Wednesday, December 21, 2011

Martin Luther King, Jr. - ՄՏՔԵՐ



***

     Իր բնությանը հավատարիմ կրոնը պիտի հոգա նաև մարդու կյանքի պայմանների մասին: Կրոնը գործ ունի ինչպես երկրի, այնպես էլ երկնքի հետ, ինչպես ժամանակավորի, այնպես էլ հավիտենականի հետ: Կրոնը գործում է ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական ուղղվածությամբ: Այն ձգտում է մարդուն ոչ միայն Աստծո, այլ հենց մարդու հետ միավորել, այն ձգտում է նաև հաշտեցնել մարդուն ինքն իր հետ: Իսկ սա նշանակում է, որ քրիստոնեական Ավետարանն ըստ էության երկկողմանի ուղղվածություն ունեցող ճանապարհ է: Առաջի հերթին այն ուղղված է մարդկային հոգին վերափոխելու և այդպիսով նրան Աստծո հետ միավորելու գործին: Եվ երկրորդ` այն ուղղված է մարդկային կյանքի պայմանների վերափոխմանը, որպեսզի վերափոխված մարդը կարողանա ապրել իրեն
արժանի աշխարհում: Կրոնը, որ բարձրաձայնում է մարդկային հոգիների համար հոգալու մասին և անտարբեր է խարխլված ու աղքատ տների հանդեպ, որոնք իրենք իրենց կործանում են, անտարբեր է տնտեսական պայմանների նկատմամբ, որոնք նրանց խեղդում են, անտարբեր է հասարակական դիրքի նկատմամբ, որը նրանց խեղման է տանում, այդպիսի կրոնը մեռած է: Հենց այսպես են սիրում նկարագրել կրոնը մարքսիստները, ովքեր կրոն    ին «հոգևոր հաշիշ» անվանումն են տալիս:

***

     Ճշմարիտ ընդհանրական աղոթքն իրական սոցիալական փորձառությունն է, որտեղ հավաքվում են մարդիկ հասարակական տարբեր շերտերից և գիտակցում իրենց միասնությունն Աստծո մեջ: Եթե Եկեղեցին գիտությամբ կամ անգիտությամբ նախապատվություն է տալիս որևէ հասարակական դասի, նա կորցնում է այն հոգևոր ուժը, որը դրված է Քրիստոսին ինքնամոռաց կերպով հետևելու ուսմունքի մեջ. և այդժամ նրան սպառնում է վտանգը` կրոնական թեթև երանգավորում ունեցող ակումբի վերածվելու:

***

     Միտքն այն մասին, թե Աստված մարդու համար կանի ամեն ինչ, նույնքան անհաստատուն է, որքան միտքն այն մասին, թե մարդն ինքն իր համար կարող է անել ամեն ինչ: Ե´վ սա, և´ մյուսը բացատրվում են թերահավատությամբ: Մենք պետք է հասկանանք. սպասել,  որ Աստված կանի ամեն ինչ, այն ժամանակ, երբ մենք ինքներս ոչինչ չենք անի, ոչ թե հավատք է, այլ` սնահավատություն:

No comments:

Post a Comment