Հիմարությունն ավելի վտանգավոր թշնամի է բարության համար, քան չարությունը: Չարի դեմ կարելի է բողոքել, այն կարելի է բացահայտել, ծայրահեղ դեպքում այն կարելի է ուժի միջոցով կասեցնել: Չարը մշտապես իր մեջ է կրում ինքնաոչնչացման սաղմը` իրենից հետո նստվածք թողնելով մարդու մեջ: Հիմարության դեմ, սակայն, մենք անպաշտպան ենք: Այստեղ ոչնչի հասնել չի լինի ո´չ բողոքելով, ո´չ ուժով, փաստարկները չեն օգնում, սեփական դատողությանը հակասող փաստերին էլ ուղղակի չեն հավատում: Այսպիսի դեպքերում հիմարն անգամ վերածվում է քննադատի, իսկ եթե փաստերն անհերքելի են, դրանք ուղղակի մերժվում են որպես ոչ մի նշանակություն չունեցող պատահականություն; Ընդ որում, հիմարն ի տարբերություն չարագործի, բացարձակապես գոհ է ինքն իրենից, և դառնում է վտանգավոր, երբ գրգռված է, իսկ նա դրան հեշտությամբ է տրվում ու անցնում հարձակման: Այստեղ է թաքնված պատճառն այն բանի, որ մենք ավելի զգուշությամբ ենք մոտենում հիմար մարդուն, քան չարին: եվ ոչ մի դեպքում հնարավոր չէ փորձել ողջամիտ փաստարկներով հիմարին հակառակում համոզել. դա անհույս է և վտանգավոր:
Մենք կարո՞ղ ենք արդյոք հաղթահարել հիմարությունը: Դրա համար անհրաժեշտ է ջանալ հասկանալ նրա էությունը: Հայտնի է, որ հիմարությունը ոչ այնքան ինտելեկտուալ, որքան մարդկային թերություն է: Կան չափազանց խելացի, բայցևայնպես հիմար մարդիկ, սակայն կան նաև ծանրախոհ մարդիկ, որոնց կարելի է անվանել ինչպես կամենաս, բայց ոչ երբեք հիմարներ: Մենք զարմանքով այս բացահայտումն ենք անում որոշակի իրավիճակում: Ընդ որում, ոչ միայն տպավորություն է առաջանում, թե հիմարությունն ի ծնե թերություն է, այլ այն եզրահանգման ես գալիս, որ որոշակի իրավիճակներում մարդիկ հիմարանում են կամ իրենց հիմարացնել են տալիս: Հետո մենք նկատում ենք, որ ինքնամփոփ, միայնակ մարդիկ ավելի հազվադեպ են ենթակա այս թերությանը, քան ակտիվ շփման հակված (կամ դատապարտված) մարդիկ և մարդկանց խմբերը: Այս պատճառով հիմարությունը ներկայանում է ավելի շատ որպես սոցիոլոգիական, քան հոգեբանական խնդիր: Այն մի տեսակ պատմական իրադարձությունների ներգործությանը տված արձագանքն է, կողմնակի հոգեբանական երևույթ` արտաքին հարաբերությունների համապատասխան համակարգում: Մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ արտաքին իշխանության ճնշման ցանկացած ուժեղացում (լինի դա քաղաքական, թե կրոնական) մարդկանց նշանակալի զանգված վարակում է հիմարությամբ: Տպավորություն է առաջանում, որ սա ուղղակիորեն սոցիոլոգիական և հոգեբանական օրենք է: Ոմանց իշխանությունը կարիքն ունի ուրիշների հիմարության: Այս գործընթացը կապված է ոչ թե մարդկային բնատուր ունակությունների հանկարծակի անկամ կամ իսպառ վերացման հետ, այլ այն երևույթի հետ, երբ անհատը ամենակործան իշխանության զորությունից ճնշված, զրկվում է ներքին ինքնուրույնությունից (քիչ թե շատ անգիտակցաբար) և հրաժարվում է ստեղծված իրավիճակում սեփական դիրքորոշման փնտրտուքից: Հիմարությունը հաճախ ուղեկցվում է համառությամբ, բայց սա շփոթության մեջ չպիտի գցի կապված հիմարի անինքնուրույնության հետ: Շփվելով այսպիսի մարդու