Thursday, March 7, 2013

Հույսը երբեք չի ամաչեցնում...



Հույսը երբեք չի ամաչեցնում...

     Այս միտքը Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղղված թղթից է: Այստեղ առաքյալը խոսում է Աստծու հանդեպ ունեցած հույսի մասին, այն հույսի, որը չի կարող փոշիանալ ու մոխրանալ: Այդպիսի հույսը չի կարող խաբել: Եթե մարդու հույսը Աստծո սիրո մեջ է, այն չի կարող խաբկանք լինել, քանի որ Աստված սիրում է մեզ հավերժական սիրով՝ ամրացված Նրա անսահման իշխանությամբ:
     Ո՞րտեղից է այդ հույսը:
     Առաքյալն ասում է. - Նեղությունները համբերություն են ծնում, համբերությունը՝ փորձառություն,  փորձառությունը՝ հույս:
      Ավետարանում մի դրվագ կա, որտեղ քանանացի կինը գնում է Քրիստոսի հետևից, շարունակ աղաղակում ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր...» Դժբախտությունն ու սուգը դարձել էին այդ կնոջ հարկի բնակիչները: Նրա աղջիկը դիվահարվել էր և չարաչար տանջվում էր՝ դարձնելով նրա կյանքն անկառավարելի, անտանելի ու անհույս: Եվ այժմ նա գնում է Հիսուսի հետևից ու օգնություն խնդրում: Դա չի նշանակում, որ նա օգնություն չէր փնտրել հեթանոսական կրոններում: Փնտրել էր, բայց անօգուտ: Նրա աստվածները աստվածներ չէին: Բայց Հիսուսի մեջ էր հույսը: Նրան անհրաժեշտ էր խոսել Հիսուսի հետ և Նրանից օգնություն խնդրել:
     Սակայն Հիսուս չի պատասխանում: Զարմանալի է: Նա կնոջը չպատասխանեց «այո», ինչպես որ մենք սպասում ենք: Նա նաև չասաց «ոչ»: Քրիստոս ուղղակի լռում էր: Ինչու՞: Ի՞նչ էր ուզում անել դրանով Քրիստոս, ո՞րն էր նպատակը: Նպատակը մեկն էր: Այն է՝ նրան համբերություն սովորեցնել:
     Պատասխանու՞մ է արդյոք Հիսուս մեր աղոթքներին: Այս հարցը հաճախ է առաջանում քրիստոնյաներիս մոտ: Ես գիտեմ ծերունիների, որ տառապում են և ցանկանում են մահանալ: Նրանք աղոթում են, որ Աստված իրենց հոգին վերցնի: Իսկ Նա լռում է: Ես ճանաչում եմ երիտասարդների, որ բժշկվելու համար են աղոթում, բայց, կարծես Տերը լռում է, նրանք շարունակում են մնալ հիվանդ: Ես գիտեմ մարդկանց, որ աղոթում են աշխատանք ունենալու համար, բայց օրերն անցնում են, իսկ նրանք աշխատանք չունեն և այլն և այլն: Լսու՞մ է արդյոք Հիսուս մեր աղոթքները: Այո՛, Հիսուս լսում է մեր աղոթքները: Խնդիրը նրանում է, որ մենք չենք լսում պատասխանը:
Նախ՝ երբ էլ որ մենք աղոթենք հոգևոր օրհնության համար, մենք կարող ենք վստահ լինել, որ Նա մեզ պատասխան է տալիս Իր Խոսքով: Երբ մենք աղոթում ենք մեղքերի թողության համար, Նա Իր խոսքով պատասխանում է. «Ձեր մեղքերը ներված են»: Նա դրանց բոլորի համար վճարել է: Երբ մենք աղոթում ենք ամուր հավատի համար, Նա պատասխանում է մեր աղոթքներին և Իր Խոսքով անմիջապես ամրացնում է մեր հավատը:
     Իսկ երբ մենք աղոթում ենք երկրավոր կամ անցողիկ օրհնությունների համար, նա պատասխանում է այդ աղոթքներին Իր ժամանակին և մեզ համար լավագույն կերպով: Հաճախ այն ամենը, ինչի համար որ մենք աղոթում ենք, կարող են մեզ վնասել:
Մենք պետք է սովորենք հասկանալ, որ Նա ավելի լավ գիտի, թե մեզ ինչ է հարկավոր, թե ինչպես մենք կարող ենք հասնել հավերժական կյանքին: Նա շատ անգամ հետաձգում է մեր աղերսանքների պատասխանը, որպեսզի մեզ համբերություն սովորեցնի, համբերություն, որ փորձառություն է ծնում: Իսկ մենք փորձառու ենք դառնում փորձությունների միջոցով, որոնց համբերությամբ դիմանում ենք: Ոսկին ավելորդ մասնիկներից մաքրելու համար, ոսկերիչն այն ձուլում է, փորձում ուժեղ կրակով: Նույն կերպ և Աստված մեզ մաքրում է հոգևոր ախտերից՝ ենթարկելով փորձությունների: Եվ այդ ամենից մենք զորանում ենք, դառնում ենք ավելի ուժեղ, ամրանում մեր հավատի մեջ, և կյանքի ոչ մի դժվարություն, ոչ մի խոչընդոտ ի զորու չեն մեզ ընկճելու, ինչպես որ չընկճեցին այն մարդկանց, ովքեր իրենց անդամալույծ ընկերոջը մահիճի վրա դրած բերել էին Քրիստոսի մոտՏունը, որտեղ գտնվում էր Քրիստոս, շրջապատված էր մարդկանցով, և հնարավոր չէր ներս մտնել: Բայց դա նրանց չհուսահատեցրեց, նրանք չնահանջեցինԻսկ մե ՞ նք, որքա ՞ ն անգամ ենք մենք նահանջել՝ հանդիպելով չնչին խոչընդոտների:
     Որոշել եմ այսօր խոսել հոգևորականի հետ: Գնում եմ հանդիպման: Դեռ հեռվից նկատում եմ, որ տեր հայրը շրջապատված է մարդկանցով: -Լավ, այսօր հարմար չէ, մի ուրիշ անգամ-... Որոշել եմ թողնել վնասակար սովորություններս... -այսօր մի քիչ բարկացա, պետք է ծխեմ,- ընկերոջս հանդիպեցի, -վաղուց չէի տեսել... չէի կարող չխմել-... 
Բայց անդամալույծի ընկերներին մարդկանց բազմությունը չկանգնեցրեց: Նրանք համառությամբ շարունակում էին ելք փնտրել: Նրանց մեջ ծնունդ առած հույսն անխորտակելի էր: Իրենց ընկերոջը կարող էր բժշկել միայն Հիսուս: Միայն թե կարողանային իրենց ընկերոջը Քրիստոսի առաջ դնել:
     Քաջ առողջություն՝ Աստծո տված երկրային լավագույն շնորհներից մեկը: Երբ մենք այն ունենք, չենք զգում դա, մեզ թվում է թե հենց այդպես էլ պետք է լինի, այնինչ՝ մենք պետք է դա գնահատենք: Մենք ապրում ենք մեր առօրյա կյանքով, աշխատում ենք այգում, սպորտով ենք զբաղվում կամ ուղղակի զբոսնում ենք, մենք առողջ ենք և ուրախ: Իսկ ներկաների հարազատներից ոմանք, գուցե, այս պահին ծանր հիվանդության պատճառով հիվանդանոցում պառկած, սպասում են հետազոտությունների պատասխանին, իսկ ի՜նչ ասես չէր տա այն երիտասարդը, ով դժբախտ պատահարի արդյունքում այժմ անդամալույծ է, միայն թե վեր կենար ու վազեր: Հույս կա՞, որ նա կրկին կքայլի, կառողջանա՞ն ձեր հարազատները, ինչպիսի՞ն են ձեր հույսերը: Արեք այնպես, ինչպես արեցին այն մարդիկ. ապավինեք Հիսուսին ձեր խդիրների լուծման մեջ: Դուք կարող եք դիմել բժշկի: Բժիշկներն ու հիվանդանոցները և էլի ու էլի շատ բաներ Աստծու կողմից տրվել են մեզ մեր երկրային կարիքները հոգալու համար: Բայց ամենակարևորը Հիսուսին վսատահելն է: Ինչպես երեխան, ով լացելով իր կոտրված հեծանիվը բերում և դնում է հոր առջև, որպեսզի հայրը նորոգի, ինչպես անդամալույծի ընկերները, ովքեր հնարամտությամբ քանդեցին տանիքը և իրենց ընկերոջը մահիճով իջեցրին և դրեցին ուղիղ Քրիստոսի առաջ:
     Հույսը պարգևատրվում է: Ի՞նչ արեց Քրիստոս, երբ տեսավ այս մարդկանց, ում դժբախտությունը չէր ընկճել, փորձությունները հուսաթափ չէին արել: Հիսուս ասաց. Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տունը: Հույսը պարգևատրվում է, հույսը չի ամաչեցնում...
     Եվ մի բան ևս: Մ՛ի մոռացեք, թե ինչ արեց նախկինում անդամալույծ մարդը՝ տուն գնալու ճանապարհին: Նա գնում էր՝ փառաբանելով Աստծուն: Իրականացված հույսերը տանում են երջանկության և գոհաբանության: Միշտ հիշե՛ք այդ մասին և փառաբանեք Աստծուն ձե՛ր տներում, ձե՛ր երգերում, ձե՛ր սրտերում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:


Քահանայից պատրաստման Գ լսարանի սան`
Թորգոմ Սաղաթելյան

No comments:

Post a Comment