Sunday, July 1, 2012

Լուրեր, լուրեր, լուրեր...


     Երբեւէ մտածել եք, թե որքան ժամանակ ենք ծախսում լուրերի վրա. ուրախ, տխուր, հավաստի, անհիմն, ստահոդ եւ այլն: Ինչ տեսակի լուր ասես գալիս ու բռնի կերպով տեղավորվում են մեր ուղեղում` երբեմն ուրախացնելով, իսկ ավելի հաճախ տխրեցնելով ու զայրացնելով մեզ: Եվ շատ անգամ, հավատացե՛ք, որ տեղեկատվական այս տեղատարափի պայմաններում մեր կյանքի համար ամենից կարեւոր լուրերը վրիպում են մեր ուշադրությունից եւ մի կողմ քաշվում`սպասելով հարմար առիթի, որ նորից հայտնվեն: Վստահ եմ, որ այսօր, միգուցե հենց այս պահին, այդ հարմար առիթներից մեկը հենց Քեզ է ընձեռնված: Հնարավոր է զարմանաս, բայց այն լուրը, որի մասին ուզում եմ խոսել հիմա, վաղուց բոլորին է քաջ հայտնի: Հայտնի է,
սակայն այդ հայտնիության հետ մեկտեղ այն ամենահաճախն է մոռացվում կամ անուշադրության մատնվում: Խոսքը Բարի լուրի` Քրիստոսի Ավետարանի մասին է: Քրիստոսի մասին պատմող առաջին գրավոր աղբյուրը` Մարկոսի Ավետարանը, այսպես է սկսվում. «Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու Ավետարանի սկիզբը» (Մարկոս 1:1): Սա երբեւէ իմ կյանքում հանդիպած ամենաիմաստուն եւ կարեւոր հայտարարությունն է, որ արտահայտված է այսքան հակիրճ նախադասության մեջ:
     Ի՞նչ է ասում այս նախադասությունն այսօրվա ընթերցողին: Չէ՞ որ այն մեզանից դեռ 2000 տարի առաջ է գրվել:
     Խնդրում եմ, մի պահ պատկերացրու, որ քո ձեռքն է ընկել մի թերթ, որտեղ կարդում ես հետեւյալ միտքը. «2008թ. Մարտի 1-ից հետո հայ հասարակության սոցիալ-հոգեբանական վիճակը չափազանց լարված էր»: Անշուշտ, դու հասկացար, թե ինչի մասին է խոսքը: Հիմա պատկերացրու, որ այդ նույն թերթը 2000 տարի հետո` 4012թ. ընկնի ավստրալիայի տեղաբնիկներից մեկի ձեռքը: Ի՞նչ ես կարծում, այս մարդը նույն միտքը կարդալով կհասկանա արդյոք, թե ինչի մասին է խոսքը: Կարծում եմ` ոչ: Մինչեւ չգտնվի մեկը, ով կկարողանա նրան բացատրել, թե ինչ էր տեղի ունեցել 2008թ. Մարտի 1-ին Հայաստանում, նա ոչինչ էլ չի հասկանա:
     Նույնպես եւ Մարկոս Ավետարանիչը, երբ ասում էր «Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու Ավետարանի սկիզբը», ի՞նչ էին հասկանում իր ժամանակի ընթերցողները:
«Հիսուս» անունը հունական ձեւն է հրեական «Հեշուա» կամ «Հոշուա» անվան, որ նշանակում է «Աստված փրկություն է» կամ «Փրկիր Ով Աստված»: Իսկ «Քրիստոս» նշանակում է «օծյալ», որ հրեական «Մեսիայի» հունական տարբերակն է: Մեսիան այն փրկիչ թագավորն էր, որին հրեա ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում էր սպասում: Նրանք գիտեին, որ այս Մեսիան Փրկիչ, Աստծո Որդի էր լինելու:
     Փաստորեն ստացվում է, որ Մարկոսը հայտարարում էր, թե ինքը հենց այդ Փրկիչ Մեսիայի մասին պատմող բարի լուրի մասին էր գրում: Իմիջիայլոց, հետաքրքրական է, բայց այդ մենք ենք, որ այսօր Ավետարան ասելով պատկերացնում ենք Հիսուս Քրիստոսի մասին պատմող ինչ-որ գիրք, իսկ Մարկոսը, Ավետարան ասելով, բնավ որևէ գիրք նկատի չուներ. նա նկատի ուներ Քրիստոսի եւ Նրա բերած փրկության մասին պատմող Բարի լուրը: «Ավետարանը» հայերեն տարբերակն է հունարեն evangelion բառի (eu-բարի + angelos-հրեշտակ, ավետաբեր, լուր հայտնող): Այստեղից էլ մեզանում տարածում են գտել Ավետիս, Ավետ, Ավիս անունները: Իսկ հռոմեացիները, ավետարան ասելով, նկատի ունեին կայսրի ծննդյան օրը կազմակերպվող տոնակատարությունների մասին պատմող գրավոր արձանագրությունը (հիշենք, որ հռոմեական կայսրերը շատ անգամ իրենց էին վերագրում նաև Աստծո Որդու աստվածային տիտղոսը): Հետեւաբար, եթե հռոմեացին կարդար Մարկոսի գրածը, նա պիտի հասկանար, որ ում մասին որ խոսում է Մարկոսը (Հիսուս Քրիստոսի մասին), հենց այդ նույն մարդուն էր վերագրվում նաեւ Աստծո Որդի լիենլու տիտղոսը:
     Ուրեմն Մարկոսն իր Ավետարանի առաջին համարում «Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու Ավետարանի սկիզբը» ասելով նկատի ուներ «Փրկիչ Մեսիայի` Աստծո Որդու մասին պատմող Բարի Լուրի սկիզբը»: Իսկ թե ո՞րն էր այս բարի լուրի սկիզբը, այդ մասին կզրուցենք հաջորդ անգամ:
     Ահա եւ այսօրվա ամենակարեւոր լուրը, որ ուզում էի փոխանցել. Մենք միասին սկսում ենք մեր կյանքի ամենակարեւոր լուրերի ընթերցումը: Ուրեմն փորձենք օրվա ընթացքում գոնե մի քանի րոպե տրամադրել այդ բարի լուրերի` Ավետարանի ընթերցանությանը: Լուրեր, որոնք մեր փրկության մասին են պատմելու:

No comments:

Post a Comment