող համակարգն է: Այլ հարց է, որ տարբեր ժամանակաշրջաններում մարդիկ` կախված իրենց զարգացածության աստիճանից, տարբեր կերպ են ընկալել ու պատկերացրել Աստծուն և կրոնն ընդհանրապես: Մեզ համար կրոնի բարձրագույն և ճշմարիտ տարբերակն է Քրիստոնեությունը, որի մեջ Աստված վերջնականապես հայտնվեց մարդկանց և որից հետո որևէ նոր Աստվածային հայտնության կարիք չկա:

No comments:

Post a Comment