Wednesday, November 30, 2011

Karl Barth: ԱԿՆԹԱՐԹՆԵՐ - ՏՂԱՄԱՐԴ ԵՎ ԿԻՆ


«Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով,
Աստծու պատկերով ստեղծեց նրան,
արու և էգ ստեղծեց նրանց»:
(Ծննդ. 1:27)



     Աստված միության մեջ է ներկա: Միության հիմքն Աստծո մեջ է, քանի որ Աստված իր բնությամբ միայնակ չէ: Վատ է, երբ մարդը մենակ է, քանի որ «լինել մարդ» նշանակում է միության մեջ լինել «ուրիշի» հետ: Ամեն մարդ տղամարդ է կամ կին. այս երկու հասկացությունները նախնական և հավիտենական միության ու հակադրության մեջ են գտնվում: Կինը տղամարդու համար և տղամարդն էլ կնոջ համար այն «ուրիշն» է, ում հետ իրականանում է միությունը, այն ուղեկիցն է, ում Աստված է նախատեսել մեզ համար: Տեսնել այդ «ուրիշին» և տեսնել սեփական արտացոլանքը նրա աչքերում ու հոգում, խոսել նրա հետ և լսել նրան, ընդունել նրա օգնությունը և օգնության հասնել նրան. ահա´ ամենակարևոր մարդկային կարիքը: Այդ միությունը կլինի մարդու համար ի տխրություն կամ հուրախություն` ողջ կյանքի ընթացքում:
     Մարդն առաջին անգամ ճանաչում է ինքն իրեն ուրիշի` իր հավիտենական ճանապարհորդակցի միջոցով` փորձելով պատասխանել նրա հարցերին. «Կարո՞ղ ես ամենայն հանձնառությամբ ասել, թե ապրում ես այնպես, ինչպես մարդուն է հարիր: Կարո՞ղ ես դրանում ինձ այնպես համոզել, որ ես հավատամ քեզ»: Եթե տղամարդը մշտապես հիշեր, որ ամեն ինչից առաջ որպես մարդ պիտի ներկայանա կնոջ աչքերում, ում համար ինքը մի մեծ հարցական նշան է, ապա նա վստահաբար չէր խոսի ու չէր գործի մեծամասնությունն այն ամենից, ինչն ընդունված է համարել զուտ տղամարդկային (կամ էլ կխոսեր ու կգործեր այդ ամենն ընդհանրապես այլ կերպ): Նույնը վերաբերում է նաև տիպիկ կանացի խոսքերին ու արարքներին: Ե´վ տղամարդու, և´ կնոջ համար էլ միայնակությունը և միայն սեփական անձի համար պատասխանատվություն կրելու զգացումը պատահական, արտաքին, ժամանակավոր վիճակներ են: Նրանց իրական, ճշմարիտ կեցությունը «ուրիշի» հետ միության մեջ լինելն է:


No comments:

Post a Comment