Sunday, July 31, 2011

Այծի փոխարեն ձեռագիր

Աղոթք` Քումրանյան ձեռագրերից
Ողջույն-ողջույն: Ուզում եմ կիսվել Ձեզ հետ մի քանի պատմական հետաքրքիր դրվագներով: Քանի որ էս պահին կարդում եմ Նոր Կտակարանի հունարեն տեքստերի հետ կապված հետաքրքիր մի աշխատություն, որտեղ ահագին զարմանալի բաներ կան գրված, ուզեցա, որ դուք էլ փոքր ինչ տեղեկացված լինեք այդ ամենի մասին. Բրյուս Մեցգերի <<Նոր Կտակարանի Տեքստաբանություն>> աշխատության մասին է խոսքը, որից էլ ոգեշնչվեցի ու սկսեցի հերթական փոստն անել:
Բայց մինչև Նոր Կտակարանի տեքստին անցնելը, հիշեցի Քումրանյան Ձեռագրերի բացահայտման պատմությունը: Ախր շատ հետաքրքիր է էլի, հո զոռով չի, մի բան որ լինելու է, լինում է ինչ էլ որ լինի: Լավ ասի չէ? Լավ, անցնենք առաջ:

Սրանից մոտ 65 տարի առաջ Միջերկրական Ծովի ափին` Վադի Քումրան կոչված վայրում, որ հիմնականում անապատայիн մի շրջան էր, Մուհամմեդ էդ-Դիբ անունով մի երիտասարդ բեդվին, կորցրել էր իր այծերից մեկին ու փնտրում էր այն: Երկար ժամանակ փնտրելուց հետո, հոգնում է և որոշում հանգստանալ քարայրներից մեկի ստվերում: Երբ տղան նայում է քարայրին, տեսնում է, որ այնտեղ մի մարդու հասակի չափով ճեղք կա, մտածում է, որ հնարավոր է իր այծը մտել է այնտեղ և ձեռքը մի քար վերցնելով ներս է շպրտում այդ ճեղքից` հույս ունենալով վախեցնել և դուրս քշել թաքնված այծին: սակայն Մուհամմեդը սխալվում էր. ներսից ինչ որ ջարդվող կավե տարայի ձայն է գալիս, տղան գոտեպնդվում է և որոշում է ներս մտնել, որպեսզի պարզի թե ինչ կոտրվեց այնտեղ: Մտնում է ներս և ով զարմանք, ներսում ինչ-որ կարասներ, որոնց մեջ էլ` կաշվե մագաղաթներ` պատված անծանոթ գրություններվ: Խեղճ բեդվինը, չհասկանալով թե ինչ գանձ է գտել, սկզբից որոշում է իր մեծ գտածոն օգտագործել հողաթափերը վերանորոգելու համար, չէ որ ձեռագրերը հենց կաշվից էին, իսկ խեղճ թշվառականին էլ կաշի էր պետք իր այսպես կոչված սանդալները վերանորոգելու համար: Այն էլ ձեռագրերի բախտը բերում է. քանի որ կաշին հին է լինում ասենք մոտ 2000 տարեկան ամենաքիչը և բնականաբար` փխրուն ու բեդվինին չի հաջողվում դրանցով իր հողաթափերը վերանորոգել: Ստիպված տանում է իր հետ: Հետագայում պարզ է դառնում, որ սրանք հենց Քումրանյան ձեռագրերն են, որ կան: Ու դրանից հետո էլ չասեմ թե ինչքան մեծ բացահայտումներ եղան և այլն և այլն: Բայց անկեղծ, որ մտածում ես, թե ինչ խայտառակ պատահականությամբ են ձեռագրերից շատերն ի հայտ եկել, չես կարողանում հավատալ, որ այդ ամենն ուղղակի պատահականություն էր: Մարդն իր այծին էր փնտրում, բայց արի ու տես գտավ Քումրանյան ձեռագրերը, որոնք գիտնականներին օգնեցին Աստվածաշնչյան շատ ու շատ հարցերի պատասխաններըը գտնելու և այլնի համար: Քումրանյան ձեռագրերն, ընդհանուր առմամբ որ սահմանելու լինենք, սրանք Սուրբ Գրքի, բնականաբար Հին Կտակարանի տարբեր գրքերի ձեռագիր օրնակներ են, ինչպես նաև տեղական համայնքային ինչ-ինչ կանոններ, որոնք գրվել էին էսսենացիների կողմից: Չնայած հետագայում բացի Քումրանից այնքան շատ քարայրներում նորանոր ձեռագրեր գտնվեցին, որ այսօր գիտական աշխարհում սրանք հիմնականում սկսեցին կոչվել Մեռյալ Ծովի ձեռագրեր ընդհանուր անվամբ:
Ու գիտեք զարմանալին որն էր? Այս երիտասարդ բեդվինը բերում ու այս յոթ ձեռագրերը վաճառում է ջրի գնով, համարյա ձրի. 1947թ. երեքը այս ձեռագրերից վաճառվում են Երուսաղեմի պրոֆեսոր Է. Լ. Սուկենիկին` 35 ֆրանկով, իսկ մյուս չորսը Սուրբ Մարկոսի անունը կրողի ասորի վանքի վանահայր Սամվել Աթանասին` 50 ֆրանկով: Այնինչ հետո այս ձեռագրերը ինչքան մարդու հարստացրեցին, էլ դրա մասին չխոսեմ: Բայց ամենազավեշտալին այս պատմությունում ինձ համար նաև ասորի այս վանականի հետ կապված իրադարձությունն էր: Ուրեմն, երբ իմանում են, որ սրա մոտ վանքում պահվում են էտ անգին գանձ ձեռագրերը, գալիս ասում են, թե տուր տպենք էլի այ մարդ մնալու է վանքումդ ինչ անես: Սա պատասխանում է, որ ինչպես թե, այս ձեռագրերը հենց այս վանքում են գրվել, ձեռագրացուցակում էլ կան, այս վանքին էլ պատկանում են, ոչ մի տեղ էլ չեմ տա, բայց դե վերջում պարզ է, որ մեծ գումարի դիմաց ամեն հարց էլ պիտի լուծվեր, բա: Դե 250.000 դոլարը քիչ չէր էլի էն ժամանակվա համար: Ձեռագրերն էլ գնեց բնականաբար նորից Երուսաղեմի համալսարանը: Ուրիշ կերպ կարծում եմ չէր էլ կարող լինել:
Լավ աչքիս շատ գրեցի, Նոր Կտակարանի տեքստերի հետ կապված նմանատիպ մի հետաքրքիր դեպքի մասին էլ մի երկու օրից կգրեմ, էնպես չստացվի էլի, որ սկզբից ուզում էի գրել ու չգրեցի, կգրեմ:
Լավ եղեք, Աստված բոլորիդ հետ:

No comments:

Post a Comment