Tuesday, September 20, 2011

ԹԱԼԻՈՆԻ ՕՐԵՆՔԸ (Lex talionis)


Այսօր լսեցի անկում ապրած մի մարդու պատմություն և որոշեցի թղթին հանձնել իմ մտորումները այդ կապակցությամբ: Չեմ մանրանա պատմության ու հերոսների արարքների մեջ, այլ կկենտրոնանամ ավելի շատ լուծումների վրա: Լուծումներն էլ իմը չեն լինի, այլ շատ ավելի հիմնավոր ու դարերի բովով անցած մարդկանց կամ գուցե քաղաքակրթությունների: Մտածում եմ, եթե մի շարք ժողովուրդներ նույն սկզբունքը կիրառել են, ապա այն իսկապես գործում է և ավելին ասեմ, շատ լավ էլ կարգավորում է մարդկային հարաբերությունները:
Թալիոնի օրենքը (լատ.- Lex talionis) - հանցանքի համար նախատեսված պատժի սկզբունք, համաձայն որի պատժի չափը և ձևը պետք է համարժեք լինի կատարված հանցանքի ձևին ու չափին (ակն ընդ ական, ատամ ընդ ատաման կամ որպես նախկին ԽՍՀՄ երկիր մեզ ավելի ծանոթ կարող է հնչել «око за око, зуб за зуб» տարբերակը):
Իրավական դաշտում Թալիոնը հայտնվեց այն ժամանակ, երբ անհրաժեշտություն առաջացավ պաշտպանելու ցեղը հանցավոր ցեղակցի գործած մեղքի համար արյան վրեժից, այսինքն` միայն հանցավորը պետք է պատժվեր, այլ ոչ թե նաև մնացած նրա ազգականները:
Թալիոնի օրենքը հանդիսանում էր արդարադատության կոպիտ արտահայտչաձև, որը հասկանալի էր նույնիսկ նախնադարյան մարդուն: Հին ժամանակներից այս սկզբունքը հայտնի էր ժողովուրդներին: Օրինակ` Գվինեայում, եթե կինը դավաճանել է ամուսնուն ուրիշ տղամարդու հետ, ապա ամուսինը իրավունք ուներ նույն կերպ վարվելու այդ տղամարդու կնոջ հետ: Այս սկզբունքը շատ հանգամանորեն նկարագրված է նաև հրեկան, հռոմեական և միջնադարյան գերմանական օրենքներում: Նույն բանը կարող ենք տեսնել ռուսական օրենքների մեջ (1649 թ.): Մարմնական վնասները փոխհատուցվում էին նույնանման մարմնական վնասներով: Շատ մեծ դեր ուներ Թալիոնը Պետրոս Առաջինի օրենքների մեջ. Աստծուն հայհոյելու համար տաք երկաթով այրում էին լեզուն, սուտ վկայության համար` կտրում էին երկու մատը, իսկ սպանության համար` առանց հապաղելու գլուխն էին կտրում: Ժամանակի ընթացքում հանցանքները այնքան բազմազան դարձան, որ միայն Թալիոնով այլևս հնարավոր չէր կառավարել օրենսդրական դաշտը և այն սկսեց կորցնել իր ազդեցությունը, թեպետ բոլոր օրենքների հիմքում էլ ըստ էության դա է ընկած:

