Showing posts with label Հիսուս Քրիստոս. Show all posts
Showing posts with label Հիսուս Քրիստոս. Show all posts

Sunday, June 9, 2013

Ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ...

           Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ...
/Մատթ. 12.7/

Օրվա Աւետարանից վերցված այս խոսքերով Քրիստոս հանդիմանեց փարիսեցիներին, ովքեր մեղադրում էին Նրա աշակերտներին շաբաթը չպահելու մեջ: Վերջիններս, անցելով արտերի մոտով, պոկել էին հասկերը եւ կերել, որովհետեւ քաղցած էին: Փարիսեցիները դա համարում էին շաբաթ օրը սուրբ պահելու պատվիրանի խախտում, քանի որ Աստված պատվիրել էր այդ օրը չաշխատել: Բայց այս խոսքերով Քրիստոս ցանկանում էր նրանց ցույց տալ, թե որքան են նրանք հեռացել իրական պատվիրանապահությունից, իրական աստվածպաշտությունից, պահելով միայն այդ ամենի արտաքին կողմը, միայն ձեւը, եւ հեռացել բուն էությունից: Հիսուս սովորեցնում է, որ մեծագույն աստվածապաշտությունը, դա մարդկային կարիքին ծառայելն է:               
«Ովսաննա՜..., Օրհնութիւ՜ն Դաւթի Որդուն...». նման բացականչություններով էր դիմավորում ժողովուրդը Քրիստոսին՝ Երուսաղեմ մտնելիս: Տեսարանը հանդիսավոր էր, տոնական: Ովսաննա՜, աղաղակում էր ամբոխը, իսկ Տերը նայում էր ու ներքուստ  արտասվում: Այն ժամանակ արտաքին տպավորությունը տոնական էր, բայց Տերը նայում էր այն բանին, թե ինչ է անտեսանելիորեն կատարվում մարդկանց հոգիներում ու սրտերում, եւ տեսնում էր ողբի արժանի պատկեր: Արդյո՞ք,  նման մի բան չի կատարվում մեր եկեղեցական տոնակատարությունների, ծիսակատարություների ժամանակ: Եւ մե՛զ մոտ տոնակատարություններն արտաքնապես տոնական են, բայց, արդյո՞ք, ներքնապես բոլորի տրամադրությունն այդպիսին է: Ոմանք չեն հասկանում տոների, խորհուրդների ուժն ու նշանակությունը, ոմանք թույլ կերպով ինչ որ բան զգում են, բայց պարզ ոչինչ չեն տեսնում, եւ հազվադեպ է,  որ մեկը տեսնում  եւ զգում է ու տոնին արժանի կերոպով է դրսեւորում իրեն: Տիրոջից այդ ամենը թաքցնել հնարավոր չէ, եւ ճշմարիտ չէ, եթե Հիսուս Քրիստոս, մարդկայնորեն ասած, արտասվում է, երբ մենք տոնական բացականչություններ ենք անում:
Երբ եկեղեցում աղոթքի ենք կանգնում, խդրելու Աստծուց աշխարհին խաղաղություն, եկեղեցուն հաստատություն, հիվանդներին առողջություն,  վշատացածներին մխիթարություն, բերք ու բարիքի առատություն, ննջեցյալների հոգիներին հանգստություն, սաղմոսում ենք, քարոզում, երգում, ամեն ինչ փորձում ենք անել գեղեցիկ, բայց ցավոք շատ հաճախ ո՛չ որպեսզի Աստծուն լսելի լինի, ո՛չ որպեսզի ընդունելի լինի, ո՛չ որպեսզի Քրիստոս փառավորվի, այլ որպեսզի մեր մարդկային սին փառասիրությանը հագուրդ տրվի, լսում ենք մեր եղբայրներին, ո՛չ թե աղոթակից լինելու, այլ նրանց սխալները, թույլ տված վրիպակները որսալու, եւ հետո ծաղրելու, քննադատելու ու դատելու համար, մեզ ավելի խելացի ու գիտուն զգալու՛ համար:
