Saturday, September 15, 2012

«ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՅՐԵՐ»


Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, եւ ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ,
տաքացե՛ք եւ հագեցե՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները,
ի՞նչ օգուտ է։

Հակոբոս 2:15-17


Ճեմարանական տարիներից սկսած ամբողջ Աստվածաշնչում մի գիրք կա, որ ամեն անգամ կարդալիս և՛ ուրախանում եմ, և՛ տխրում, և՛ ոգևորվում, և՛ խորապես մտահոգվում. Հակոբոսի Առաքյալի Ընդհանրական թուղթն է այն: Ես ուրախանում եմ, տխրում, ոգևորվում և մտահոգվում, որովհետև Հակոբոսն անվարան կերպով գովաբանում է ցանկացած առաքինի քայլ և առավել խստությամբ պախարակում քրիստոնեական կեցվածքին անհարիր ցանկացած արարք… Նա խոսում է փորձության մասին, աղքատության և հարստության մասին, հարուստներին եկեղեցում քծնողաբար ավելի մեծ պատիվ տալու մասին, նա խոսում է անսանձ լեզվի մասին, մեղավոր աշխարհի հետ բարեկամություն անելու մասին, պարծենկոտության մասին, համբերության և աղոթքի, մեղքերը միմյանց խոստովանելու և միմյանց համար աղոթք անելու մասին: Եվ ինձ բնավ չի հուզում, թե պատմական անցյալում կային ոմանք, ովքեր կտրականապես մերժում էին Հակոբոսի Ընդհանրական նամակի աստվածաշնչայնությունը, ի թիվս որոնց բողոքականների հայր Մարտին Լյութերն էր նաև: Սա մի նամակ է, որն ի շարս Աստվածաշունչ մատյանի մնացյալ գրքերի, ոչ միայն չի կորցնում իր արդիականությունը, այլև գնալով ավելի ու ավելի ընդգծված կարևորություն է ձեռք բերում ցանկացած քրիստոնյա հասարակության համար:

Այս թղթի ամենաանսուտ խոսքերից մեկն էլ հետևյալն է. «Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, եւ ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք եւ հագեցե՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է»։ Զարմանալի է, ինչպես Վաղ Եկեղեցում, այնպես էլ այսօրվա Եկեղեցում պատկերը նույնն է: Չէ – չէ, խնդրում եմ, ժամանակից առաջ մի՛ ուրախացեք և սրտի խորքում գաղտնի հրճվանք մի՛ ապրեք. Տեր Մարկոսը Եկեղեցու` որպես հոգևորականներից կազմված կառույցի մասին չէ, որ խոսում է քննադատաբար, ես խոսում եմ Եկեղեցու մասին` ճշմարիտ ընկալումով. այն Եկեղեցու, որը հավատացյալների ժողովն է, կանչվածների հավաքը, որի մեջ մտնում են և՛ հոգևորականները, և՛ աշխարհիկները` առավելաբար: Եվ հետաքրքրականն էլ այն է հենց, որ Հակոբոսը նախ և առաջ աշխարհիկներին է դիմում:
Եկեք անկեղծ լինենք ինքներս մեր հանդեպ և պատասխանենք մի պարզ հարցի. արդյո՞ք մենք այն քրիստոնյաներն ենք, ովքեր իրենց եղբայր քրիստոնյայի դժվար կացությունը տեսնելով ձեռք են մեկնում և օգնում նրան:
Սակայն գիտե՞ք, Հակոբոս Առաքյալն ավելի զարհուրելի մի երևույթի մասին է վկայում. նա իր խոսքով դիմում է հատկապես այն քրիստոնյաներին, ովքեր տեսնում են իրենց եղբոր նեղ կացությունն ու ոչինչ չանելով, այդուհանդերձ, խաղաղություն են մաղթում, Քրիստոս են քարոզում:
Դատողություններն ու հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիս խղճին…
Եվ ահա, Հակոբոս Առաքյալի վերոբերյալ խոսքից խորապես ազդված է, որ ձեռնամուխ եղանք բարեգործական մի փոքրիկ ծրագիր կյանքի կոչելու: Տիրոջ ողորմությամբ, այս տարի վերջապես ժամանակ գտա և ավարտին հասցրեցի Առաքելական Հայրերի (Սուրբ Իգնատիոս Անտիոքացի, Սուրբ Պողիկարպոս Զմյուռնիացի, Սուրբ Կղեմես Հռոմեացի) ամբողջական վարքի և վկայաբանության հրատարակումը: Գիրքը տպագրվել է «Խորան» մշակութային հիմնադրամի բարերարությամբ: Գրքի վաճառքից գոյանալիք ողջ գումարն ուղղվելու է բարեգործության` ի շահ ծայրահեղ աղքատ ընտանիքների: Եվ պատահական չէ, որ գրքում ներկայացված Սրբերից Պողիկարպոս Զմյուռնիացին ևս մեծ հոգատարությամբ է մոտեցել բոլոր աղքատներին ու կարիքավորներին` մինչև անգամ ամբողջությամբ նրանց բաշխելով իրեն վստահված տնտեսության պաշարները, որի փոխարեն այդ տնտեսության տիրուհին և հենց ինքը Պողիկարպոսը Աստծուց առավել մեծ վարձատրություն գտան:
Քաջ գիտակցում եմ, որ ստացվելիք գումարը մեծ չի լինելու. այն ըստ էության չի կարող անցնել 200.000 դրամը (200 օրինակ, յուրաքանչյուրը` 1.000 դրամ), սակայն այս գործում էականը գումարի չափը չէ, էականը գաղափարն է և յուրաքանչյուրիս մասնակցությունը: Գրքի խմբագրումը, սրբագրումը և հարակից գրեթե բոլոր աշխատանքներն արվել են անվճար սկզբունքով, որովհետև բոլորն էլ քաջ գիտակցել են, թե որն է այս գրքի տպագրության նպատակը:
Հավատացե՛ք, որ սա մեզանից յուրաքանչյուրի համար, թեկուզ փոքրիկ, բայց լավ առիք է իրական գործով մեր հավատքն ապացուցելու և գոնե ինքներս մեզ համոզելու, որ Հակոբոսի մերկացնող ու պախարակող խոսքերը մեր մասին չեն:

No comments:

Post a Comment