Sunday, September 11, 2011

ԳՈՒՆԱՎՈՐ ՋԱՐԴ /մաս 2/

     Հիմա դառնանք սերիալներին: Մեր հասարակության որոշ  հանճարներ, որոնց նույն հնչողությամբ ավելի լավ է բանջարներ անվանելը, երբ խոսք էր լինում սերիալներում տեղ գտած աննորմալ կերպարների, աղճատված բարքերի ու արժեքների ներկայացման մասին, փայլատակում էին լուցկու տուփից էլ փոքր իրենց ուղեղիկներով ու ասում. <<Մենք ներկայացնում ենք այսօրվա հասարակությունը, այն ինչ կատարվում է հիմա, չէ որ հեռուստատեսությունը հասարակության հայելին է>>, հաշվի չառնելով, որ հեռուստատեսությունը միայն փչացած, հղփացած, շփացած ու բարոյազուրկ հասարակությունը ներկայացնելու համար չէ, այլ նաև այդ հասարակութույնը կրթելու ու դաստիարակելու համար, չէ որ ի վերջո հասարակությունը բացարձակապես բարոյազուրկ ու նողկալի չէ, չէ որ այդ նույն հասարակությունը, թեև քիչ, բայց ամեն դեպքում նաև առողջ մասնիկներ ունի? Եվ ի վերջո, մարկետինգ կոչվող անտեր գիտությունը, որը կարելի է ասել 21-րդ դարում ամեն բանի հեղինակն ու առաջադրողն է, ցավ ի սիրտ շատ դեպքերում նաև կրոնական դաշտում, հենց ինքն էլ վկայում է, որ սև գովազդը միևնույն է շարունակում է մնալ գովազդ և շատ դեպքերում ավելի ուժեղ, քան դրական որևէ պրոպագանդա: Հետևաբար անտրամաբանական է գոհանալն այն մտքով, թե մենք ներկայացնում ենք մեր
հասարակությունում տիրող վիճակը: Մյուս կողմից եթե անգամ ներկայացնում ենք այսօրվա վատ հասարակությունը, միևնույն է, անհրաժեշտ է տալ նաև բարոյականն ու բարձրարժեքը, որպեսզի գոնե ընտրության հնարավորություն լինի: Ախր մեր այսօրվա հեռուստաեթերում ընտրության նվազագույն հնարավորություն իսկ չկա: Կարելի է խոսել բոլոր հեռուստաընկերությունների դեմ, ինչը քիչ հետո կշարունակենք, բայց ուզում եմ ուշադրություն դարձնենք Հանրային Առաջին ալիքին, քանի որ այն համարվում է պետական ալիք և ըստ էության ինքն է, որ ԶԼՄ դաշտում ի պաշտոնե ներկայացնում է մեր երկիրը. Հ2-ի մասին ընդհանրապես չեմ խոսում, հասկանալի է կարծեմ... Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վիրավորված եմ զգում ինձ և հոգևոր և բարոյական բոլոր ասպեկտներից: Նայեք Հ1-ի բոլոր սերիալները, բառիս բուն իմաստով բոլոր հեռուստասերիալները, ինչ են սրանք? Շան սանրվածքով լիքը կիսագողական քյառթու մանկապատանեկան տարիքում գտնվող դեռևս չձևավորված և հետևաբար անմիջականորեն մեղք չունեցող դերասանների ու այս դերասաններին էքսպլուատացիայի ենթարկող ինչ-որ ճղճիմ ռեժիսյորների /չնայած, սրանք ինչ ռեժիսոր? ասենք Տառկովսկին էլ էր ռեժիսյոր սրանք էլ? է լավ է, ինչ ենք կորցրել ու ինչ ենք փնտրում/ և էլ չգիտեմ ինչերի հավաքածու: Լավ ասենք, դուք ներկայացնում եք մեր հասարակությունը, ախր դուք գոնե հաշվի առնում եք, որ ես որպես ՀՀ քաղաքացի, քրիստոնյա հայրենասեր, ինչ որ չափով, ինձ վատ եմ զգում, վիրավորված, այն պատճառով, որ իմ Պետական Հեռուստաեթերով, որի համար ես պետական տուրքեր եմ մուծում, պրոպագանդվում են փողոցային լքտիությունն ու դավաճանությունը, ազգային դիմագիծ չունեցող ինչ որ մուտացիոն պրոցեսների ենթարկված անհատականություններն ու բարքերը: Մեկ շաբաթ շարունակ նպատակադրված կերպով տանջել եմ ինձ ու նայել ողջ սերիալները, գոնե Հ1-ինը հաստատ բոլորը նայել եմ, տեսնելու համար թե արդյոք որտեղ է դրական մի կայծ հայտնվելու, ինչ-որ օգտակար հանգուցալուծումներ լինելու են այս դատարկ ֆիլմերի մեջ թե ոչ, չգիտեմ, միգուցե ես լավ չեմ տեսնում ու լավ չեմ լսում, բայց ոչինչ դրական չտեսա: Ու մնացած բոլոր հեռուստաալիքներով էլ նույն պատմությունն է... Այս վերջում էլ դրել կես դար է քննարկում են Անժելա Սարգսյանի ու էլ չգիտեմ ում կիսատկլոր նկարները... Էէէէէէ... ոնց եմ ցավում, իրական դառնությունները թողած ում հետևից, ինչի հետևից ենք վազում? Հա հիմա աղջիկ ա ինքն իր բարոյական արժեքներով ու էլ չգիտեմ ինչերով, ինչ մի հանրային հարց են սարքել: Ախր սրա միջոցով մեր ուշադրությունն իրականությունից շեղում են: Ինչ է կարծում եք էտ մնացյալ կեղծ համեստության դիմակը հագածները սրբություն են ճառագում... վստահ չեմ: Մինչ մենք զբաղված կլինենք ինչ-որ մեկի կիսատկլոր կամ լրիվ տկլոր նկարների քննարկման հարցով, առավել կարևոր հարցեր են լուծվում, բնականաբար ոչ հօգուտ մեզ, իսկ մենք քնած ենք: Լավ, դառնանք սերիալներին... Սիրելիներս հասկանում եմ, բոլորս էլ փող աշխատելու, հանապազօրյա հաց վաստակելու կարիքն ունենք, բայց չէ որ անարդար է անընդհատ շահարկել դավաճանված շան, լքված կնոջ, տանջված սիրահարների ու որբ երեխաների ձեր կողմից իսկ իմաստազրկված թեմաները: Ես հասկանում եմ, որ հետխորհրդային և հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում շատ հեշտ է գտնել հասարակության խոցելի ու թույլ կողմերը և ամեն կերպ սեղմել ու աղ ու պղպեղ լցնել դրանց վրա: Պարզ է, որ մեր տիկնայք սերիալներում տեսնում են իրենց չիրագործված իղձերն ու ցանկությունները և այլն և այլն... մի խոսքով ֆրուստրացիոն հազար ու մի վիճակներ: Իսկ դուք ինչ եք անում? դե իհարկե, դեմ եք տալիս սերիալները`որպես փրկություն: Էլ չխոսեմ այն մասին, որ սերիալները բթացնում են և էլ չգիտեմ ինչեր են անում:
     Անընդունելի և անտրամաբանական եմ համարում նաև բոլոր այն <<լուսապայծառ>> քանքարների գոռում-գոչյունները, թե մենք ներկայացնում ենք այն, ինչը շուկայում պահանջարկ ունի: Տո դուք ինչ գիտեք շուկայի մասին, պահանջարկի մասին? Չնայած, ինչ ասեմ? համաձայն եմ, լավ էլ գիտեք. գիտեք, որ մենք ապրում ենք կարելի է ասել մեծամասամբ կրոնաթափ հասարակության մեջ, որտեղ բարոյական արժեքներն ու վսեմ գաղափարները կրելն ասոցացվում են ղզիկ ու մամայի բալա լինելու հետ: Դե հետևաբար դուք էլ տրամադրում եք հզոր գողական, ռաբիզների մի ամբողջ համույթի ներկայացում, որը մարսվում է հենց նույն համույթի կողմից: Բայց լավ, գոնե երբևէ լսել եք ականջի ծայրով այն մասին, որ կարելի է ոչ միայն կուրորեն սպասարկել շուկայի պահանջարկը, այլ նաև ձևավորել այդ պահանջարկը: Գոնե գիտեք, որ շուկան միշտ էլ դինամիկ է ու անդադար փոփոխվող: Այսինքն կարելի է նաև դրական ու բարձրարժեք ֆիլմեր և հաղորդումներ առաջարկել, որոնք հնարավոր է սկզբնական փուլում հեշտ չընդունվեն, չմարսվեն, բայց հընթացս հավատացնում եմ, որ շատերը կսկսեն փոխվել ու շուկան էլ կփոխվի ու ձեր փողն էլի կունենաք այ մարդ, ուղղակի սրանով մի քիչ էլ ձեր ժողովրդի ու ձեր երկրի նկարագրի համար գործ արած կլինեք, չէր լինի? Դե չէ, բնական է, որ հեշտ փող աշխատելն ավելի ձեռնտու է...

10 comments:

  1. Դուք մի բան հաշվի չեք առնում, որ այդ նույն ռեժիսյոռները չեն կարող բարձրարժեք հաղորդումներ ստեղծել: Նրանք չեն ստեղծում այդպիսի հաղորդումներ ոչ թե նրա համար, որ հիմա պահանջարկ չկա, այլ ուղղակի նրանք տգետ են և անգամ գաղափար չունեն ոչ արվեստից, ոչ գրականությունից և ոչ էլ իրենց մասնագիտությունից: Դուք տեսել եք մի հաղորդում, որ նորմալ, համաշխարհային մակարդակով նկարած է(իմաստի մասին չեմ խոսում):Անգամ այս դեպքում կարելի է լավ բաները կրկնօրինակել, ոչ թէ արտասահմանում հենց մի աղբ է դուրս գալիս, սրանք ոնց են սենց միանգամից գտնում, բերում էստեղ, ես չեմ հասկանում: Ոնց որ աղբի մագնիս լինեն: Եթե ուզում ենք լավ հաղորդումներ, ապա սրանցից բոլորից պետք է ազատվել և ինչքան շուտ այնքան լավ: Բայց ինչքան հասկանում եմ մեր հլու ժողովուրդը դեռ շատա սենց նստելու: Ում են սպասում, չգիտեմ:
    Թող օր ու գիշեր նայեն, տեսնեն թե ռուսական Կուլտուրա հեռուստաալիքը ինչ է ցույց տալի, սովորեն: Բայց չէ, էս աստրոլոփիտեկները զարգացման ընդունակ էլ չեն...

    ReplyDelete
  2. Լրիվ համաձայն եմ, ուղղակի հարցն այն է, որ սրանք երբեք էլ չեն հասկանա, որ իրենք սխալ տեղում, սխալ պահի են հայտնվել` ուղղակի այսպես ասած, փող աշխատելու ձև ա կպել... է մարդիկ էլ աշխատում են, որովհետև հսկողություն չկա: Հետո վստահ եղիր, իրենք երբեք էլ չեն հասկանա, ուր մնաց ընդունեն, որ տգետ են... ամեն մարդ ամենախելացին է չգիտես? Մենք էլ մեր մասին ենք շատ անգամ այդ թյուր կարծիքին լինում, այնինչ դիմացինից միշտ էլ սովորելու բան կա...

    ReplyDelete
  3. «Չենք լռելու» նախաձեռնությունը մի արշավ է սկսել` «Աղբ եթերից» նոմինացիաներ է բաշխում, որոնցից առաջինը տրվեց Հ1-ի ամենադիտվող սերիալին: Նոմինանտներին ուղարկվում է նաև 100 դրամ աղբահանման գումար :)))

    ReplyDelete
  4. Իմ մտքերից :))). «Աստված ստեղծեց Ադամին, տեսավ Ադամը տխուր է և միանակ. Աստված Ադամի կողոսկրից ստեղծեց Եվային: Եվան տխուր էր ու միայնակ. Աստված Եվայի ուղեղից ստեղծեց սերիալները»:

    ReplyDelete
  5. Շնորհակալություն Արթուր սարկավագին: Քո միտքը որ շատ լավն էր, կեցցես:

    ReplyDelete
  6. Հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ ամենավատ հեռուստասերիալի դեպքում դետումների քանակը մի քանի անգամ մեծանում է :Դ Սերալների հիմնական հատկությունը այն է, որ յուրաքանչյուր մաս վերջանում է ինտրիգով և ստիպում է հեռուստադիտողներին անընդհատ հետևել դրան: Հիմնականում ստեղծվել է գովազդային գործակալների պահանջները բավարարելու համար, քանի որ ձևավորում է հաստատուն քանակությամբ լսարան կան տեսարան :Դ Առաջին սերիալը դա տպագիր հանդես էր, որի մեկ օրինակը մեկ փենի առժեր: Ինչքան հիշում եմ սարսափ ժանրի մեջ էր: Սերիալը ինքը որակյալ ինֆորմացիա հրամցնելու համար չի նախատեսված, այլ լսարանը ավելացնելու համար: Այնպես որ, որակյալ սերիալ չի լինում, ըստ սահմանման: Կամ դիտում ենք, կամ չենք դիտում: Հաշվի առնելով պարապ մարդկանց քանակը Հայաստանում, սերալները միշտ էլ կունենան իրենց լսարանը, անգամ ամենավատ սերիալները:
    Ես ավելի շատ շեշտը կդնեի ոչ թե սերիալների, կամ դրանց որակի վրա, քանզի ըստ սահմանման դրանցից մի ինչ-որ չնաշխարհիկ բան պետք չէ սպասել, այլ քանակի վրա: Այժմ կարծես թե առավոտից իրիկուն սերիալ են ցույց տալիս` արհամարհելով մյուս լսարանները: Մի քանի անգամ մի ամբողջ օր հետևել եմ Հ1-ի հաղորդումներին: ՈՒրեմն, մեկ օրինակ բերեմ մոտավոր ժամերով: Երեկոյան 7-ին ցույց են տալիս սերիալ: Հետո 12:30 կրկնում են այդ նույն սերիան: Հետո առավոտյան 10:30 նորից այդ նույն սերիան կրկնում են: Ստացվում է, որ օրվա մեջ 3 անգամ նույն բանը ցույց են տալիս: Մինչդեռ կարելի էր 3 տարբեր հաղորդումներ ցուցադրել: Ինտելեկտուալ, գիտական, զարգացնող, արվեստին նվիրված, դաստիարակող հաղորդումներ ընդհանրապես չկան: Այ եթե սրանցից լինեին և սրանք բալանսի մեջ գտնվեին սերիալների հետ, ես սուս ու փուս կնստեի:Դ

    ReplyDelete
  7. Շնորհակալություն մենկաբանության համար, բայց ես չեմ կարծում, որ այս հոդվածով ես որակյալ սերիալ եմ պահանջում, ես ուղղակի անորակ սերիալ չեմ ուզում և ընդհանրապես սերիալ չեմ ուզում, այսքանը...

    ReplyDelete
  8. 1. Առանց սերիալ հեռուստատեսություն չկա:
    2. Սերիալը որակյալ չի կարող լինել:
    3. Իմ գրածը ուղղված չէր նրան, որ այս հոդվածը որակյալ սերիալ էր պահանջում:
    4. Սերիալ միշտ էլ լինելու է, քանի որ հեռուստատեսությունը պետք է գումար վաստակի:
    5. Հիմանական խնդիրը այդ վաստակած գումարը տնօրինելու մեջ է: Հիմա այդ գումարով նոր սերիալներ են նկարահանում: Բայց կարելի էր սերիալների քանակը թողնել նույնը և այդ գոմարով բավարարել մյուս լսարանների պահանջները: Եվ էսպես շարունակ:

    ReplyDelete
  9. Մի բան ասեմ ուղղակի որպես տեղեկատվություն: Գյուղերում կանանց 90%-ը, որոնց ամուսինները արտասահմանում աշխատում են, առավոտից երեկո դիտում են սերիալներ: Ու ամենավատ որակի սերիալները: Ասենք շանթով: Եվ երիտասարդ աղջիկների արժեհամակարգի վրա շատ են ասդում դրանցով մատուցված "արժեքները": Ինքս եմ լսել, թե ինչեր են խոսում դիտելու ընթացքում: Ու համոզված եմ, որ կոնկրետ այս խմբին շատ հեշտ կլիներ այլ հեռուստատեսություն ամտուցել և նրանք միևնույն է կդիտեին, որովհետև պարապ են:

    ReplyDelete
    Replies
    1. Լիովին համաձայն եմ Տաթևիկ ջան: Խնդիրն այն է, որ որակով սերիալ նկարելն անտանելի բարդ ու երկարատև աշխատանք է պահանջվում: Իսկ մերոնք էլ, գիտենք դե, ամեն ինչ անում են, որ քիչ գումար ծախսեն ու շատը ստանան: Ինչևէ Աստված իրենց հետ: Այս թեման անսպառ է, և կարծում եմ անգամ անիմաստ է այլևս շարունակելը այս ուղղությամբ պայքարելու: Ուղղակի պիտի պետական կողմնորոշում լինի և վերջ, իսկ մեր պետական ալիքների վիճակն ինչ է? Դե արդեն պարզ է, թե ինչ կարելի է սպասել:

      Delete