Ժամերգության ենք կանգնում հաճախ միայն ֆիզիկապես, որվհետեւ մեր միտքն ու հոգին այլ տեղում են՝ տարված ունայնությամբ, դժգոհում ենք, տրտնջում, մոռանալով, որ այդ կերպ Քրիստոսին փառավորողներից ակամայից վերածվում ենք Տիրոջն անարգողների:
Պատրաստվում ենք ամուսնանալ, գեղեցիկ զգեստներ, շքեղ մեքենաներ, վարդի թերթիկներ, աղավնիներ, զարդարված եկեղեցի, բայց այս ամենը հաճախ ընդամենը շոու է, նորաձեւության թելադրանք, ընտանեկան ֆիլմադարանը գեղեցիկ դրվագներով հարստացնելու փորձ, ամեն ինչ, բայց ո՛չ Ս. Հոգու շնորհով մեկ մարմին դառնալու խորհուրդ:
Ցանկանում ենք մկրտել մեր երեխաներին, կրկին մեծ ոգեւորությամբ պատրաստվում ենք, ոսկյա թանկարժեք խաչեր, զամբյուղներ, մոմեր, տարատեսակ տարոսիկ կոչված մանրուքներ, «լավ», ունեւոր քավոր, բայց ո՛չ քրիստոնյա եւ բանիմաց կնքահայր, եւ վերջում, իհարկե, ճոխ խնջույք: Այս վիճակը շատ նման է, եթե, ասենք, նույն այդ զույգերը, որ պատրաստվում են երեխա ծնել, ապրեին ցոփ ու շվայտ կյանքով, ամեն օր դիսկոտեկներ, գինարբուքներ, մի խոսքով տարատեսակ աշխարհիկ զվարճանքներ, որոնք մեր ժամանակներում այնքան բազմազան են, ու երբեւէ չայցելեին բժշկին, խորհրդակցեին, հետեւեին, արդյո՞ք, հղիությունը նորմալ  է ընթանում, իսկ երբ գար ծննդաբերելու պահը, բժիշկին հորդորեին, որ ամեն ինչն արագ անի, քանի որ իրենց հյուրերը սպասում են, պետք է գնան՝ աչքալուսանք խմելու:
Անշուշտ, այս դեպքում այդ հղիությունը կամ ժամանակից շուտ կընդհատվի, կամ էլ, ամենայն հավանականությամբ, կծնվի խեղված երեխա: Փառք Տիրոջը, մարդիկ հիմնականում այս ամենը գիտակցում են, եւ ամեն ինչ անում են, ինչպես որ հարկն է՝ հանգիստ կյանք, առողջ սնունդ, հնարավորինս լավ բժիշկ, լավ հիվանդանոց եւ այլն եւ այլն... Բայց, սիրելինե՛ր, եթե այսքան ուշադիր ու նախանձախնդիր ենք ֆիզիկական ծնունդի դեպքում, ապա որքան եւս արժե լինել հոգեւորի ժամանակ:
Մատաղ ենք անում, գնում ենք ամենապարարտ ու լավ մատաղացուն, բայց դրանից որքա՞նն ենք առանձնացնում Տիրոջ եւ եղբայրների համար: Կամ ոչի՛նչ, կամ չնչին ինչ-որ բան. գրեթե ամենը հասնում է որովայնին եւ ունայնությանը:
Գալիս ենք պատարագի, կանգնում ենք ձեռնամած ու աղոթում, արտաքնապես նման այն մաքսավորին, ով տաճարում, աչքերն առանց վեր բարձրացնելու կուրծքն էր ծեծում եւ ասում. «Աստվա՛ծ, ների՛ր մեղավորիս մեղքերը»: Բայց մեր ներսում կանգնած է փարիսեցին, ով շուտով զգացնել է տալիս իրեն, եւ մենք սկսում ենք աջ ու ձախ նկատողություն անել այդ ոչ «ճշմարիտ» հավատացյալներին, հասցնում ենք նկատել բոլորի թերությունները, եւ փառք ենք տալիս Աստծուն, որ նման չենք ուրիշներին, մինչդեռ այդ պահին Քրիստոս պատարագվում է մե՛ր իսկ մեղքերի համար:
