Monday, July 25, 2011

Բարև աշխարհ - խոսենք?

Բարև սիրելիներս...
Այսօր առավոտվանից չգիտես ինչու խոսելու մասին եմ մտածում:
Եվ իսկապես հետաքրքիր է մարդն ինչ պիտի աներ, եթե խոսել չկարողանար հը? Անգամ մի քիչ վախենալու է: Հարևաններն ինչ պիտի անեին առանց խոսելու? Չէ, Դուք պատկերացնում եք հարևաններ, որոնք չեն խոսում? Չէ, անշուշտ կան հարևաններ, որ իրար հետ չեն խոսում, բայց միևնույն է, չէ որ նրանք այդ մասին խոսում են կողքի հարևանի, կողքի շենքի հարևանի, իսկ ոմաքն էլ անգամ կողքի թաղամասի ու կողքի քաղաքի հարևանի հետ: Ամեն դեպքում, խոսում են /պատուհանից կախված, բակում ավել անելիս, առևտուր անելիս և որ ամենակարևորն ու ամենատարածվածն է ՀԵՌԱԽՈՍՈՎ ու ի մասնավորի ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ. այս մեկը նոր չարիք էր հայ կանանց, ավելի ճիշտ այն տղմարադկանց համար, ովքեր չեն սիրում, երբ կանայք անտանելի շատ խոսում են, ասել է թե շաղակրատում են/: Բայց իսկապես հեռախոսազրույց լսելն անտանելի է, հատկապես երբ դու ստիպված ես, երբ պարտադրված ես լսել այդ զրույցը երթուղային տաքսիում, ավտոբուսում կամ մեկ այլ հանրային վայրում... Երբեմն ուզում եմ պտտվեմ ու ասեմ. Լսեք Տիկին ինձ ախր բացարձակ չի հետաքրքրում Ձեր տալի փողերի պատմությունն ու թե ինչպես նրանք անցյալ տարի չեկան Ձեր տղայի Վերջին զանգը շնորհավորելու, բայց փոխարենը գնացին իրենց հարևանի աղջկա հարսանիքին ու 120.000-անոց բՌՌՌՌՌՌիլյանտի մատանի առան էն փչացածի համար, հերիք է բռնաբարեք իմ լսողական ապարատը /այս մեկը վերջերս եմ լսել... Էհ Տեր Աստված, որքան աղբ կա մեր ականջներում? Եվ ինչ կլիներ, եթե մարդը մոռանալու հատկություն չունենար? Լավ չէր լինի, ինձ թվում է նա կպայթեր/:
Լավ, շատ հեռացանք... Իսկ րագրողներն ինչ պիտի անեին առանց խոսելու, քարոզիչներն ինչ պիտի անեին, բա նախընտրական արշավները: Չէ, առանց խոսել անհնար է, այս մեկը հաստատ...
Բայց հաջորդ տրամաբանական միտք-հարցը որ գալիս է հետևյալն է, լավ ասենք խոսել, իսկ ինչի մասին? Հը?
Չէ որ մեզանում մեծամասամբ կանայք խոսելը վերածում են բամբասանքի, քարոզիչները դատարկաբանության, լրագրողները` վայրահաչության ու էլի բազում տեսակներ: Թերևո հենց այս պատճառով է, որ Բլոգիս Լոգոյում դրեցի Աստվածաշնչյան իմ ամենասիրելի համարներից մեկը, որտեղ ասվում է <<Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քոյ>> /Սաղմոս 50:17/, այսինքն <<Տեր եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո>>: Եվ գիտեք ինչն է հետաքրքրական? Ասեմ: Հետաքրքրականն ու խորհրդանշականն այն է, որ սաղմոսի այս տողերով է սկսվում մեր եկեղեցական արարողություններից մեկը, որ կոչվում է <<Գիշերային ժամերգություն>>:

Տաթևի Մեծ Անապատ
Ուրեմն պատկերացրեք Հայաստան, 17-րդ դար, Տաթևի Մեծ Անապատ, վերևում Տաթևի վանքն է, ներքևում Սուրբ Աստվածածին եկեղեցին, կեսգիշերից քիչ անց, վանականները հավաքվում են և անապատի հիմնադիր Արիստակես վարդապետի հետ և սկսում են գիշերային ժամերգություն ու առաջին նախադասությունը, որ բարձրաձայնում է սարկավագը հենց հետևյալն է. <<Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քոյ>>... փառահեղ է: Եվ պատահաբար չի, որ հենց առաջինն այս է ասվում ու սրան պատասխանում է վարդապետը թե. <<Օրհնեալ է Աստուած>>: Երկու անգամ այսպես հարց պատասխանի ձևով սաղմոսում են ու անցնում առաջ:
Բա սիրելիներս, նախկինում մեր հայրերն արթնանալիս, առաջին խոսքը որ արտասանում էին, դա Տիրոջն ուղղված փառաբանությունն էր: Իսկ մենք մեր օրը շատ անգամ սկսում ենք. <<Մի հատ կոֆե դի>> /երբեմն նաև պատվավոր <<ախչի> ածականն էլ է շռայլվում>/ կամ սիգարետս ուր ա և այլ տխմար ու աննպատակ նախադասություններով: Եվ հաշվի չենք առնում, որ ինչպես սկսեցինք մեր օրը, այնպես էլ այն շարունակվելու է, հաշվի չենք առնում, որ առավոտ կանուխ Տիրոջ փոխարեն սեփական որովայնը կամ ուրիշ բաներ հիշելուց հետո օրվա ընթացքում ահագին դժվար է լինելու Աստծու մասին մտածել, անկեղծ եմ ասում էսպես է որ կա, իզուր չի էլի այ մարդ որ մեր հայրերն էս սովորությունն ունեցել են: Է բայց հիմա ինչն է խանգարում առավոտյան աչքներս բացելուն պես <<Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քոյ>> ասելու համար: Վստահ եմ, որ կարող ենք ու մենք էլ հենց կարող ենք նաև պատասխանել մեզ ու ասել <<Օրհնեալ է Աստված>>: Բայց իսկապես ամեն առավոտ զարթնելիս ես օրինակ միշտ մտածում եմ ու փառք տալիս Տիրոջը, որ այդ օրն էլ զարթնեցի, է հնարավոր է չզարթնեի, ուրեմն Փառք մեր Տիրոջը ամեն օրվա համար:
Ես հավատում եմ, որ եթե մարդն իր օրը Տիրոջ փառաբանությամբ սկսի, օրվա ընթացքում դատարկ բաներ քիչ կխոսի: Ինչևէ, կարծես թե ես էլ շատ խոսեցի: Ուղղակի հավատացած եմ, որ եթե մեկն իր օրը այսպես սկսի, կամաց-կամաց նաև հեռախոսային դատարկաբանությունների վերջն էլ կտա... Ոչ ոք էլ կատարյալ չէ, բայց կարելի է ձգտել կատարյալին...

... շարունակելի

3 comments:

  1. Երեկ մի պահ մտածում էի, ինչու՞ ենք այսքան շատ խոսում հեռախոսով: Նույնիսկ մեղադրեցի բջջային օպերատորներին բաժանորդներին անվճար րոպեներ նվիրելու համար: Երբեմն ոչ թե խոսում, այլ դատարկաբանում ենք, միայն թե սպառենք ամսվա անվճար րոպեները...
    Շնորհակալություն անդրադարձի համար..

    ReplyDelete
  2. Հա, իսկապես որ, չէի մտածել այդ մասին, ճիշտ է, շատերը հենց միայն րոպեները սպառելու համար են խոսում, շատ լավ նկատեցիր Արսեն ջան:

    ReplyDelete