հետ` պարզապես զգում ես, որ խոսում ես ոչ թե հենց իր հետ, իր անձի հետ, այլ նրան ամբողջությամբ տիրած լոզունգների և կոչերի հետ: Նա անեծքի տակ է, նա կուրացած է, նա վիրավորված և անարգված է սեփական ինքնությամբ: Այժմ արդեն կամազուրկ զենք դարձած հիմարն ունակ է ցանկացած չարիք գործելու և միևնույն ժամանակ նա այլևս անկարող է ընկալել այն որպես չարիք: Այստեղ է արմատացած մարդուն չար նպատակով սատանայաբար օգտագործելու վտանգը, ինչը կարող է մեկընդմիշտ ոչնչացնել նրան:
Եվ հենց այստեղ էլ միանշանակ պարզ է դառնում, որ հիմարությունը հաղթահարել կարելի է ոչ թե ուսուցման, կրթման, այլ ազատագրման ակտով: Սրա հետ մեկտեղ, սակայն, հարկ է ընդունել, որ ճշմարիտ ներքին ազատագրումը դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դրան նախորդում է արտաքին ազատագրումը. քանի դեռ սա չի պատահել, մենք պետք է հրաժարվենք հիմարի վրա համոզմունքով ազդելու բոլոր փորձերից: Այս իրավիճակում ակնհայտ է ապարդյունությունը մեր ջանքերի, երբ փորձում ենք հասկանալ, թե ինչի մասին է մտածում «ժողովուրդը» և թե ինչու այս հարցն ընդհանրապես ավելորդ է մտածող և սեփական պատասխանատվության գիտակցումով գործող մարդկանց պարագային: Սկիզբն իմաստութեան երկիւղ Տեառն (Սաղմ. 110:10) Սուրբ Գիրքը խոսում է այն մասին, որ Աստծո առաջ պատասխանատու կյանքի համար մարդու ներքին ազատագրումն է միակ իրական հաղթահարումը հիմարության:
Իմիջիայլոց, հիմարության մասին այս մտքերում ամեն դեպքում որոշ մխիթարություն կա. նրանք թույլ չեն տալիս մարդկանց մեծամասնությանը հիմար համարել ցանկացած իրադրությունում: Իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի վրա են խաղադրույք կատարում ղեկավարները` մարդկային հիմարության, թե մարդկանց ներքին ինքնուրույնության և բանականության:
ազատագրման ակտո որն է այն? Եվ մենք ինչպես կարող ենք մասնակից լինել դրան??? Երեկ նման խոսակցության մասնակից էի ինքս,խնդիրը հիմարության մասին չէ,այլ նրա որ հասկանում ես,որ ինչ էլ ասես անօգուտ է,բայց և այնպես լռելով էլ դու դիմացինիդ աչքերում դառնում ես անտարբեր,ինչ անել այդ ժամ??
ReplyDeleteԴիանա ջան հեղինակն այստեղ երբ ասում է ազատագրում, կարծում եմ հասկանում է ուժի միջոցով գործելը: Բոնհոֆֆերը կարծում էր, որ պիտիիշխանափոխություն լինի, որպեսզի հիմարացումն ու հիմարությունը վերանան: Չմոռանանք, որ Բոնհոֆֆերն Հիտլերի մահափարձը կազմակերպողներից մեկն էր...
ReplyDeleteԻսկ այն որ երբեմն դիմացինդ անդառնալիորեն բութ է լինում, ես այդ դեպքերում չեմ փորձում որևէ կերպ դիմացինիս սխալ լինելը հասկացնել, միևնույն է, անօգուտ է: Իսկ եթե այնպիսի մեկն է, ում համար ցավում ես, կարելի է միայն աղոթել, թերևս Աստված նրան խելքի բերի:
Շնորհակալ եմ Տեր Հայր ջան: Իրոք դիմացինս նա էր ում մասին շատ եմ մտածում և անհանգստանում,ես գտա որ ավելի լավ է լռել ու չպատասխանել,բայց լռությունս էլ ոչինչ չտվեց և այնպես դուրդ եկավ որ լռելով ես անտարբեր դարձա նրա աչքերում:Սա այն դեպքն է երբ հասկանում ես,որ անելանելի վիճակում ես հայտնվել և ուր էլ գնաս մեկ է ելք չկա և ինչ էլ ասես մեկ է սխալ ես լինելու...
ReplyDelete