Ու Քրիստոս ամեն անգամ խորանից նայում է մեզ ու ողբում մեզ համար, որովհետեւ մենք, որ քիչ առաջ Ովսաննա էինք բացականչում, այժմ արդեն աղաղակում ենք խա՛չը հան դրան... Այդպիսին ենք մենք, այսպես ասած, փրկվածներս, արդարացվածներս, որդեգրվածներս: Ուխտ ենք արել, ընդունել ենք պարտավորություններ՝ հոգով ընթանալ եւ մարմնական արատներից հեռու մնալ, իսկ այստեղ ի՜՞նչ է կատարվում: Հավակնում ենք Արքայության որդիներ կոչվել, բայց  վերջին ծառաներից էլ վատն ենք...
Իսկ ինչո՞ւ  է այսպես:
Այս ամենը հետեւանք է այն բանի, որ մեր սրտերը կարծրացել են: Այս ամենը հետեւանք է մեր անտարբերության: Մենք անտարբեր ենք այն ամենի հանդեպ ինչը որ մեզ չի վերաբեում, մենք անտարբեր ենք միմյանց նկատմամբ, անտարբեր ենք մարդկային կյանքի, հոգսերի, դժբախտությունների, կարիքների, հիվանդությունների հանդեպ: Զո՛հ չեմ կամենում, այլ՝ ողորմություն: Մենք մոռացել ենք ինչ ասել է որղորմություն: Ողորմությունը սիրո մայրն է, սիրո, որ զանազանում  է քրիստոնյաներին, որ գերազանցում է բոլոր նշանները, որ ծառայում է որպես Քրիստոսի աշակերտների նշան: Մենք ունենք շատ քիչ վկայություններ այն մասին, որ Հիսուս ընդհանրապես պաշտոն է սինագոգում ղեկավարել (Նազարեթում), բայց մենք ունենք բազմաթիվ վկայություններ այն մասին, որ Նա սնել է սովյալներին, մխիթարել սգավորներին եւ հոգ տարել հիվանդներին:
Ոչ ոք չի կարող ասել. Ես ունեվոր չեմ, ես ողորմածություն տալու ոչինչ չունեմ: Տո՛ւր երկու լումա, ինչպես աղքատ այրին, եւ Աստծուն այն ավելի հաճելի կլինի քան հարուստների նվերները: Գումար չո՞ւնես, ունես ուժ եւ կարող ես ծառայությամբ ողորմություն անել չունեւոր եղբորդ: Այդ է՞լ չես կարող: Կարող ես խոսքով մխիթարել քո եղբորը: Եւ եթե խոսքով էլ չես կարող օգնել նրան, ապա կարող ես եղբորդ բարկության պահին ողորմած լինել նրա հանդեպ եւ համբերել նրա խռովության ժամանակ, տեսնելով նրա գայթակղությունը ընդհանուր թշնամուց, եւ փոխանակ այն բանի որ նրան պատասխանես եւ ավելի վրդովեցնես, կարող ես լռել. Դրանով նրան ողորմություն կանես, ազատելով նրա հոգին թշնամուց: Կարող ես ներել եղբորդ, ով քո դեմ է մեղանչել: Աստված մեզ իշխանություն է տվել ներելու միմյանց հանդեպ թույլ տրված մեղքերը, եթե կցանկանք իհարկե, եւ այդպիսով ոչինչ չունենալով մարմնին ողորմություն անելու, մենք կողորմենք նրա հոգուն: Իսկ ո՞րն է առավել այն ողորմությունից, որ արված է հոգուն:
Նմանանվե՛նք Հիսուսին, ողորմած լինենք, եւ այնժամ տաճար գալով ողորմություն կփնտրենք ու երանության կարժանանանք, քանզի ողարմածները ողորմություն պիտի գտնեն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամեն:


