Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, եւ ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ,
տաքացե՛ք եւ հագեցե՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ
բաները,
ի՞նչ օգուտ է։
Հակոբոս 2:15-17
Ճեմարանական տարիներից սկսած ամբողջ Աստվածաշնչում մի գիրք կա, որ ամեն անգամ
կարդալիս և՛ ուրախանում եմ, և՛ տխրում, և՛ ոգևորվում, և՛ խորապես մտահոգվում. Հակոբոսի Առաքյալի Ընդհանրական թուղթն է այն: Ես ուրախանում եմ, տխրում, ոգևորվում և մտահոգվում, որովհետև
Հակոբոսն անվարան կերպով գովաբանում է ցանկացած առաքինի քայլ և առավել խստությամբ պախարակում
քրիստոնեական կեցվածքին անհարիր ցանկացած արարք… Նա խոսում է փորձության մասին, աղքատության
և հարստության մասին, հարուստներին եկեղեցում քծնողաբար ավելի մեծ պատիվ տալու մասին,
նա խոսում է անսանձ լեզվի մասին, մեղավոր աշխարհի հետ բարեկամություն անելու մասին,
պարծենկոտության մասին, համբերության և աղոթքի, մեղքերը միմյանց խոստովանելու և միմյանց
համար աղոթք անելու մասին: Եվ ինձ բնավ չի հուզում, թե պատմական անցյալում կային ոմանք,
ովքեր կտրականապես մերժում էին Հակոբոսի Ընդհանրական նամակի աստվածաշնչայնությունը,
ի թիվս որոնց բողոքականների հայր Մարտին Լյութերն էր նաև: Սա մի նամակ է, որն ի շարս
Աստվածաշունչ մատյանի մնացյալ գրքերի, ոչ միայն չի կորցնում իր արդիականությունը, այլև
գնալով ավելի ու ավելի ընդգծված կարևորություն է ձեռք բերում ցանկացած քրիստոնյա հասարակության
համար:

