Wednesday, August 22, 2012

ԱՂՈԹՔ ՀՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

աշխարհաբար

        Տեր Աստված մեր Հիսուս Քրիստոս, մեծ և բարձրյալ, անայլայլելի և մշտնջենավոր, որ իջար երկնքից և Սուրբ Հոգով մարմնացար Կույս Մարիամից և քո աստվածությամբ սրբեցիր մեղքերով ապականված մեր բնությունը նախահոր հանցանքներից, որով կանացի ամեն բնություն ընդունեց անեծքի պատուհասը` ցավերով և տրտմությամբ զավակ ծնելու:
      Եվ արդ, աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, մեր ստեղծող ու նորոգող և բժիշկ մեր հիվանդությունների, բժշկի՛ր և առողջացրո՛ւ քո (այս անուն) աղախնին: Առաքի՛ր քո սրբությունից օգնությունը քո և տուր սրան զորություն` զավակ ծնելու, որպեսզի իր որովայնի պտուղը, բոլոր արատներից մաքրված, Սուրբ Ավազանի ծննդյամբ ընծայվի քո Սուրբ Եկեղեցուն: Շնորհի՛ր այս ծննդկանիս հանդարտությամբ և առանց վնասի հասնել խնդության: Շնորհի՛ր նաև բոլոր հավատացյալների տներին աճել ու բազմանալ ի փառս քո տերության և ի լրումն աստվածային քո խոսքի, թե. «Աճեցե՛ք և բազմացե՛ք»: Այո՛ Տեր Աստված մեր, այժմ էլ քո անարատ ծնողի` Սուրբ Աստվածածնի և քո բոլոր սրբերի բարեխոսությամբ լսիր խնդրանքները անարժան ծառայիս և բոլոր նրանց, ովքեր այստեղ են: Քանզի քեզ` միածին Որդուդ և անսկիզբ ու համագո քո Հորը, և կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ վայել է փառք, պատիվ և երկրպագություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն:

գրաբար

      Տէր Աստուած մեր Յիսուս Քրիստոս, մեծ եւ բարձրեալ, անայլայլելի, անփոփոխելի եւ մշտնջենաւոր. որ իջեր ի յերկնից եւ մարմնացար ի սրբոյ Կուսէն Մարիամայ Հոգւովն Սրբով, եւ զապականեալն մեղօք զբնութիւն մեր ի նախահօրն յանցանաց` որով ամենայն կանացի բնութիւն ընկալաւ զպատուհաս անիծից` ցաւօք եւ տրտմութեամբ ծնանիլ զզաւակ, սրբեցեր աստուածութեամբ քով:
     Եւ արդ աղաչեմք զքեզ, մարդասէր Թագաւոր, ստեղծող եւ նորոգող մեր եւ բժիշկ հիւանդութեանս մերոյ, բժշկեա՛ եւ առողջացո՛ (այս անուն) անուն զաղախին քո: Առաքեա՛ զօգնութիւն քո ի սրբութենէ քումմէ, եւ տո՛ւր սմա զօրութիւն ծնանիլ զզաւակ, որպէսզի զպտուղ որովայնի իւրոյ մաքրեալ յամենայն արատոյ, ծննդեամբ սուրբ Աւազանին` ընծայեսցէ Եկեղեցւոյ քում սրբոյ: Շնորհեա՛ ծննդականիս այսորիկ հանդարտութեամբ եւ առանց վնասու հասանիլ ի խնդութիւն, եւ ամենայն տանց հաւատացելոց աճել եւ բազմանալ ի փառս տէրութեան քո եւ ի լրումն աստուածային քո բանիդ, եթէ «Աճեցէք եւ բազմացարուք»: Այո՛, Տէր Աստուած մեր, լո՛ւր եւ այժմ խնդրուածոց անարժան ծառայիս եւ ամենեցուն որ շուրջ կան աստ, բարեխօսութեամբ անարատ ծնողի քո սուրբ Աստուածածնին եւ ամենայն սրբոց քոց: Զի քեզ` միածնի Որդւոյդ, եւ անսկիզբն եւ համագոյ Հօր քոյ, եւ կենդանարար եւ ամենասուրբ Հոգւոյդ` վայել է փառք, պատիւ եւ երկրպագութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:









1 comment:

  1. Ես ժամանաիկին անհայտ աղբյուրից մի այսպիսի գեղեցիկ աղոթք էլ եմ գրի առել /հոդվածի ավարտին է/` http://sarkavag.blogspot.com/2011/05/blog-post.html

    ReplyDelete