Sunday, January 29, 2012

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՇՂԹԱՅՎԱԾ ՉԷ


§…որի համար շղթայված իսկ եմ,
իսկ Աստծո խոսքը շղթայված չէ¦ /Բ Տիմ. 2:9/

Այսօր կարդացի այս տողերն ու մտահոգվեցի: Չէ, հարցն այն չէ, որ առաջին անգամ էի կարդում, հաստատ բազմաթիվ անգամներ կարդացել եմ, ուղղակի երբեմն տվյալ պահին ունեցածդ հոգեվիճակի պատճառով կարդացածդ հատվածը նոր երանգներով ու նոր անկյան տակ ես տեսնում: Իսկ մտահոգվեցի, որովհետև… որովհետև առիթ ունեի: Առիթը վերջին շրջանում անտանելի ակտիվացած հակաաղանդավորական շարժումներն ու ինչ-որ տարօրինակ խմբերն են: Խնդրում եմ չզարմանալ, ես չեմ պատկանում այն քրիստոնյաների թվին, ովքեր ուրախանում ու ցնծության մեջ են հայտնվում աղանդների դեմ պատրաստված հերթական նյութից /չեմ կարող ասել սա լավ է, թե ոչ/: Նախապես հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, ովքեր հնարավոր է դույզն ինչ վիրավորվեն կամ խոցոտվեն իմ այս հոդվածից:
Վերջին ժամանակներս բոլորը խոսում են աղանդների դեմ. ով տեղից վեր է կենում, իր պարտքն է համարում տեղի - անտեղի ցեխ շպրտել այս կամ այն աղանդավորական շարժման ճակատին: Հավատացնում եմ, դավանանքս չեմ փոխել և երբեք էլ չեմ փոխի, բայց արդեն հոգնեցրեց ինձ այս ամենը: Ժողովուրդ ախր մենք երբ ենք հասկանալու, որ սրա - նրա բիզնես ծրագրի կամ աղանդի դեմ խոսելու փոխարեն կարելի է Ավետարանը քարոզել, խավարի դեմ պայքար մղելու, խավարը անտեղի կռփահարելու փոխարեն կարելի է մի մոմ վառել, թող որ փոքրիկ, բայց լույս սփռել: Սիրելիներս, եկեք չմոռանանք, որ ինչ-որ բան ժխտելով դրական արդյունքի հասնելու ձգտումը նման է աջ ձեռքով, գլխի ետևով ձախ ականջը քորելուն. ժողովուրդ մենք ձախ ձեռք ունենք: Ե՞րբ ենք սա ընկալելու:

Երեկ ծանոթներիցս մեկն ինձ ուղարկեց հերթական տափակ տեսահոլովակը X աղանդի մասին /աղանդի անունն անգամ չեմ ուզում տալ, որ սև գովազդ չլինի/: Անտանելի վատ որակի, զզվելի ձայնով, հատուկ ինչ-որ խանգարումներով մարդկանց ուղեղն էլ ավելի խանգարելու համար ստեղծված այս հոլովակն ինձ կարելի է ասել, հունից հանեց: Առավել քան վստահ եմ, որ այդ անտեր տեսահոլովակը պատրաստելու համար ժամեր չէ, մի քանի օր են տրամադրել. ու ինչի՞ համար: Ասելու համար, որ այսինչը վատն է, այսինչի քարոզչությունը մոլորեցնող է և այլն և այլն: Սիրելիներս, ես Ձեզանից և ոչ մեկիցդ պակաս կերպով չեմ անհանգստանում աղանդավորության, աղանդի գոյության համար ընդհանրապես: Բայց դրանց դեմ պայքարելու փոխարեն, ես իմ անելիքն եմ անում, ինչ-որ մեկի քարոզչությունը տապալելու փոխարեն ես իմ Եկեղեցու ուղղափառ, ճշմարիտ դավանանքն ու Ավետարանն եմ քարոզում. համենայն դեպս փորձում եմ անել, թե որքանով է ստացվում, Աստծուն է հայտնի միայն: Եվ հետո չմոռանանք. որքան շատ ենք խոսում աղանդների մասին, այդքան ավելի է ակտիվանում նրանցով պատահաբար հետաքրքրվողների շրջանակը: Չգիտեմ… իմ մոտ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե աղանդների դեմ ինչ-որ նոր աղանդ է հայտնվել:
Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ նամակում ասում է, որ Ավետարանի համար շղթայված է, սակայն Աստծո խոսքը շղթայված չէ: Եվ իսկապես, այս նամակը Պողոսը գրում է Հռոմում, երբ երկրորդ անգամ էր բանտարկվել: 64թ. էր. սա հենց այն չարաբաստիկ տարին էր, երբ Ներոնն իր քմահաճույքի համար հրդեհի մատնեց հսկայածավալ Հռոմ քաղաքը: Վեց օր և յոթ գիշեր տևած հրդեհը, որ խժռել էր քաղաքի մեծ մասը, գրգռել էր Հռոմի պատվախնդիր բնակիչների ինքնասիրությունը. մեղավորներ էր պետք փնտրել: Անշուշտ, ողջ մեղավորությունը բարդվեց քրիստոնյաների ուսերին: Եվ պատկերացրեք հենց այս շրջանում Հռոմում է հայտնվում Պողոս Առաքյալը, ով ոչ միայն քրիստոնյա էր, այլև` առաջնորդ քրիստոնյաների: Բանտարկվելու պատճառներից մեծագույնն այս էր: Իսկ Պողոսն ի՞նչ էր անում. բանտարկված վիճակում անգամ շարունակում էր Աստծո խոսքը քարոզել և ինքն իր գործունեությամբ հենց ապացուցել, որ իսկապես Աստծո խոսքը շղթայված չէր և այն շղթայված չէ նաև այսօր: Պողոս Առաքյալից հետո միլլիոնավոր քրիստոնյաներ շղթայվեցին Աստծո խոսքի համար, սակայն իրենց նահատակությամբ վկայեցին և է՛լ ավելի կենդանի դարձրեցին այն: Իսկ մենք ի՞նչ ենք անում Աստծո խոսքի տարածման համար, ի՞նչ ենք անում ապացուցելու համար, որ Աստծո խոսքը շղթայված չէ ու որ մենք պատրաստ ենք շղթայվելու հանուն այդ խոսքի Յուրաքանչյուրն իր մտքում թող պատասխանի այս հարցերին: Հիմա կասեք, թե մենք հալածանքների չենք ենթարկվում քրիստոնյա լինելու համար և այս հարցերն անիմաստ են: Համաձայն չեմ… նախ այն պատճառով, որ մենք ոչ մի կերպ ապահովագրված չենք հալածանքներից: Ինչո՞ւ հեռու գնանք, մի քանի ամիս առաջ էր, որ Եգիպտոսում մահմեդականները սպանում էին քրիստոնյաներին քրիստոնյա լինելու պատճառով: Մյուս կողմից էլ, կարող եմ վստահեցնել, որ յուրաքանչյուր քրիստոնյա հալածվում է, երբ տեսնում է անարդարություն, կողմնակալություն, դրամաշորթություն, սուտ, կեղծիք, հերյուրանք և այլն: Սակայն Աստծո խոսքը շղթայվում է ամեն անգամ, երբ մենք ինքներս չքարոզելով, ճշմարտությունը մարդկանց չհրամցնելով, խոսում ենք ինչ-որ մանրապճեղների գործունեության դեմ:
Ի՞նչ է, անհանգստանում եք, որ աղանդավորները շատանում են: Գիտե՞ք թե որն է պատճառը, պատճառն այն է, որ Եկեղեցի եկողների թիվը չի շատանում: Եթե մենք չենք նպաստում, որ մարդիկ գան Եկեղեցի, մենք արդեն իսկ օգնում ենք, որ մարդիկ աղանդի մեջ հայտնվեն: Եթե մենք աղանդավոր քարոզչից առաջ չենք մոտենում նեղսրտած երիտասարդին կամ դժբախտության մեջ գտնվող մեծահասակին ու չենք փորձում ձեռք մեկնել, քարոզել Տիրոջ Ավետարանը, մենք օգնում ենք աղանդին: Երբ Եկեղեցում աջ ձեռքով խաչակնքվելու փոխարեն ձախ ձեռքով խաչակնքվող աղջկա վրա մի այնպիսի հայացքով ենք նայում, ինչպես որ կնայեր թուրքը խոզի մսին … ես ասելիք չունեմ:

10 comments:

  1. Սրտիցս խոսեցիք,Տեր Մարկոս ջան:Հաճախ ինձ թվում ա,որ աղանդավորների դեմ այդպես ակտիվ պայքարողներն ուղղակի իրենց ագրեսիան ուղղորդելու շատ հարմար թիրախ են գտել և վերջ...Շատ հաճախ նայում եմ ու չեմ տեսնում նրանց մեջ Քրիստոսին...

    ReplyDelete
  2. Վերջերս ես անդադար այս երևույթի մասին եմ խորհում ու միակ պատասխանը գտնում եմ Սուրբ Գրքի հետևյալ խոսքում. «Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ` սիրեցեք միմյանց: Ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 13: 34-35)
    Շնորհակալ եմ, որ գրեցիք այս մասին Տեր Մարկոս:

    ReplyDelete
  3. Ուրախ եմ, որ նյութը հետաքրքրել է: Չէ ուղղակի հարցն այս է, եթե ես կարող եմ դրականի, լավի մասին խոսել ու քարոզել, ինչ կարիք կա որ ես օրնիբուն ընկնեմ ու ինչ-որ խեղաթյուրված քարոզների դեմ խոսեմ, եթե մենք ճշմարտությունը քարոզենք, Աստծո լույսը տարածեքն, դրանով արդեն իսկ աղանդավորության դեմ գործած կլինենք նաև:

    ReplyDelete
    Replies
    1. Միշտ այն կարծիքին եմ, որ երբեք հնարավոր չէ չափել մարդու հավատքը, առավել ևս հնարավոր չէ այն տեղադրել ինչ-որ ձևի մեջ: Միայն Աստված գիտի՝ ովքեր են իր նվիրյալները. սրա մասին կարող է հուշել միայն մարդու մեջ եղած աստվածային սերն ու խաղաղությունը:

      Delete
  4. Տեր Հայր ես նույն զգացումն ունեցել եմ: Նրանք, ովքեր քիչ թե շատ հոգևոր ասպարեզում են գտնվում, արդեն հոգնել են "պայքարելուց" աղանդների դեմ: Բայց կարծում եմ, որ լրիվ այլ է իրավիճակը անտեղյակ մարդկանց համար, իսկ այդպիսիք, ցավոք, դեռևս կան: Ես լսել եմ միամիտ հարցումներ, որ "բայց մեր եկեղեցին դեմ չի չէ կյանքի խոսքին, նույն եկեղեցին է": Այս դեպքում հասկանում ես, որ դեռևս կա տեղեկատվության պակաս: Նաև ես կարծում եմ, որ հոգևոր լույս տարածելը ինչ-որ սահմաններ չունի, գործում ես իրավիճակի բերումով. եթե անհրաժեշտ է մարդուն բացատրել, որն է աղանդ, ապա նախ իրեն տանում ես դեպի սխալի մերծումը, հետո բացատրում ճիշտը:

    ReplyDelete
    Replies
    1. Համաձայն եմ, ինչ-որ տեղ տեղեկատվության պակաս կա, բայց այդ տեղեկատվություն տրամադրելն էլ մակարդակով պիտի լինի չէ? Թե չէ գնում հասնում ենք աղանդավորների մակարդակին, անգամ աղանդներ կան, որ ավելի որակով են ինչ-որ տեսանյութ պատրաստում, քան շատ ու շատ իրենց դեմ պատրաստված տեսանյութերն են: Ու հետո որևէ մեկին հետ պահել աղանդից, բայց ճշմարտության ճանապարհը ցույց չտալ ու նրան հոգևոր կյանքում չհաստատել, ես ճիշտ չեմ համարում: Անգամ կարող եմ ասել հետևյալը, եթե դու ուղղակի օգնելու ես, որ մարդը դուրս աղանդից, բայց նրան եկեղեցի չես բերելու ու չես անելու ամեն ինչ որ նա հաստատվի եկեղեցում, ուրեմն ավելի լավ է թողնես նրան աղանդում: սա իմ անհատական կարծիքն է:

      Delete
  5. Տեր Հայր ջան, շատ լավն էր, խավարում խարխափելու փոխարեն, մոմ վառենք, ուվառած մոմը կամ չրագը դնենք պատվանդանի վրա, որ լուսավորի կողքիններին: Սա է պետք, իսկ աղանդավորների հետ այլ կերպ պետք է աշխատել. սիրով, մեղմ, հանգամանալից զրույցներով:
    Ինքս ժամանակին շատ կոպիտ եմ եղել նրանց դեմ, իսկ Ձեր պես լավ խրատողները սովորեցրին ճիշտ ձևը

    ReplyDelete
    Replies
    1. Աստված օրհնի քեզ Արմեն ջան...

      Delete
  6. Տեր Հայրր ջան ես իմ կյանքի փորձից մի բան կասեմ: Երբեք չեմ եղել աղանդավոր և չեմել լինի,,, քանի որ իմ սերը դեպի մեր Հայ Առաքելական եկեղեցի և հավատս դեպի Աստված շատ հզոր է: Ու հենց այդ հզորւթյունն է որ օգնում է ինձ ճիշտչ ճանապարհով քայլել: Աղաանդավորները միշտ ընտրում են դժբախտ և աներանելի հոգեվիճակի մեջ գտնվող թույլ անձանց, և եթե մեզանից յուրաքանչյուրը ձեռք մեկնի նման անձանց,և տանի դեպի եկեղեցի,, ապա մեր եկեղեցիները ավելի կլցվեն և մենք էլ կշատանանք:
    Հենց այս պահի դրությամբ էլ ունեմ մտերիմ մարդ,, ով հենց նման օգնության կարիք ունի, և եթե ես ձեռքերս ծալեմ և միայն ասեմ մի լացի,, ապա մեր եկեղեցին կկորցնի ևս մեկ զավակ, իսկ աղանդավորը կգտնի նրան: Այնպես որ ես կարծում եմ մեզանից է ամեն ինչ կախված:

    ReplyDelete
    Replies
    1. Համամիտ եմ Ձեզ հետ: Թող Աստված Ձեզ զորացնի, որ կարողանաք օգնել Ձեր ընկերոջը: Աստված օրհնի Ձեզ:

      Delete