Wednesday, August 3, 2011

360 ՈՉԽԱՐ` ՄԵԿ ԱՐԿՂՈՒՄ

Կոստանդին ֆոն
Թիշենդորֆ
       Այն ինչ հիմա եմ գրում, իրականում ծրագրել էի մի քանի օր առաջ գրել, սակայն այնպես եղավ, որ գրելիս գնացի հասա լրիվ ուրիշ մի թեմայի, որ Քումրանյան ձեռագրերի հայտնագործության մասին էր պատմում, այսօր սակայն վստահ եմ, որ այդպես չի լինի:
       Ուրեմն, 1844 թ.-ին Եգիպտոսի Կահիրե քաղաքից երկու շաբաթով ուղտագնացության դուրս եկավ Կոստանդին ֆոն Թիշենդորֆ անունով 29 տարեկան մի գերմանացի` Լայպցիգի համալսարանի դասախոս (իմիջիայլոց, ես չասացի ուԽտագնացություն, ես ասում եմ ուՂտագնացություն. էս բառը ես եմ հորինել, սա նշանակում է ՈՒՂՏ-ով ճամփա գնալ, էնպես որ նրանք, ովքեր ուզում էին միանգամից սխալ բռնել, էս գլխից ասեմ, չստացվեց...) և երկու շաբաթ հետո հասավ Սինայի անապատում տեղակայված Սբ. Կատարինեի վանք:

Սինայի անապատի Սուրբ Կատարինե վանքը

       Հասնելով Սուրբ Կատարինեի վանքը, որի մասին արևմտյան Եվրոպայի մեծ մասը կարելի է ասել ոչինչ չգիտեր կամ ավելի ճիշտ ոչինչ գիտեր այդ ժամանակ, Կ. Թիշենդորֆը վեր բարձրացվեց վանքի պարիսպով, քանի որ վանք մուտք գործելու այլ հնարավորություն չկար: Թիշենդորֆի երազանքն էր գտնել Նոր Կտակարանի աշխարհում գոյություն ունեցող ամենահին ձեռագիրը: Եվ ով կմտածեր, թե որտեղ կգտնվեր այն: Թիշենդորֆի նոթատետրից իմանում ենք, որ վանքում 1-2 շաբաթ ձեռագրերն ուսումնասիրելուց հետո, երբ պատրաստվում էր լքել այն, վառարաններից մեկի մոտ դրված զամբյուղներից մեկում տեսնում է մագաղաթե ինչ-որ թերթեր և հետաքրքրությունից ելնելով վերցնում ու սկսում է ուսումնասիրել դրանք, անմիջապես պարզելով, որ սրանք չորրորդ դարի գլխագիր, այսինքն` ամբողջությամբ մեծատառերով գրված հունարեն աստվածաշնչյան տեքստեր են, հատվածներ Երեմիայի մարգարեությունից, Ա և Դ Մակաբայեցիների գրքերից և այլն: Պարզվում է, որ այս զամբյուղների մեջ լցված թերթերը վանականները պիտի տանեին վառելու, վառարանի համար, այսպես ասած, կպչան սարքելու համար. կպչանը արարատյան դաշտի բնակիչների լեզվով այն թղթի կտորն է, որով վառում են կրակը վառարանում: Թիշենդորֆն ասում է, թե անգամ վանականներից մեկը հընթացս ասաց, որ մի երկու զամբյուղ այդպիսի թերթերով լի արդեն իսկ վառել են: Երիտասարդ գիտնականն զգուշացրեց, որ վանականների մոտ է գտնվում մի անգին գանձ, որ դժվար է անգամ գնահատել և որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ դրանք այրվեն:
       Հա, իմիջիայլոց, քանի չեմ մոռացել, ասեմ, թե ինչու եմ սլաքով նշել վերևի նկարի վրա, իսկ ավելի լավ է տեղադրեմ տեսանյութը որտեղ առաջին րոպեից արդեն պարզ կդառնա թե այդ ինչն եմ նշել և թե ինչպես էին վանքի պարիսպներից ներս մտնում այն ժամանակ:

Կարող եք նայել առաջին մեկ րոպեն

       Գերմանիա վերադառնալիս Թիշենդորֆին հաջողվեց իր հետ վերցնել ձեռագրի 43 թերթերը, որոնք փոխանցեց Լայպցիգի համալսարանի գրադարանին, իսկ երկու տարի անց հրապարակեց` անվանելով այն Ֆրեդերիկո-Ավգուստինյան (ի պատիվ Սաքսոնիայի արքա Ֆրդեդերիկ Ավգուստի, որը միևնույն ժամանակ Թիշենդորֆի հովանավորն էր):
       Երիտասարդ գիտնականը սակայն այսքանով չբավարարվեց. 9 տարի անց` 1853 թվականին Թիշենդորֆը նորից Սբ. Կատարինեի վանքում էր: Վանականները, սակայն, հասկանալով, որ իրենց ձեռքում է գտնվում Աստվածաշնչի ամենահին և ամենակարևոր ձեռագրերից մեկը, որն ինչպես տեսանք մինչ այդ ուզում էին այրել, հուսախաբ արեցին Թիշենդորֆին, և վերջինս ձեռնունայն վերադարձավ Եվրոպա:
       Երրորդ անգամ գալով Սբ. Կատարինեի վանք` Թիշենդորֆն իր հետ ուներ նաև ռուսաց Ալեքսանդր 2-րդ կայսեր երաշխավորագիրը: Որոշ ժամանակ անց, երբ Թիշենդորֆը պիտի վերադառնար Եվրոպա, վանքի տնտեսը իր խցում պահարանից հանեց ալ կարմիր կտորի մեջ փաթաթած ձեռագիրը և ներկայացրեց հանճարեղ գիտնականին: Թիշենդորֆը, փորձելով զսպել իր հիացմունքը, խնդրում է վանականից մեկ գիշերով իրեն հանձնել այն: Գիտնականն իր օրագրում նշում է, որ ամբողջ գիշեր անհագ ծարավով ուսումնասիրում էր այն:
       Որոշ ժամանակ անց, երբ Թիշենդորֆը Կահիրեում էր, նրան հաջողվեց համոզել վանքի վանահորը արտագրելու համար իրեն տրամադրել ձեռագիրը: Վանականը համաձայնեց, բայց պայմանով, որ ամեն անգամ մի փոքր հատված պիտի տրամադրեր գրքից: Այս ժամանակ, հուրախություն Թիշենդորֆի, Եգիպտոսում էին գտնվում հունարեն գրել կարդալ իմացող երկու գերմանացի` դեղագործ և գրավաճառ: Այս երեքով կարողացան երկու ամսում արտագրել շուրջ 110 հզ. տող հունարեն բնագրից:
       Հաջողության հասնելու համար հաջորդ քայլը, որին դիմեց Թիշենդորֆը, կարելի է ասել "եկեղեցական դիպլոմատիան" էր: Եղավ մի պահ, որ Սբ. Կատարինեի վանքի վանահոր պաշտոնը թափուր մնաց և Թիշենդորֆն էլ, օգտվելով առիթից, հորդորեց վանականներին Ռուսաց Ցարին մի լավ նվեր անել, որով նաև կշահեին Ցարի համակրանքն ու իրենց ուզած վանահորը կստանային: Իսկ ինչը կարող էր ավելի մեծ նվեր համարվել, քան աստվածաշնչյան ամենահին ձեռագիրը, որ գոյություն ուներ աշխարհում` IV դ. գրված Սինայի Կոդեքսը (Codex Sinaiticus): Թիշենդորֆը վանականներին համոզեց ու իր հետ վերցրեց Սինայական կոդեքսը, որը և 1862 թ., երբ տոնում էին Ռուսաց Պետության հիմանդրման 1000-ամյակը, լույս տեսավ չորս հատորով, շքեղ հրատարակությամբ և նվիրվեց Ռուսաց Կայսրին` վանքի անունից: 

Մարկոս 1:1-2  (Codex Sinaiticus)
       Ռուսաց Կայսրն էլ ի նշան շնորհակալության, վանքին բավական մեծ դրամական գումար հատկացրեց, վանքի բարձրաստիճան հոգևորականներին շքանշաններ և այլն, ինչպես նաև իրենց ուզած վանահորը: Հետագայում սակայն` բոլշևիկյան հեղափոխությունից հետո, Ռուսաստանը, քանի որ Աստվածաշնչի կարիք արդեն չուներ, որոշեց վաճառել այն 100,000 ֆունտ ստերլինգով, որը համարժեք էր 500,000 դոլարին, և առաջինը բնականաբար Անգլիան ցանկացավ գնել այն: Անգլիան տվեց գումարի կեսը, իսկ մյուս կեսը հավաքվեց ստորագրություններով` տարբեր անհատների կողմից: Եվ այսպես 1933 թ. Սուրբ Ծննդյան օրվանից մինչև հիմա ձեռագիրը պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Շատերը հետո մեղադրեցին Թիշենդորֆին, քանի որ նա այդպես էլ չվերադարձրեց ձեռագիրը վանքին, այնինչ գրավոր կերպով հաստատել էր, որ տպագրությունից հետո, երբ որ վանականները հետ ուզեին ձեռագիրը, ինքը պատրաստ էր այն վերադարձնելու: Սակայն մինչ օրս հարցական է նաև արդյոք վանակնները դիմեցին ձեռագիրն ստանալու համար, թե ոչ:
       Սակայն հետաքրքրական մի փաստ. 1975 թ. Սբ. Կատարինե վանքի խոհանոցում հրդեհ է բռնկվում, որը հանգցնելուց հետո, խոհանոցի տախտակամած հատակի այրված լինելու պատճառով հայտնաբերվում է մինչ այդ անհայտ ձեռագրերի գետնափոր մի մեծ պահոց: Ավելի քան 1200 ձեռագրերը 1999 թ. միայն վերջնականապես ցուցակագրվեցին և որոշակիորեն ուսումնասիրվեցին: Բայց ինչ է հետաքրքրականը. այս պահոցում գտած ձեռագրերից ամենաուշը գրվել են 18-րդ դարում: Պահոցում ի թիվս այլ ձեռագրերի պատառիկների, հայտնաբերվեցին բազմաթիվ հատվածներ, թերթիկներ հենց Աստվածաշնչի Սինայական կոդեքսից, որոնք առանձին մի փաթեթով հավաքված պահվում էին այնտեղ. դրանց մեջ էին օրինակ Հնգամատյանից բավական մեծ թվով թերթեր, որոնք Թիշենդորֆի հրատարակած տարբերակում բացակայում են, իսկ արդեն հետագա տպագրություններում, ինչպես և համացանցում եղած տարբերակում կան: Տրամաբանակ է, որ եթե մինչև տասնութերորդ դար այս վանականները պահել են շարքից դուրս եկած կամ գրքից պոկված թերթերը և չեն ոչնչացրել, ապա դժվար այն որոշեին այրել մի քանի դար հետո: Այս ամենը ոմանց մտածելու տեղիք տվեց, և շատերն այն կարծիքը հայտնեցին, թե իրականում այս վանականները ոչ մի ձեռագրի պատառիկ կամ թերթեր էլ չէին այրում, այլ Թիշենդորֆն էր սուտ խոսել, որպեսզի եվրոպացի գիտնականներին համոզեր ձեռագիրը չվերադարձնելու համար: Ահա այսքանն առ այս: Բայց անկեղծ ասած ես ինքս չեմ կարող ասել Թիշենդորֆն էր սուտ խոսում, թե վանականներն իրականում սկսել էին այրել ձեռագրերը:
       Ձեռագրի թվայնացված տարբերակն այսօր առկա է համացանցում http://codexsinaiticus.org/en/ հասցեով: Անտանելի մեծ աշխատանք է արված:
       Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիտել հետևյալ տեսանյութերը ևս. հա, իմիջիայլոց մոռացա նշել, որ ձեռագրի մագաղաթը պատրաստելու համար օգտագործվել է ավելի քան 360 ոչխարի կաշի:

3 comments:

  1. Another stolen item that should be returned to its legitimate owners, the Holy Archbishopric of Sinai and the monastery...

    ReplyDelete
  2. ΑΡΧΗ ΤΟΥ ΕΥΑΓΓΕΛΙ
    ΟΥ Ι[ΗCΟ]Υ Χ[ΡΙCΤΟ]Υ Υ[ΙΟ]Υ Θ[ΕΟ]Υ ΚΑΘΩC ΓΕ
    ΓΡΑΠΤΑΙ ΕΝ ΤΩ ΗCΑ
    ΪΑ ΤΩ ΠΡΟΦΗΤΗ
    ΙΔΟΥ ΕΓΩ ΑΠΟCΤΕ
    ΛΩ ΤΟΝ ΑΓΓΕΛΟΝ ΜΟΥ
    ΠΡΟ ΠΡΟCΩΠΟΥ CΟΥ

    ReplyDelete
  3. Կարծում եմ, որ այնքան էլ հեշտ չի պնդել, թե Սինայական կոդեքսը պատկանում է Սուրբ Կատարինե վանքին, քանի որ պետք է հաշվի առնել, որ այն գրվել է 4-րդ դարում, իսկ այդ վանքը հիմնադրվել է 5-րդ դարում: Եվ երկրորդ, եթե չեմ սխալվում, ոմանց կարծիքով սա հենց այն 50 ձեռագրերից մեկն էր, որն ըստ Եվսեբիոսի պատվիրել էր Կոստանդիանոս կայսրը, կայսրության տարածքում հենց իր ժամանակ գոյություն ունեցող վանքերն ու եկեղեցիները Սուրբ Գրքով ապահովելու համար:

    ReplyDelete