Շատերը երանելի համարեցին միայնակեցությունը, մյուսները` խառն, այսինքն` հասարակական
կյանքը, ուրիշներն էլ նախընտրեցին վերակացու լինել ժողովրդին, հոգևոր խրատատուներ լինել,
զբաղվել քարոզչությամբ և եկեղեցիներ կառուցել… Եվ ես այս գործերից որևէ մեկը մյուսից
առավել չէի համարի և չէի ասի, թե մեկն արժանի է գովեստի, իսկ մյուսը` հանդիմանանքի:
ՍԻՄԵՈՆ ՆՈՐ ԱՍՏՎԱԾԱԲԱՆ
Շարունակության մեջ Սիմեոն Երանելին խոսում է այն մասին, որ մարդկային կյանքը
կազմված է տարբեր գիտություններից ու արվեստներից, ընդ որում` յուրաքանչյուրը ստեղծում
ու ներկայացնում է իրենը. ի վերջո անօգուտ է կյանքի ամեն մի ուղի, եթե այն չի տանում
դեպի Աստված և փրկություն:
Այս խոսքերը կարելի է ընդունել որպես ելակետ: Իսկապես, մենք բոլորս ապրում ենք
շատ տարբեր կյանքով. ինչ-որ մեկը մեզանից ծառայում է եկեղեցում, մյուսն իրեն նվիրում
է արվեստին, գիտությանը. մեր մեջ կան դերասաններ, երաժիշտներ, դիվանագետներ, գործարարներ,
ուսուցիչներ, գրականագետներ, մի խոսքով` մարդիկ ամենատարբեր մասնագիտությունների: Բայց
ինչով էլ մենք զբաղվելու լինենք, մենք կարող ենք մեր գործն Աստծուն նվիրել: Մասնագիտությունը
ոչ միայն հաց վաստակելու միջոց կարող է լինել, այլև ճանապարհ քրիստոնեական առաքինագործության:
Եվ ճշմարիտ քրիստոնյա դառնալու համար, որպես կանոն, պետք չէ թողնել մի մասնագիտությունը
և ընտրել մյուսը:
Ես ճանաչում եմ մի կոմպոզիտորի, որը ուղղափառ հավատքի դառնալով, եկավ հոգևորականի
մոտ և հարցրեց, թե ինչ պիտի անի: «Թո՛ղ երաժշտությունը և դարձիր եկեղեցու ժամկոչը»,-պատասխանեց
հոգևորականը: Բարեբախտաբար կոմպոզիտորը նրան չլսեց: Հետագայում, լինելով Անգլիայում,
նա հանդիպեց երանաշնորհ Սիվղանոսի աշակերտի` Սոֆրոնիոս ծերի հետ, և նրան տվեց նույն
հարցը; «Շարունակե՛ք երաժշտություն գրել և Ձեզ կճանաչի ամբողջ աշխարհը»,-ասաց նրան
ծերը: Շուտով այս կոմպոզիտորի անունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհին: Հիմա նա երաժշտություն
է գրում միայն կրոնական թեմատիկայով /օրինակ` նա երաժշտություն է գրել երանաշնորհ Սիվղանոսի
որոշ խոսքերի համար/, և շատերն իր երաժշտության միջոցով ուղղափառ հավատքի են դառնում:
Լինելով խորը հավատքի տեր և եկեղեցական կյանքի մարդ` նա իր երաժշտությամբ օգնում է
մարդկանց թափանցելու հոգևոր կյանի այն խորքերը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը մարդու
և Աստծու միջև:
հատված Մետրոպոլիտ Իլարիոն Ալֆեեվի
թարգմանությունը` Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի
No comments:
Post a Comment