Friday, July 6, 2012

Անապատում կանչողի ձայնը


      Բարի լուրերի սկիզբն ազդարարում է Հովհաննես Մկրտիչը: Նա մարդկանց կոչ էր անում դարձի գալ, ապաշխարել և մաքրվել: Հովհաննեսի գործունեության մասին դեռ շատ վաղուց` մարգարեների գրքերում էր խոսվել: Մարկոսի Ավետարանի 1-ին գլխի 2-3 համարներն էլ հենց ներկայացնում են Հովհաննես Մկրտչի մասին այդ մարգարեությունները: Այս երկու համարներն իրենց մեջ են ներառել Մաղաքիայի մարգարեության 3-րդ գլխի 1-ին և Եսայու մարգարեության 40-րդ գլխի 3-րդ համարները:

     Մարկոս 1:2-3
      Ինչպես որ գրված է մարգարեների գրքերում. «Ահավասիկ ես ուղարկում եմ իմ պատգամավորին քո առաջից, որ կպատրաստի քո ճանապարհը քո առաջ»։ Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցե՛ք նրա շավիղները»:


     Մաղաքիա 3:1
     «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կտեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ…»

     Եսայի 40:3
     «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցե՛ք մեր Աստծու շավիղները»։

     Մաղաքիա մարգարեի ժամանակ տաճարի քահանաները ծուլանում ու թերանում էին իրենց պարտականությունները կատարելու հարցում. նրանք թույլատրում էին զոհաբերել հիվանդ և անպիտան կենդանիների, իրենց շահին էին ծառայեցնում տաճարին նվիրաբերվող տասանորդը և այլն: Նույն վիճակում էր նաև հասարակ ժողովուրդը` բոլորը հեռացել էին Աստծո պատվիրաններից և ապրում էին մեղսալի կյանքով: Եվ ահա այս իրադրության մեջ է, որ Մաղաքիան գրում է Աստծո խոսքը. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կտեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ…»: Սրանից հետո կգա Ինքը` Տերը, ում այնքան փնտրում էին հրեաներն ու դատաստանի կկանչի բոլորին:

     Իսկ Եսայի մարգարեն խոսում էր հրեա ժողովրդի փրկության մասին` ասելով. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցե՛ք մեր Աստծու շավիղները: Բոլոր ձորերը պիտի լցվեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, եւ ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց»։

     Հին աշխարհում ամենուր չէ, որ բարվոք ճանապարհներ կային: Այս պատճառով էլ թագավորներն իրենց կատարելիք այցելություններից առաջ զինվորների մեծ խմբեր էին ուղարկում, որպեսզի նրանք բացի հետախուզությունից նաև ճանապարհները հարթեցնեին և պատրաստեին իրենց տիրակալների համար:

     Ահա այս երկու մեջբերումները Մարկոս Ավետարանիչը համարում է, որ հենց Հովհաննես Մկրտչի մասին էին վկայում: Հովհաննեսն էր, որ իր Տիրոջից` Հիսուս Քրիստոսից առաջ եկել ու նախապատրաստում էր մարդկանց, ապաշխարության կոչ էր անում և քարոզում նրանց դատարկ ու անապատացած հոգիներին, որպեսզի դարձի գան, փոխվեն և նորոգված կերպով ընդունեն Տիրոջ գալուստը:

     Փորձենք մի փոքր անկեղծ լինել. արդյո՞ք այսօր նույն խնդիրների առաջ չենք կանգնած մենք` 21-րդ դարի բնակիչներս: Առանց տարանջատելու հոգևորականին աշխարհիկից, արդյո՞ք մենք բոլորս կարիքը չունենք գոնե երբեմն-երբեմն հիշելու, որ ինչպես Մաղաքիա մարգարեն է ասում, Տերը հանկարծակի պիտի գա ու դատաստանի կանչի և՛ մեղավոր քահանային, և՛մեղավոր աշխարհիկին: Արդյո՞ք մեր սրտերն էլ այսօր Եսայի մարգարեի խոսքի համաձայն անապատների նման դատարկված ու ամայի չեն, որտեղ կանչողի ձայնն այդպես էլ արձագանք չի ստանում:

     Հովհաննես Մկրտիչի ձայնը ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր, խոսում է մեզ ու հիշեցնում, բարի լուրի սկիզբը սեփական անձի պատրաստությունն է: Եթե մենք ուզում ենք իրական քրիստոնյաներ լինել, իսկապես ընդունել Ավետարանը, ապա պարտավոր ենք հիշելու Մաղաքիա և Եսայի մարգարեների տված դասը:

No comments:

Post a Comment