Այսքանը թերևս օրենքների մասին, իսկ հիմա անդրադառնամ Աստվածաշնչին: Ելից գրքում շատ ուշագրավ մի հատված կա, հանձնում եմ Ձեր ուշադրությանը.
«Եթէ որեւէ մարդ հարուածի մէկին, եւ սա մահանայ, ապա հարուածողը մահապատժի թող ենթարկուի»։ (Ելք 21:12)
«Ով որ վատաբանի իր հօրն ու իր մօրը, մահապատժի թող ենթարկուի»։ (Ելք 21:17)
«Ով որ հարուածի իր հօրը կամ մօրը, մահապատժի թող ենթարկուի»։ (Ելք 21:15)
Եվ նույնիսկ այսպիսի օրենք կա.
«Եթէ երկու տղամարդիկ կռուելիս զարնուեն մի յղի կնոջ, եւ կինը պտուղը դեռ չձեւաւորուած վիժի, հարուածողը թող հատուցի վնասը. ինչ որ պահանջի կնոջ ամուսինը, նա թող վճարի ըստ սահմանուած կարգի եւ տայ աղաչելով։ Իսկ եթէ պտուղը ձեւաւորուած լինի, ապա թող հատուցի ըստ այս կարգի. կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք, խարանի դիմաց՝ խարան, վէրքի դիմաց՝ վէրք, հարուածի դիմաց՝ հարուած»։ (Ելք 21:22-26)
Նույն օրենքը նկատում ենք նաև Ղևտացվոց գրքում.
Ջարդուածքի դիմաց՝ ջարդուածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ խեղուածք որ մէկը միւսին պատճառի, նոյնով թող պատժուի։ (Ղեւտական 24:20)
Այս ամբողջը, որոշ կրճատումներով <<պեղեցի>> Հին Կտակարանից, հիմա տեսնենք, թե Նոր Կտակարանում ինչ է ասվում: Թալիոնի օրենքը մինչև Հիսուս Քրիստոսի գալուստը նպաստեց մարդկային հարաբերությունների ավելի բարձր աստիճանի ձևավորմանը, որոնք արտացոլված են «Ոսկե կանոնի» մեջ: Ավելի կոնկրետ, նրա սկզբնական ժխտական ձևը այսպիսին էր. «Մի վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես չես ուզում քեզ հետ վարվեն»: Հիսուս Քրիստոսի գալուց հետո հնարավոր եղավ օգտագործել «Ոսկե կանոնի» ոչ թե ժխտական, այլ հաստատական ու դրական տարբերակը. «Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես ուզում ես քեզ հետ վարվեն»: Թալիոնի օրենքի քրիստոնեական մեկնաբանության վրա մեծ ազդեցություն է ունեցել նույն Ղևտացոց 19:18 կետը, որտեղ ասվում է.
«Վրէժխնդիր մի՛ լինիր եւ քո ժողովրդի դէմ ոխ մի՛ ունեցիր։ Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպէս ինքդ քեզ, քանզի ես եմ Տէրը»։
Լեռան քարոզի ժամանակ Հիսուսն ասաց.
« Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»։ Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու»։ (Մատթեոս 5:38-39)
Հենց այս տողերը հաճախ սխալ են մեկնաբանվում: Քանզի այս տողերը բնավ չեն նշանակում, որ քո ու քո հարազատների վրա հարձակման դեպքում պետք է անպաշտպան կանգնես ու սպասես մինչև քեզ ոտնահարեն, ջարդեն, անցնեն գնան: Ո'չ: Ապտակ հասցնում են, ոչ թե մարդուն մարմնական վնաս հասցնելու համար, այլ, այսպես ասած վիրավորելու կամ կռվի դրդելու համար: Հիսուս ընդամենը նկատի ուներ, որ եթե հնարավոր է, խուսափեք կռիվներից, վեճերից, որ եթե դիմացինը այնքան անքաղաքակիրթ մեկն է, որ խոսքը նրա համար անիմանալի մի բան է և միայն բռունցքներն է կարողանում շարժել, մի ընկեք նրա ջրերը և նրա պես մի եղեք (ներեցեք մտքիս սուր ընթացքի համար, ուղղակի երևի թե այս դարաշրջանն էլ նման մեկնություն է պահանջում, հասկանալի լինելու համար):
Թալիոնի օրենքը մեծ տարածում ուներ նաև մահմեդական կրոնի մեջ` իր ուրույն տեղը զբաղեցնելով Ղուրանում (2:178): Իսկ փիլիսոփայության մեջ, վերջինիս վրա են հենվում Կանտի և Հեգելի` արդարության մասին տեսությունները:
Այսքանը պատմեցինք, քննարկեցինք, տեսանք, որ բոլոր ժողովուրդներն էլ ընդհանրություններ ունեն (դե եթե մեկը կա, էլի կլինեն հաստատ, մանավանդ որ սա էն երկրորդական ընդհանրություններից չի), բայց չասացինք, թե սույն նյութը ինչ կցուցանէ: Ասել կուզեմ, որ ամեն ոք (կամ գուցե ժողովուրդ) արժանի է նրան, ինչ որ ունի ու թող ոչ ոք չբողոքի, այդ ողբը արդեն արդիական չի, Խորենացին բոլորիցդ առաջ է ընկել, նորություն ասած չեք լինի: Ու քանի դեռ մենք բոլորս հավերժ բողոքող անզոր ստեղնաշարավորների դասին ենք մեզ կարգում, որոնց վրա ով ինչպես ուզենա կարող է նվագել իր կլկլոցն ու ռաբիզը, ավելի լավ է լռենք, էդպես գոնե իրար միս չենք ուտի ու էլի մի 2000 տարի գոյություն քարշ կտանք` պարծենալով, որ հին ու տանջված ժողովուրդ ենք: Իսկ առավել վճռականները թող մտքում հաշվեն, թե իրենք կյանքի ընթացքում ինչ են արել ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար, իրենց արդարությունը վերականգնելու համար, իրենց հայրենիքի ու կրոնի համար, թե Ձեզ թվում է գաղափարն ու պայքարը այնքան ժամանակ են գործում, մինչև ստատուսդ Like անող կա: Երևի ճիշտ ժամանակն է եկել ակունքներին վերադառնալու և Թալիոնի օրենքը կիրառելու` ակն ընդ ական, ատամ ընդ ատաման` սկսած հասարակական ամենափոքր օղակի`ընտանիքի հարցերի կարգավորումից, վերջացրած համազգային գաղափարներով. կներես Դեմոկրատիա` թշվառագույնդ մարդկային մեծագույն խաբկանքների մեջ:



No comments:

Post a Comment