Monday, June 17, 2013

Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանի քարոզը

Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանի քարոզը՝
խոսված Ս. Էջմիածնի Մայր Տաճարում,
Ս. Պատարագի ժամանակ
16 հունիսի, 2013թ.

«Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ,
մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստուծո հրեշտակների առաջ»:
(Ղուկ. 12.8)

     Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, Ավետարանը պատմում է թե ինչպես մեր Տերը` Քրիստոս իր տասներկու աշակերտներին իշխանություն տվեց Սուրբ ավետարանի քարոզչության համար, նրանց իշխանություն տվեց հալածելու դևերին, բժշկելու հիվանդներին, հարություն տալու մեռածներին, զգուշացրեց նրանց, որ իր անվան համար պիտի դատարանների ու ատյանների առաջ կանգնեն, պիտի հալածվեն, անարգվեն և այս ամենի հետ միասին մի մեծ ազդարարական տվեց` մարդկանց առաջ խոստովանել Իր անունը. «Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստուծո հրեշտակների առաջ»:
     Սիրելի հավատացյալներ, խոստովանել նշանակում է Դավանել, հավատալ, երկրորդ իմաստով նշանակում է հրապարակել, հռչակել, պաշտպանել: Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում ասում է. «քանի որ արդարանալու համար սրտով եք հավատում և փրկության համար խոստովանում բերանով» (Հռոմ. 10.10): Սա է քրիստոնյայի փրկության ճանապարհը` սրտով հավատալ և բերանացի խոստովանել: Սրանք առանձին չեն, հավատալն ու խոստովանելը միասին են: Խոստովանել քրիստոսին ուրեմն նշանակում է հավատալ Նրան, Նրա մեծ զորությանը, Աստվածությանը, Քրիստոսի փրկագործ տնօրինությանը, որով Ինքը` Քրիստոս մեր` մարդկության փրկության համար իջավ երկնքից, խոնարհվեց, մարմին առավ, մեր մեղքերի թողության համար խաչվեց, թաղվեց, հարություն առավ` մեզ` մեղքով մեռածներիս հարություն տալով: Եվ նույն Ինքը Քրիստոս ամեն անգամ Սուրբ Պատարագին Պատարագվում, զոհաբերվում է մեր մեղքերի դիմաց: Հավատքը անգործ, անշարժ չէ, հավատքի կյանքը Ավետարանի կենսագործումն է առօրյայում: Այդ հավատը ապրեցվում է, հավատը կենցաղում գործերով է դրսևորվում: Եվ ուրեմն հավատից բխած գործերով արդեն իսկ հռչակվում, հրապարակվում և խոստովանվում է Քրիստոսի անունը: Միաժամանակ հավատը քաջություն է ծնում ըստ կարգի նաև հրապարակելու, բարձրաձայնելու ինքն իրեն:
     Հետաքրքրական մի պատմություն կա. մի քրիստոնյայի հալածելով բռնում են և տանում կապում խարույկին, կրակը վառված է, պատրաստ է սուրբին այրելու: Այն ժամանակ գալիս է մի ծեր կին և իր ափի մեջ հավաքած ջուրը լցնում է այրվող կրակին, ներկաները զարմանում են, որ կինը փորձում է իր մեկ ափ ջրով հանգցնել ահագնացող կրակը և սկսում են ծաղրել, իսկ վերջինս պատասխանում է, որ կարևոր չէ, թե կրակը կհանգի կամ` ոչ, կարևորն այն է, որ դրանով ես իմ կողմն եմ ցույց տալիս, իմ դիրքորոշումը:
     Կյանքում մարդը շատ հաճախ պետք է ունենում ցույց տալու իր դիրքորոշումը. բազում կուսակցություններ, ընկերություններ, միություններ կան և բազմաթիվ անդամներով: Այս մարդիկ կյանքի մի փուլում ցույց են տվել իրենց դիրքը, կողմնորոշումը, թե ինչի են պատկանում և ինչ սկզբունքներ են դավանում: Առաջին քրիստոնյաներն իրենց հավատը խոստովանում ու նահատակության պսակ էին կրում, բազում տանջանքների էին ենթարկվում, և եթե մարդ դեռ մկրտված էլ չէր, սակայն Քրիստոսի անունը խոստովանելով սպանվում էր, իր խոստովանությունն ու դրան հետևող նահատակությունն իր համար փրկության երաշխիք էր դառնում: Ոչ վաղ անցյալում մեր իրականության մեջ էլ էր նույնը, մարդը եկեղեցի էր մտնում և աքսորվում, գնդակահարվում: Այստեղ, հենց հիմա կանգնած տարեցներից շատերը նույնն են արել, վտանգել են իրենց կյանքը հանուն իրենց հավատի: Մտել են եկեղեցի և սովետական հսկայածավալ անաստված տերության առաջ խոստովանել, որ հավատում են Քրիստոսին:
     Շատ չեն անցել այդ օրերից և այսօր դժբախտաբար մենք ամաչում ենք խոստովանել, որ Քրիստոնյա ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ ենք: Նույնիսկ մեր ընտանիքների մեջ ցույց չենք տալիս մեր հավատը. Թաքցնում ենք այն: Պողոս առաքյալն ասում է. «Ամոթ մի համարեք վկայել Տիրոջը» (Բ Տիմ. 1.8): Քրիստոնյան ամաչում է խոստովանել իր Ճշմարիտ Տիրոջը, իսկ աղանդավորները դռնեդուռ տարածում են իրենց հավատը, մեղքերի մեջ թաղված անձինք հպարտությամբ խոստովանում են իրենց չարագործությունները և ստիպում ճանաչել ու ընկալել իրենց. և տեսնում ենք աշխարհը ճանաչում է նրանց: Ուրեմն եկեք մեր կյանքը, մեր առօրյան վերափոխենք, դարձնենք Քրիստոսի անվան խոստովանություն, մեր դիմացինի, մեր հարևանի, մեր ընտանիքի անդամենրի հետ հարաբերություններում թող արտացոլվի Քրիստոս, ջանանք ամեն կերպ Քրիստոսին խոստովանել, որպեսզի դրանով Քրիստոս փառաբանվի, որովհետև խոստովանությունը նաև Տիրոջ գովաբանություն է, ինչպես Դավիթ սաղմոսերգուն է ասում. «կեսգիշերին ելնում և խոստովանում էի քեզ քո արդար դատաստանների համար» (Սաղմ. 118.62):

     Եվ մեր խոստովանության դիմաց վերջին օրերին Դատաստանի ժամանակ Քրիստոս մեզ պիտի խոստովանի Հոր առաջ. «մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստուծո հրեշտակների առաջ»: Հովհաննու Հայտնության մեջ Քրիստոս ասում է. «Ով հաղթի, նրա անունը պիտի խոստովանեմ իմ Հոր առաջ և նրա հրեշտակների առաջ» (Հայտ. 3.5): Ուրեմն, աղոթենք, որ Աստված զորացնի մեզ բոլորիս, հավատալու, դավանելու և խոստովանելու իր անունը, որպեսզի Պողոս առաքյալի հետ ասենք. «գիտեմ, թե ում եմ հավատացել և վստահ եմ, որՆա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը» (Բ Տիմ. 1.12): Ամեն:

Sunday, June 9, 2013

Ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ...

           Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ...
/Մատթ. 12.7/

Օրվա Աւետարանից վերցված այս խոսքերով Քրիստոս հանդիմանեց փարիսեցիներին, ովքեր մեղադրում էին Նրա աշակերտներին շաբաթը չպահելու մեջ: Վերջիններս, անցելով արտերի մոտով, պոկել էին հասկերը եւ կերել, որովհետեւ քաղցած էին: Փարիսեցիները դա համարում էին շաբաթ օրը սուրբ պահելու պատվիրանի խախտում, քանի որ Աստված պատվիրել էր այդ օրը չաշխատել: Բայց այս խոսքերով Քրիստոս ցանկանում էր նրանց ցույց տալ, թե որքան են նրանք հեռացել իրական պատվիրանապահությունից, իրական աստվածպաշտությունից, պահելով միայն այդ ամենի արտաքին կողմը, միայն ձեւը, եւ հեռացել բուն էությունից: Հիսուս սովորեցնում է, որ մեծագույն աստվածապաշտությունը, դա մարդկային կարիքին ծառայելն է:               
«Ովսաննա՜..., Օրհնութիւ՜ն Դաւթի Որդուն...». նման բացականչություններով էր դիմավորում ժողովուրդը Քրիստոսին՝ Երուսաղեմ մտնելիս: Տեսարանը հանդիսավոր էր, տոնական: Ովսաննա՜, աղաղակում էր ամբոխը, իսկ Տերը նայում էր ու ներքուստ  արտասվում: Այն ժամանակ արտաքին տպավորությունը տոնական էր, բայց Տերը նայում էր այն բանին, թե ինչ է անտեսանելիորեն կատարվում մարդկանց հոգիներում ու սրտերում, եւ տեսնում էր ողբի արժանի պատկեր: Արդյո՞ք,  նման մի բան չի կատարվում մեր եկեղեցական տոնակատարությունների, ծիսակատարություների ժամանակ: Եւ մե՛զ մոտ տոնակատարություններն արտաքնապես տոնական են, բայց, արդյո՞ք, ներքնապես բոլորի տրամադրությունն այդպիսին է: Ոմանք չեն հասկանում տոների, խորհուրդների ուժն ու նշանակությունը, ոմանք թույլ կերպով ինչ որ բան զգում են, բայց պարզ ոչինչ չեն տեսնում, եւ հազվադեպ է,  որ մեկը տեսնում  եւ զգում է ու տոնին արժանի կերոպով է դրսեւորում իրեն: Տիրոջից այդ ամենը թաքցնել հնարավոր չէ, եւ ճշմարիտ չէ, եթե Հիսուս Քրիստոս, մարդկայնորեն ասած, արտասվում է, երբ մենք տոնական բացականչություններ ենք անում:
Երբ եկեղեցում աղոթքի ենք կանգնում, խդրելու Աստծուց աշխարհին խաղաղություն, եկեղեցուն հաստատություն, հիվանդներին առողջություն,  վշատացածներին մխիթարություն, բերք ու բարիքի առատություն, ննջեցյալների հոգիներին հանգստություն, սաղմոսում ենք, քարոզում, երգում, ամեն ինչ փորձում ենք անել գեղեցիկ, բայց ցավոք շատ հաճախ ո՛չ որպեսզի Աստծուն լսելի լինի, ո՛չ որպեսզի ընդունելի լինի, ո՛չ որպեսզի Քրիստոս փառավորվի, այլ որպեսզի մեր մարդկային սին փառասիրությանը հագուրդ տրվի, լսում ենք մեր եղբայրներին, ո՛չ թե աղոթակից լինելու, այլ նրանց սխալները, թույլ տված վրիպակները որսալու, եւ հետո ծաղրելու, քննադատելու ու դատելու համար, մեզ ավելի խելացի ու գիտուն զգալու՛ համար:
Ժամերգության ենք կանգնում հաճախ միայն ֆիզիկապես, որվհետեւ մեր միտքն ու հոգին այլ տեղում են՝ տարված ունայնությամբ, դժգոհում ենք, տրտնջում, մոռանալով, որ այդ կերպ Քրիստոսին փառավորողներից ակամայից վերածվում ենք Տիրոջն անարգողների:
Պատրաստվում ենք ամուսնանալ, գեղեցիկ զգեստներ, շքեղ մեքենաներ, վարդի թերթիկներ, աղավնիներ, զարդարված եկեղեցի, բայց այս ամենը հաճախ ընդամենը շոու է, նորաձեւության թելադրանք, ընտանեկան ֆիլմադարանը գեղեցիկ դրվագներով հարստացնելու փորձ, ամեն ինչ, բայց ո՛չ Ս. Հոգու շնորհով մեկ մարմին դառնալու խորհուրդ:
Ցանկանում ենք մկրտել մեր երեխաներին, կրկին մեծ ոգեւորությամբ պատրաստվում ենք, ոսկյա թանկարժեք խաչեր, զամբյուղներ, մոմեր, տարատեսակ տարոսիկ կոչված մանրուքներ, «լավ», ունեւոր քավոր, բայց ո՛չ քրիստոնյա եւ բանիմաց կնքահայր, եւ վերջում, իհարկե, ճոխ խնջույք: Այս վիճակը շատ նման է, եթե, ասենք, նույն այդ զույգերը, որ պատրաստվում են երեխա ծնել, ապրեին ցոփ ու շվայտ կյանքով, ամեն օր դիսկոտեկներ, գինարբուքներ, մի խոսքով տարատեսակ աշխարհիկ զվարճանքներ, որոնք մեր ժամանակներում այնքան բազմազան են, ու երբեւէ չայցելեին բժշկին, խորհրդակցեին, հետեւեին, արդյո՞ք, հղիությունը նորմալ  է ընթանում, իսկ երբ գար ծննդաբերելու պահը, բժիշկին հորդորեին, որ ամեն ինչն արագ անի, քանի որ իրենց հյուրերը սպասում են, պետք է գնան՝ աչքալուսանք խմելու:
Անշուշտ, այս դեպքում այդ հղիությունը կամ ժամանակից շուտ կընդհատվի, կամ էլ, ամենայն հավանականությամբ, կծնվի խեղված երեխա: Փառք Տիրոջը, մարդիկ հիմնականում այս ամենը գիտակցում են, եւ ամեն ինչ անում են, ինչպես որ հարկն է՝ հանգիստ կյանք, առողջ սնունդ, հնարավորինս լավ բժիշկ, լավ հիվանդանոց եւ այլն եւ այլն... Բայց, սիրելինե՛ր, եթե այսքան ուշադիր ու նախանձախնդիր ենք ֆիզիկական ծնունդի դեպքում, ապա որքան եւս արժե լինել հոգեւորի ժամանակ:
Մատաղ ենք անում, գնում ենք ամենապարարտ ու լավ մատաղացուն, բայց դրանից որքա՞նն ենք առանձնացնում Տիրոջ եւ եղբայրների համար: Կամ ոչի՛նչ, կամ չնչին ինչ-որ բան. գրեթե ամենը հասնում է որովայնին եւ ունայնությանը:
Գալիս ենք պատարագի, կանգնում ենք ձեռնամած ու աղոթում, արտաքնապես նման այն մաքսավորին, ով տաճարում, աչքերն առանց վեր բարձրացնելու կուրծքն էր ծեծում եւ ասում. «Աստվա՛ծ, ների՛ր մեղավորիս մեղքերը»: Բայց մեր ներսում կանգնած է փարիսեցին, ով շուտով զգացնել է տալիս իրեն, եւ մենք սկսում ենք աջ ու ձախ նկատողություն անել այդ ոչ «ճշմարիտ» հավատացյալներին, հասցնում ենք նկատել բոլորի թերությունները, եւ փառք ենք տալիս Աստծուն, որ նման չենք ուրիշներին, մինչդեռ այդ պահին Քրիստոս պատարագվում է մե՛ր իսկ մեղքերի համար:
Ու Քրիստոս ամեն անգամ խորանից նայում է մեզ ու ողբում մեզ համար, որովհետեւ մենք, որ քիչ առաջ Ովսաննա էինք բացականչում, այժմ արդեն աղաղակում ենք խա՛չը հան դրան... Այդպիսին ենք մենք, այսպես ասած, փրկվածներս, արդարացվածներս, որդեգրվածներս: Ուխտ ենք արել, ընդունել ենք պարտավորություններ՝ հոգով ընթանալ եւ մարմնական արատներից հեռու մնալ, իսկ այստեղ ի՜՞նչ է կատարվում: Հավակնում ենք Արքայության որդիներ կոչվել, բայց  վերջին ծառաներից էլ վատն ենք...
Իսկ ինչո՞ւ  է այսպես:
Այս ամենը հետեւանք է այն բանի, որ մեր սրտերը կարծրացել են: Այս ամենը հետեւանք է մեր անտարբերության: Մենք անտարբեր ենք այն ամենի հանդեպ ինչը որ մեզ չի վերաբեում, մենք անտարբեր ենք միմյանց նկատմամբ, անտարբեր ենք մարդկային կյանքի, հոգսերի, դժբախտությունների, կարիքների, հիվանդությունների հանդեպ: Զո՛հ չեմ կամենում, այլ՝ ողորմություն: Մենք մոռացել ենք ինչ ասել է որղորմություն: Ողորմությունը սիրո մայրն է, սիրո, որ զանազանում  է քրիստոնյաներին, որ գերազանցում է բոլոր նշանները, որ ծառայում է որպես Քրիստոսի աշակերտների նշան: Մենք ունենք շատ քիչ վկայություններ այն մասին, որ Հիսուս ընդհանրապես պաշտոն է սինագոգում ղեկավարել (Նազարեթում), բայց մենք ունենք բազմաթիվ վկայություններ այն մասին, որ Նա սնել է սովյալներին, մխիթարել սգավորներին եւ հոգ տարել հիվանդներին:
Ոչ ոք չի կարող ասել. Ես ունեվոր չեմ, ես ողորմածություն տալու ոչինչ չունեմ: Տո՛ւր երկու լումա, ինչպես աղքատ այրին, եւ Աստծուն այն ավելի հաճելի կլինի քան հարուստների նվերները: Գումար չո՞ւնես, ունես ուժ եւ կարող ես ծառայությամբ ողորմություն անել չունեւոր եղբորդ: Այդ է՞լ չես կարող: Կարող ես խոսքով մխիթարել քո եղբորը: Եւ եթե խոսքով էլ չես կարող օգնել նրան, ապա կարող ես եղբորդ բարկության պահին ողորմած լինել նրա հանդեպ եւ համբերել նրա խռովության ժամանակ, տեսնելով նրա գայթակղությունը ընդհանուր թշնամուց, եւ փոխանակ այն բանի որ նրան պատասխանես եւ ավելի վրդովեցնես, կարող ես լռել. Դրանով նրան ողորմություն կանես, ազատելով նրա հոգին թշնամուց: Կարող ես ներել եղբորդ, ով քո դեմ է մեղանչել: Աստված մեզ իշխանություն է տվել ներելու միմյանց հանդեպ թույլ տրված մեղքերը, եթե կցանկանք իհարկե, եւ այդպիսով ոչինչ չունենալով մարմնին ողորմություն անելու, մենք կողորմենք նրա հոգուն: Իսկ ո՞րն է առավել այն ողորմությունից, որ արված է հոգուն:
Նմանանվե՛նք Հիսուսին, ողորմած լինենք, եւ այնժամ տաճար գալով ողորմություն կփնտրենք ու երանության կարժանանանք, քանզի ողարմածները ողորմություն պիտի գտնեն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամեն:


09/06/2013
Հրեշտակապետաց եկեղեցի
Ս. Էջմիածին
Քահանայից պատրաստման Գ լսարանի սան`
Թորգոմ Սաղաթելյան

Saturday, March 30, 2013

ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ



1988-ի փետրվարյան այս օրերին Հայաստանում պոռթկաց Ղարաբաղյան շարժումը` ինքնաբուխ, շատերի համար անակնկալ: Հանկարծահաս այս շարժումը, սակայն, մեկ օրում չէ որ ծնվել էր, եւ Ղարաբաղյան խնդիրն առաջին անգամ չէ, որ բարձրացվում էր խորհրդային իշխանությունների առջեւ: Պատմագրությունը այդ մասին դեռ ասելիք պիտի ունենա: Համենայն դեպս, ղարաբաղյան մեզ անծանոթ շարժման մասին են վկայում արխիվներում պահվող եւ արդեն իսկ հրապարակված մի շարք նորահայտ փաստաթղթեր:

Thursday, March 7, 2013

Հույսը երբեք չի ամաչեցնում...



Հույսը երբեք չի ամաչեցնում...

     Այս միտքը Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղղված թղթից է: Այստեղ առաքյալը խոսում է Աստծու հանդեպ ունեցած հույսի մասին, այն հույսի, որը չի կարող փոշիանալ ու մոխրանալ: Այդպիսի հույսը չի կարող խաբել: Եթե մարդու հույսը Աստծո սիրո մեջ է, այն չի կարող խաբկանք լինել, քանի որ Աստված սիրում է մեզ հավերժական սիրով՝ ամրացված Նրա անսահման իշխանությամբ:
     Ո՞րտեղից է այդ հույսը:
     Առաքյալն ասում է. - Նեղությունները համբերություն են ծնում, համբերությունը՝ փորձառություն,  փորձառությունը՝ հույս:
      Ավետարանում մի դրվագ կա, որտեղ քանանացի կինը գնում է Քրիստոսի հետևից, շարունակ աղաղակում ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր...» Դժբախտությունն ու սուգը դարձել էին այդ կնոջ հարկի բնակիչները: Նրա աղջիկը դիվահարվել էր և չարաչար տանջվում էր՝ դարձնելով նրա կյանքն անկառավարելի, անտանելի ու անհույս: Եվ այժմ նա գնում է Հիսուսի հետևից ու օգնություն խնդրում: Դա չի նշանակում, որ նա օգնություն չէր փնտրել հեթանոսական կրոններում: Փնտրել էր, բայց անօգուտ: Նրա աստվածները աստվածներ չէին: Բայց Հիսուսի մեջ էր հույսը: Նրան անհրաժեշտ էր խոսել Հիսուսի հետ և Նրանից օգնություն խնդրել: