Sunday, February 5, 2012

ԷՄՄԱՆՈՒԵԼ /Եսայի 7:14 - Մատթ. 1:23/

Ժամանակակից աստվածաշնչագիտության մեջ շատ գիտնականներ մեղադրում են Մատթեոս Ավետարանչին, թե նա կոնտեքստից կտրված մեջբերումներ է անում Հին Կտակարանից, օրինակ` հենց Մատթ. 1:23 համարը, որում ասվում է . «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ» /մեջբերում Եսայի 7:14-ից/: Այս համարի շուրջ գոյություն ունի երեք հիմնական տեսակետ` ա. Այս համարում զետեղված մարգարեությունն ուներ զուտ տեղական բնույթ և իրականացել է հենց Եսայի մարգարեի կենդանության ժամանակ, բ. Այս մարգարեությունը վերաբերում է Մեսիայի` Քրիստոսի Ծննդյանը և գ. Այն իր մեջ է ներառում և՛ առաջին, և՛ երկրորդ տարբերակները:
Եթե ուշադիր կարդանք Եսայու մարգարեության 7-րդ գլուխը, ապա կտեսնենք, որ այնտեղ պատմվում է այն մասին, թե ինչպես ասորա-եփրեմյան պատերազմի ժամանակ Ասորիքն ու Իսրայելը միաբանվել էին ընդդեմ իրենց հարավային հարևան Հուդայի երկրի (734թ. ն. Ք.) /Եսայի 7:1,4,6/: Հուդայի արքա Աքազն էլ վախենում էր վրա հասած վտանգից: Ահա այս ժամանակ էլ Աստված նրա մոտ է ուղարկում Եսայի մարգարեին` մխիթարության խոսքով նրան գոտեպնդելու  և վստահեցնելու, թե Ասորիքն ու Իսրայելը չեն կարող նվաճել Հուդայի երկիրը /Եսայի 7:2,3,7,9/:  Սրա համար է, որ Աստված մարգարեի միջոցով նշան է տալիս ու ասում. «Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ» /Եսայի 7:14/: Այս համարին հաջորդող հատվածները մեզ ցույց են տալիս, որ մարգարեությունն ուներ ժամանակավոր և տեղական բնույթ. «Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով» /Եսայի 7:16/: Պարզ է դառնում, որ այդ երեխան պիտի ծնված լիներ Աքազի թագավորության ժամանակ և մինչ նա կմեծանար ու կհասունանար, ասորա-եփրեմական կոալիցիան պիտի լուծարված լիներ:
Այս համարի տեղական բնույթ ունենալու մասին է խոսում նաև Եսայու մարգարեության 8-րդ գլուխը: Եսային գնում է իր «մարգարեուհու» մոտ և նա որդի է ունենում /Եսայի 8:3/: Այս երեխայի և մարգարության մեջ հիշվող մանկան նույնականության մասին է վկայում նաև Եսայու 8:4 համարը. «քանզի մինչ մանուկը կը սովորի հայր կամ մայր ասել, Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կը բերուեն Ասորեստանի թագաւորի առաջ» /հմմտ. Եսայի 7:16/: Եսայու 7:14 և 8:4 համարներում նշված ժամանակահատվածն իրականացած ենք տեսնում նաև պատմության մեջ: Եվ իսկապես, ն. Ք. 732թ., մինչ երեխան դեռ կսովորեր «հայր» կամ «մայր» ասել (երեխան ծնվել էր ն. Ք. 734թ.),  Դամասկոսն ընկավ, իսկ մինչ երեխան կհասունանար (գոնե մինչև 12 տ.) ընկավ նաև Սամարիան: Այսպիսով, կարող ենք ասել, որ այո՛, Եսայու մարգարեության 7:14 հատվածն իրականացավ հենց Եսայու կենդանության օրոք: Սակայն հարց է առաջանում. այսքանով արդյո՞ք սահմանափակվում էր մարգարեությունը, թե այն ավելի մեծ ընդգրկունություն ուներ:
Եկեք ավելի ուշադիր քննենք: Նախ նշենք, որ մարգարեացումը միայն Աքազին չէր ուղղված, այլ նաև Դավթի տանը /Եսայի 7:13/: Եվ հետո Եսայու 7:14 համարում օգտագործված «almah» բառը հունարեն LXX թարգմանության մեջ թարգմանված է «parthenos» բառով (կույս), սակայն «almah» բառն ունի նաև մեկ այլ իմաստ: Եբրայերենում «կույս» բառի մեկ ուրիշ համարժեք ունեն (betulah), որն ակնարկում է միայն կուսության մասին, իսկ «almah» բառն օգտագործում էին բնութագրելու համար մի աղջկա, որը հասունացած պիտի լիներ ամուսնության համար, սակայն դեռ ամուսնացած չէր լինի: Այսինքն` կարող ենք ասել, որ Եսային օգտագործում է «almah» բառը, առաջին հերթին շեշտը չդնելով կուսության հանգամանքի վրա և այդպիսով ապացուցելով, որ մարգարեության այս հատվածն ուներ զուտ տեղական ու ժամանակավոր բնույթ, քանի որ շատերի կարծիքով մանուկը, ում մասին խոսվում է Եսայի 7:14-ում, կարող էր լինել կամ Եսայի մարգարեի զավակը, կամ էլ Աքազի տղա Եզեկիան, որը բավական զորավոր թագավոր եղավ հրեաների համար: Եվ եթե այդ մանուկը կամ Եսայի մարգարեի մանուկն էր, կամ Աքազի, ապա բնական է, որ այն չէր կարող ծնված լինել «կույսից». ուրեմն այստեղ մենք գործ ունենք «almah» բառի առաջին իմաստի հետ, որն ավելի շատ ակնարկում էր երիտասարդ աղջկան, քան կույսին: Սակայն միևնույն ժամանակ, այս բառի մյուս իմաստը, որ զուտ «կուսությունն» է, վկայում է այն մասին, որ մարգարեությունն ուներ նաև ոչ ժամանակավոր և ոչ տեղական իրագործման բնույթ. այն խոսում էր նաև Մեսիայի Սուրբ Կույսից ծնվելու մասին:
Եթե ավելի լայն շրջանակի մեջ դիտարկենք 7:14 համարը, ապա ավելի քան կվստահանանք, որ այն ժամանակավոր և տեղական բնույթ կրելուց բացի ուներ նաև անժամանակ, հավիտենական նշանակություն և իմաստ: 8:18 համարում Եսային և իր որդիները անվանվում են «նշաններ»` Իսրայելում Տիրոջ կամքով տեղի ունենալիք դեպքերի և իրադարձությունների: Այդ իրադարձություններն սկսում են տեղական մակարդակի վրա /8-րդ գլուխ/ և անցնում մեսիական, հավիտենական հարթության /9-րդ գլուխ/:  Եսայու որդուն ճիշտ է, մեծ նշանակություն էր տրվում, սակայն ինչպես հենց ինքը Եսային է ասում, մեսիական դարաշրջանում մի որդի պիտի ծնվի. «… որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի» /Եսայի 9:6/:
Այս մոտիվը շարունակվում է նաև Եսայի 11:1-9 համարներում: Այսպիսով, ելնելով ավելի մեծ ու ընդգրկում կոնտեքստից, որի մեջ ամփոփվում է Եսայի 7:14 /Եսայի 7-14 գլուխներ/, մենք կարող ենք ասել, որ Եսայի մարգարեն, ստանալով  աստվածային ներշնչումը, մարգարեանում է «Որդու» ծննդյան մասին` Աքազի ժամանակաշրջանում: Եվ այս տեղական բնույթ կրող և տվյալ ժամանակահատվածում իրականացած մարգարեությունը նախաօրինակ է դառնում և իր վերջնական լրմանը հասնում Աստծո Որդու` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ժամանակ:
Հետևաբար, կարող ենք վստահորեն ասել, Մատթեոս Ավետարանիչը Եսայու մարգարեության 7:14 համարը մեջբերում է իր բուն նշանակությամբ և ոչ թե կոնտեքստից դուրս:

2 comments:

  1. Ինչպես միշտ շատ հետաքրքիր էր,շնորհակալություն Տեր Հայր ջան:Անհամբեր սպասում եմ սերտողության դասերին :)))

    ReplyDelete
  2. Խնդրեմ Աննա ջան, ես էլ եմ սպասում: Մի քանի տեխնիկական հարցեր կան, դրանք էլ լուծվեն, արդեն ամեն բան պատրաստ կլինի ու մանրամասն կներկայացնեմ ծրագիրը...

    ReplyDelete