Առավոտ շուտ զարթնեցի. Մրգաշատ գնալու օրն է: Շուտ
պատրաստվեցի ու ճամփա ընկա. Տիկին Կարինեն էլ, ինչպես միշտ, ինձ հետ է (օգնում է գյուղի
երիտասարդներին Սուրբ Պատարագի երգեցողությունը սովորեցնելու հարցում): Գյուղ մտածս
օրվանից միշտ մտածել եմ երգեցողության հարցի շուրջ ու միշտ էլ այն կարծիքին եմ եղել,
որ առանձին երգչախումբ չպիտի ունենամ: Գիտե՞ք, ես կարծում եմ, որ սխալ է, երբ առանձին
երգչախումբ է լինում պատարագի ժամանակ: Շարականն ի՞նչ է. Աղոթք: Շարականը երգեցիկ աղոթք
է, աղոթք է, որն ունի իր հոգեպարար երաժշտությունը: Եվ ես չեմ ուզում, որ այդ աղոթք-շարականը
եկեղեցում ընդամենը մի քանի հոգի երգեն, իսկ մնացածներն իրենց զգան ինչպես համերգի
եկած ունկնդիրը կամ թատրոն այցելած հանդիսատեսը: Պատարագը յուրաքանչյուր մեկից, ով
որ տվյալ պահին գտնվում է եկեղեցում, պահանջում է հնարավորինս ակտիվ` գործուն մասնակցություն
հենց բուն Պատարագի արարողությանը: Անկեղծ ասած, ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց,
ովքեր գնում են պատարագի հատուկ այսինչ եկեղեցին, որովհետև այնտեղ լավ են երգում շարականները
կամ
քահանան լավ ձայն ունի... Այսինքն` իրականում հասկանալի է, թե ինչու է այդպես,
բայց միևնույն է, այդպես չպիտի լինի: Կարճ ասած. Իմ պատկերացրած իդեալական տարբերակն
այն է, երբ ամբողջ եկեղեցին է երգում, անշուշտ, բաղաձայններ էլ կլինեն, լսողություն
չունեցողներ էլ, բայց առավել քան վստահ եմ, որ եթե լավ ձայն ունեցողներին ճիշտ ցրվածությամբ
դասավորես եկեղեցում, ամեն բան հոյակապ կլինի: Իրենք հանդես կգան որպես քաշող ձայն,
իսկ մնացածները կգնան սրանց հետևից: Ուղղակի այնքան համբերություն պիտի ունենաս, որ
կարողանաս նախ որոշակի կարողություններ ունեցող երգչախումբ ձևավորել ու հետո նոր այդ
երգչախումբը ցրել եկեղեցում: Հետո շատ կարևոր է բացատրել շարականների բուն նշանակությունը,
ամեն մի բառն ու տառը: Ցավով պիտի նշեմ, որ Ռուսաստանում ես անգամ եկեղեցի տեսա, որտեղ
պատարագի երգեցողությունն իրականացնում էր մի ռուս կին, որը ոչ մի բառ հայերեն չգիտեր,
բայց ձեռքին ուներ ռուսերեն տառերով գրված հայերեն շարականները... այո, հասկանում եմ.
«յարկ լուծանէ զօրէնս», բայց էլի մեկ է, շարականը մնում է աղոթք ու եթե դու այն առանց
հասկանալու ես երգում, ես հարց եմ տալիս. «քո արածն ի՞նչ է. դերասանությո՞ւն»: Չենք
կարող ժխտել, որ անգամ հայերեն իմացող երգչախումբ ունեցող Հայաստանյան շատ եկեղեցիներում
հենց բուն երգչախմբի անդամները, որ քիչ թե շատ լավ են երգում պատարագի շարականները,
իրենք չգիտեն, թե ինչի մասին են երգում: Մի խոսքով, ահագին ժամանակ է, այս իդեալական
տարբերակի համար կռիվ եմ անում և անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ չեմ մեղադրում և ոչ
մի հոգևորականի, ում եկեղեցում չկա իմ պատկերացրած կատարյալ տարբերակը, որովհետև, շատ
դժվար է այդ վիճակը ստանալը: Ասեմ միանգամից, որ այս դեպքում երգեցողության որակն անպայմանորեն
ընկնում է, բայց մի բանն է շատ լավ. յուրաքանչյուր մեկը կարող է երգել ու իր երգի միջոցով
հենց աղոթք անել: Երբ հավատացյալը մտնի եկեղեցի, ձեռքը վերցնի պատարագի նոտաներն ու
իմանա, որ իր երգեցողությամբ է հենց կատարվում Սուրբ և Անմահ Պատարագի խորհուրդը, վստահեցնում
եմ, այդ մարդն ավելի ոգևորված ու նախանձախնդիր կերպով կսկսի այցելել տվյալ եկեղեցին:
Ի վերջո, միայն օպերետային ձայներով հագեցած երգչախմբի չնաշխարհիկ երգեցողությամբ ոչինչ
չես թաքցնի Ամենազոր Տիրոջ սրտեր ու երիկամներ քննող Ամենատես աչքից:
No comments:
Post a Comment