Friday, September 30, 2011

ՔԱՐՈԶ ԽԱՉՎԵՐԱՑԻՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՄԵՌԵԼՈՑ ՊԱՏԱՐԱԳԻՆ



 Տ. ՄԱՐԿՈՍ ՔԱՀԱՆԱ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ` ԽՈՍՎԱԾ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՍՈՒՐԲ ԽԱՉՎԵՐԱՑԻՆ ՀԱՋՈՐԴՈՂ
ՄԵՌԵԼՈՑ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ
(Սեպտեմբեր 12, երկուշաբթի)


«Հոգւոցն հանգուցելոց Քրիստոս Աստուած
արա հանգիստ և ողորմութիւն և մեզ մեղաւորացս
շնորհեա զթողութիւն յանցանաց» («Մաշտոց»)


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն:
Սիրելիբարեպաշտ հավատացյալներ, մեր Եկեղեցու հայրերի իմաստուն որոշմամբ ողջ եկեղեցական տարվա ընթացքում մենք մեռելոց հիշատակության հինգ պատարագ ենք մատուցում` Քրիստոնեական Եկեղեցու հինգ մեծագույն տոներից անմիջապես հետո. դրանք են` Սուրբ Ծնունդը, Սուրբ Հարությունը, Պայծառակերպությունը, Աստվածածնի Վերափոխումը և Խաչվերացը: Այս հինգ տաղավար տոներին հաջորդող օրերին մենք հիշում ենք մեր ննջեցյալներին, աղոթում նրանց համար` իրենց ևս մասնակից դարձնելով մեզ համար մեծագույն այս տոներին:
      Մահը մեղքի արդյունք է, արդյունք անհնազանդության, ինչպես և Սուրբ Գիրքն է մեզ ուսուցանում: Մահը, թերևս մարդկության թշնամիներից միակն է, որին պարտության մատնելու մեծ հույսեր չկան դեռևս: Բոլորը փախչում են մահվանից, բոլորը վախենում և ամեն կերպ փորձում են հեռու վանել իրենցից մահը: Մարդիկ դարեր շարունակ տքնում են կյանքը երկարացնող, անգամ անմահություն պարգևող ինչ-ինչ դեղամիջոցներ հայտնագործելու համար, սակայն ապարդյուն: Զարմանալի է, բայց մեր կյանքում միակ իրական, անհերքելի փաստն այն է, որ մահ կա, որ բոլորս էլ մի օր մեռնելու ենք: Երեխան ծնվում է, և մենք չգիտենք, թե նա ինչ մասնագիտություն կստանա, չգիտենք կամուսնանա՞, թե՞ ոչ, լա՞վ մարդ կլինի, թե՞ վատ, զավակներ կունենա՞, թե՞ ոչ, միակ իրողությունը բոլոր ծնվածների համար այն է, որ սրանք բոլորն էլ մահանալու են մի օր: Մահն անխուսափելի է: Սոմերսեթ Մոեմը պատմում է, թե մի քաղաքում հարուստ մի իշխանավոր իր ծառային ուղարկում է շուկա` գնումներ կատարելու: Սա գնում է և սարսափած վերադառնում տուն ու դիմում իր տիրոջը` ասելով.
- Տիրակալ, ես այսօր շուկայում մահվանն եմ տեսել, նա ինձ շատ վախեցրեց, խնդրում եմ` ինձ տուր քո ամենաարագընթաց ձին, ես ուզում եմ փախչել այս քաղաքից:
Տերն իր ամենալավ ձին հանձնում է ծառային, և սա սրընթաց հեռանում է քաղաքից: Իշխանը որոշում է գնալ շուկա, որպեսզի գտնի մահվանն ու հարցնի այս ամենի մասին: Երբ իշխանավորը շուկայում հանդիպում է մահվանը, հարցնում է նրան.
- Ասա տեսնեմ, դու ինչո՞ւ իմ ծառային վախեցրիր այսօր:
Իսկ մահը, խորամանկ ժպտալով, պատասխանում է.
- Ես չէի ուզում վախեցնել, ես ուղղակի զարմացա, երբ նրան այս քաղաքի շուկայում տեսա, չէ՞ որ ես նրան այսօր երեկոյան ուրիշ քաղաքում պիտի հանդիպեի:
Սիրելիներս, քրիստոնյայի համար, սակայն, մահը սարսափելի չէ, քանի որ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, ինքն իր մահվամբ մահին հաղթեց. «Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց» («Շարակնոց»): Մեկ մարդով` Ադամով, մահը մտավ աշխարհ, իսկ Երկրորդ Ադամով` Քրիստոսով` անմահությունը: Եւ իրականում, եթե կուզեք իմանալ, մահ ընդհանրապես չկա. չէ՞ որ ըստ առաքյալի խոսքի` մենք բոլորս հարություն ենք առնելու:
Մեռելոց հիշատակության օրերին մենք Հոգեհանգիստ ենք կատարում և խնդրում Տիրոջից, որ նա բոլոր ննջեցյալների հոգիներին հանգստություն պարգևի և ողորմություն անի, իսկ մեզ` մեղավորներիս, մեղքերի, հանցանքների թողություն շնորհի: Բողոքական ուղղվածություն ունեցող քրիստոնյաները թերևս կառարկեն և կխոսեն մեր դեմ, թե մենք Սուրբ Գրքում մեռյալների համար աղոթելու որեւէ հրահանգ չունենք, ուրեմն ինչպես կարող ենք աղոթել նրանց համար, մանավանդ, որ նրանք այլևս որևէ հնարավորություն չունեն իրենց մեղքերը քավելու: Առաջին հայացքից իրական է առարկումը, Սուրբ Գրքում չկա նման հրահանգ, սակայն նույն կերպ Սուրբ Գրքում չկա նաև Երրորդություն բառը, բայց մենք գիտենք, որ այն իրական է և կա հենց որպես Երրորդություն: Խնդիրն այն է, որ Բողոքական Եկեղեցու` Աստվածաշնչի կանոնը կազմող գրքերի մեջ չկան օրինակ Մակաբայեցիների երկորդ գիրքը, Բարուքի գիրքը, որոնցում հստակ վկայություններ կան մեռյալների համար աղոթք անելու վերաբերյալ: Երկրորդ Մակաբայեցիներում պատմվում է, թե ինչպես պատերազմից հետո Հուդա Մակաբայեցին գտնում է իր զինակիցների մարմինները և նրանց շորերի մեջ հայտնաբերում հուռութքներ, բժժանքներ և սնոտիապաշտական զանազան առարկաներ, որոնց համար սաստիկ տրտմում է և կոչ անում աղոթելու նրանց համար, իսկ «Եթե պատերազմում ընկածների հարության ակնկալություն չունենար, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցելը» (Բ Մակ. ԺԲ 44): Նույն կերպ և Պողոս առաքյալն է աղոթում Օնեսիփորոսի և նրա ընտանիքի համար, այն ժամանակ, երբ Օնեսիփորոսն արդեն կենդանի չէր. «Թող Աստված ողորմած լինի Օնեսիփորոսի ընտանիքին... տա Տերը, որ նա ողորմություն գտնի Տիրոջից այն օրը» (հմմտ. Բ Տիմ. Ա 16-18): Նույնպես և Սողոմոնն է հիշում իր հայր Դավթին (հմմտ. Սաղմ. 131:1): Եւ բացի այս բոլոր տեղիները, եթե մեր պատկերացումները Եկեղեցու մասին ճշմարիտ լինեն, ապա որևէ խնդիր չի առաջանա մահացածների համար աղոթելու հարցում: Մենք Եկեղեցին պայմանականորեն բաժանում ենք երկու մասի. առաջին` անդրանկաց կամ հաղթանակած Եկեղեցի և երկրորդ` մարտնչողների կամ զինվորյալ Եկեղեցի: Եկեղեցին ընդհանրական է, և եթե այն բոլոր սուրբերն ու առաքինի անձինք, ովքեր մեռան և հավիտենական կյանք տեղափոխվեցին, կենդանի են, ապա որն է խնդիրը, որ մենք աղոթենք նրանց համար: Եթե ես այսօր կարող եմ աղոթել ձեզանից յուրաքանչյուրի համար, անկախ այն հանգամանից, թե որտեղ եք գտնվում դուք և որտեղ` ես, քանի որ մենք բոլորս էլ հոգի ունեցող, հոգևոր էակներ ենք, ապա ո՞րն է խնդիրը, որ ես աղոթեմ նաև իմ ննջեցյալների համար, որոնց հոգիները ևս կենդանի են:
Սիրելիներ, այսօրվա իմ հորդորը պիտի լինի, որ մենք աղոթենք մեր ննջեցյալների համար: Մեր ժողովրդի մեջ տարածված շատ անիմաստ սովորություններ կան կապված ննջեցյալների և նրանց հուղարկավորության հետ: Օրինակ` շատերն իրենց հարազատի մահվանից հետո` մինչև քառասունքը, ամեն շաբաթ հավաքվում ու գնում են գերեզմանոց և վերադառնում ննջեցյալի տուն հոգեհացի, որը շատ դեպքերում խնջույքից ոչնչով չի տարբերվում: Տեսնում ենք, որ շատերը տարված են իրենց հարազատի ճոխ շիրմաքար կամ մահարձան կառուցելու հոգսով, այնինչ այս ամենն անօգուտ են ննջեցյալների համար: Ոչ մեր կազմակերպած թաղումը, ոչ ուտել-խմելը, ոչ մահարձանի թանկարժեքությունը բացարձակապես օգտակար չեն այն մարդուն, ով այլևս մեզ հետ չէ. միակ լավությունը յուրաքանչյուր ննջեցյալի համար, որ կարող ենք անել մենք` ողջերս, աղոթելն է: Շատ հետաքրքրական կերպով մեր ժողովուրդը թաղմանը տվել է «հուղարկավորություն» անվանումը, որն առավել նախընտրելի է ինձ համար, քան «թաղում» բառը, քանի որ երբ գրաբարում բացում ես այս բառի իմաստը, հասկանում ես, թե իրականում որքան խորն ու հիմնավոր է եղել մեր պապերի քրիստոնեական հավատքը, որ նրանք թաղմանն ասել են «հուղարկավորություն» (յ+ուղի+արկանել): Այսինքն` նրանք այն միտքն են ունեցել, թե ճանապարհ են դնում իրենց հարազատին մեկ ուրիշ աշխարհ և հավատացել են, որ իրենց մերձավորն այնտեղ կենդանի է լինելու: Բառերը միտումնավոր երբեք չեն առաջանում. նրանք ծնվում են ժողովրդի ազգային հոգեբանությունից և մտածողությունից:
Ամեն անգամ մեռելոց հիշատակության օրը, երբ մենք գալիս ենք Եկեղեցի, մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, մեզ համար շատ լավ առիթ է նաև ինքներս մեզ քննելու համար: Մահն անտանելի երիտասարդացել է, և որևէ մեկն ապահովագրված չէ նրանից: Եկեղեցու հայրերը միշտ խրատում են, որ եթե ուզում ենք ապրել սուրբ կյանքով, անմեղ վարքով, ապա պետք է ապրենք Աստծո պարգևած ամեն օրն այնպես, ինչպես կապրեինք մեր կյանքի վերջին օրը: Խնդրում եմ մի պահ պատկերացրեք, որ այսօր ձեր վերջին օրն է այս աշխարհի վրա, ի՞նչ կանեք դուք. կփորձեք հաշտվել բոլոր այն մարդկանց հետ, ում հետ որ գժտված եք, կփորձեք ներողություն հայցել բոլոր նրանցից, ում որ վիրավորել ու խոցել եք, կփորձեք անել հնարավոր բոլոր լավ գործերն ու բարությունները, որոնք մինչ այդ պիտի անեիք, բայց չեք արել: Սիրելիներս, անշուշտ, ես մեծ հույս ունեմ, որ այստեղ այս պահին ներկաներից և ոչ մեկի համար վերջին օրը չի լինելու այս օրը, սակայն հոգեշահ և օգտակար են այս մտորումները: Անկեղծ ասած, մահվան մասին շատ մտածել էլ պետք չէ, որովհետև ինքն արդեն շատ լավ է մտածում մեր մասին: Թերևս այս է նաև պատճառը, որ մեր Եկեղեցին չափազանց իմաստուն կերպով տարվա մեջ ընդամենը հինգ հատուկ մեռելոց հիշատակության օր է կարգել, որոնց ժամանակ մենք հիշատակում ենք մեր բոլոր ննջեցյալներին:
Պետք է ապրել այս կյանքը մեր անձերը Տիրոջ կամքին հանձնելով. «Զանձինս մեր և զմիմեանս Տեառն Աստուծոյ Ամենակալին յանձն արասցուք» (Սաղմ.): Միայն այս դեպքում է, որ այլևս չենք սարսափի մահվանից: Մենք վախենում ենք մահից, որովհետև մեղքերով լի են մեր սրտերը, իսկ եթե մաքուր լինեն մեր հոգիները, մենք երբևէ մահվան մասին չենք էլ մտածի: Շատերը զանզան պատկերացումներ ու մտորումներ ունեն մահվան վերաբերյալ: Մենք նմանվում ենք այն թիթեռնիկներին, որոնք փորձում էին ճանաչել կրակը: Նրանցից մեկը, մոտենալով կրակին, փոքր-ինչ այրում է իր թևիկներից մեկն ու ասում է, թե կրակն այրող է, այն շատ տաք է: Մյուս թիթեռնիկը առավել մոտենալով կրակին, կկոցում է աչքերն ու ասում, որ կրակն ուժեղ լույս է: Իսկ երրորդ թիթեռնիկն այնքան է մոտենում կրակին, որ այլևս չի վերադառնում: Թերևս այս երեքից միայն վերջինն էր, որ ճշմարտագույնս ճանաչեց կրակը, բայց այն այլևս հնարավորություն չունեցավ այդ մասին խոսելու: Քրիստոնյայի համար մահն ընդամենը անցում է մարմնավոր, ոչ կատարյալ, ապականացու մի վիճակից դեպի առավել կատարյալ ու բարձր մի կեցություն, որ պահված է երկնքի արքայությունում: Պատահական չէ, որ Եկեղեցու սուրբերից շատ-շատերն իրենք իրենց մահվան ժամանակը գիտեին և իրենք անձամբ մահվանից առաջ պառկում էին նախապես իրենց իսկ պատրաստած դագաղներում և հանգիստ հոգով ու խաղաղ սրտով սպասում իրենց վախճանի ժամին. սա է քրիստոնեական կատարելությունը:
Մեկ անգամ ևս իմ կոչն է, որ բոլորս այժմ, հընթացս Սուրբ Պատարագի, շարունակենք մեր աղոթքներն ու խնդրանքներն ուղղել Ամենազոր Տիրոջը, որպեսզի նա իր լուսավոր օթևաններում հավիտենական հանգստություն պարգևի մեր բոլոր ննջեցյալներին:
Շնորհ Տեառն մերոյ և Փրկչին Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ, ամէն:

No comments:

Post a Comment