Tuesday, November 29, 2011

Karl Barth: ԱԿՆԹԱՐԹՆԵՐ - ՀՈՒՄՈՐ

«...որովհետև պիտի ծիծաղեն»:
(Ղուկ. 1:23)

     Եթե մարդը հումորի զգացում ունի, նշանակում է, որ նրա հոգին քնած, սառած չէ. այն ապրում է և շարժման մեջ է: Հումորն առաջանում է այն ժամանակ, երբ մենք առանձնահատուկ պատասխանատվությամբ զգում ենք մեր բնության երկվությունը. որպես Աստծո որդիներ` մենք պատկանում ենք հավիտենությանը, որպես մարդիկ` մենք ապրում և գործում ենք ժամանակի մեջ:
     Հումորը փակագծերից դուրս է հանում իրականության ողջ լրջությունը. հումորը հայտնվում է իրականության լրջության դեմ մղվող պայքարի մեջ: Բայց այդ պայքարի մեջ մենք` Աստծո որդիներս, չենք կարող միշտ լուրջ մնալ: Աստծո կողմից մեզ համար պատրաստված ապագան հայտնվում է ժպիտով. ժպիտով տխուր, ժպիտով արցունքոտ և ուրախությամբ, որով մենք պետք է ընդունենք լուրջ և տխուր ներկան` այն, ինչ գտնվում է փակագծերի ներսում: Այդ ժպիտը, այդ ուրախությունը. նրանք իրենց մեջ ապագան են կրում: Այդ պատճառով ճշմարիտ հումորը տարբերվում է կեղծից նրանով, որ ճշմարիտի հիմքում իմացությունն ու տառապանքն են ընկած:
     Մենք հանկարծակի տեսնում ենք փակագծերը, որոնցում ինքներս ենք հենց գտնվում: Այսպես է սկսվում հումորը: Այս պատճառով շատ բնական է հումորն ամենից առաջ ինքներս մեր և միայն սրանից հետո ուրիշների վրա բևեռելը: Միայն և միայն այդ ժամանակ է, որ մեր հումորի մեջ չի լինի թույն ու մաղձ, այլ կլինի մխիթարություն և ազատագրում, եթե անգամ մենք այդ հումորն ուղղած լինենք ուրիշների վրա:
     Միայն նա իրավունք ունի ծիծաղելու ուրիշների վրա, ով արդեն ծիծաղել է ինքն իր վրա: Իսկ ով անկեղծ ծիծաղել է, երբ իր վրա են ծիծաղել, նա դիմացել է վերջին ամենադժվար քննությանը: Այս քննությունը շատերն են ամոթանքով ձախողել նրանցից, ովքեր հպարտությամբ իրենք իրենց հումորիստ են անվանել:

No comments:

Post a Comment