09/06/2013
Հրեշտակապետաց եկեղեցի
Ս. Էջմիածին
Քահանայից պատրաստման Գ լսարանի սան`
Թորգոմ Սաղաթելյան

Thursday, August 16, 2012

ԵՍ ԵՄ ՃՇՄԱՐԻՏ ՈՐԹԱՏՈՒՆԿԸ /Հովհաննես 15:1/


15 «1Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է։ 2Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի։ 3Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի։4Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք։ 5Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող։ 6Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի։ 7Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի։ 8Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք։»։
Հովհաննես 15:1-8

Friday, July 6, 2012

Անապատում կանչողի ձայնը


      Բարի լուրերի սկիզբն ազդարարում է Հովհաննես Մկրտիչը: Նա մարդկանց կոչ էր անում դարձի գալ, ապաշխարել և մաքրվել: Հովհաննեսի գործունեության մասին դեռ շատ վաղուց` մարգարեների գրքերում էր խոսվել: Մարկոսի Ավետարանի 1-ին գլխի 2-3 համարներն էլ հենց ներկայացնում են Հովհաննես Մկրտչի մասին այդ մարգարեությունները: Այս երկու համարներն իրենց մեջ են ներառել Մաղաքիայի մարգարեության 3-րդ գլխի 1-ին և Եսայու մարգարեության 40-րդ գլխի 3-րդ համարները:

     Մարկոս 1:2-3
      Ինչպես որ գրված է մարգարեների գրքերում. «Ահավասիկ ես ուղարկում եմ իմ պատգամավորին քո առաջից, որ կպատրաստի քո ճանապարհը քո առաջ»։ Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցե՛ք նրա շավիղները»:

Sunday, July 1, 2012

Լուրեր, լուրեր, լուրեր...


     Երբեւէ մտածել եք, թե որքան ժամանակ ենք ծախսում լուրերի վրա. ուրախ, տխուր, հավաստի, անհիմն, ստահոդ եւ այլն: Ինչ տեսակի լուր ասես գալիս ու բռնի կերպով տեղավորվում են մեր ուղեղում` երբեմն ուրախացնելով, իսկ ավելի հաճախ տխրեցնելով ու զայրացնելով մեզ: Եվ շատ անգամ, հավատացե՛ք, որ տեղեկատվական այս տեղատարափի պայմաններում մեր կյանքի համար ամենից կարեւոր լուրերը վրիպում են մեր ուշադրությունից եւ մի կողմ քաշվում`սպասելով հարմար առիթի, որ նորից հայտնվեն: Վստահ եմ, որ այսօր, միգուցե հենց այս պահին, այդ հարմար առիթներից մեկը հենց Քեզ է ընձեռնված: Հնարավոր է զարմանաս, բայց այն լուրը, որի մասին ուզում եմ խոսել հիմա, վաղուց բոլորին է քաջ հայտնի: Հայտնի է,

Sunday, February 5, 2012

ԷՄՄԱՆՈՒԵԼ /Եսայի 7:14 - Մատթ. 1:23/

Ժամանակակից աստվածաշնչագիտության մեջ շատ գիտնականներ մեղադրում են Մատթեոս Ավետարանչին, թե նա կոնտեքստից կտրված մեջբերումներ է անում Հին Կտակարանից, օրինակ` հենց Մատթ. 1:23 համարը, որում ասվում է . «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ» /մեջբերում Եսայի 7:14-ից/: Այս համարի շուրջ գոյություն ունի երեք հիմնական տեսակետ` ա. Այս համարում զետեղված մարգարեությունն ուներ զուտ տեղական բնույթ և իրականացել է հենց Եսայի մարգարեի կենդանության ժամանակ, բ. Այս մարգարեությունը վերաբերում է Մեսիայի` Քրիստոսի Ծննդյանը և գ. Այն իր մեջ է ներառում և՛ առաջին, և՛ երկրորդ տարբերակները: