Հոգեշնորհ
Տ. Աղան աբեղա Երնջակյանի քարոզը՝
խոսված Ս. Էջմիածնի Մայր Տաճարում,
Ս. Պատարագի ժամանակ
16 հունիսի, 2013թ.
«Ասում
եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ,
մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստուծո հրեշտակների առաջ»:
(Ղուկ. 12.8)
Սիրելի
հավատավոր
քույրեր և եղբայրներ, Ավետարանը պատմում է թե ինչպես մեր Տերը` Քրիստոս իր տասներկու աշակերտներին իշխանություն տվեց Սուրբ ավետարանի քարոզչության համար, նրանց իշխանություն տվեց հալածելու դևերին, բժշկելու հիվանդներին, հարություն տալու մեռածներին, զգուշացրեց նրանց, որ իր անվան համար պիտի դատարանների ու ատյանների առաջ կանգնեն, պիտի հալածվեն, անարգվեն և այս ամենի հետ միասին մի մեծ ազդարարական տվեց` մարդկանց առաջ խոստովանել Իր անունը. «Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստուծո հրեշտակների առաջ»:
Սիրելի
հավատացյալներ,
խոստովանել
նշանակում
է Դավանել, հավատալ, երկրորդ իմաստով նշանակում է հրապարակել, հռչակել, պաշտպանել: Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում ասում է. «քանի որ արդարանալու համար սրտով եք հավատում և փրկության համար խոստովանում բերանով»
(Հռոմ.
10.10): Սա
է քրիստոնյայի փրկության ճանապարհը` սրտով հավատալ և բերանացի խոստովանել: Սրանք առանձին չեն, հավատալն ու խոստովանելը միասին են: Խոստովանել քրիստոսին ուրեմն նշանակում է հավատալ Նրան, Նրա մեծ զորությանը, Աստվածությանը, Քրիստոսի փրկագործ տնօրինությանը, որով Ինքը` Քրիստոս մեր` մարդկության փրկության համար իջավ երկնքից, խոնարհվեց, մարմին առավ, մեր մեղքերի թողության համար խաչվեց, թաղվեց, հարություն առավ` մեզ` մեղքով մեռածներիս հարություն տալով: Եվ նույն Ինքը Քրիստոս ամեն անգամ Սուրբ Պատարագին Պատարագվում, զոհաբերվում է մեր մեղքերի դիմաց: Հավատքը անգործ, անշարժ չէ, հավատքի կյանքը Ավետարանի կենսագործումն է առօրյայում: Այդ հավատը ապրեցվում է, հավատը կենցաղում գործերով է դրսևորվում: Եվ ուրեմն հավատից բխած գործերով արդեն իսկ հռչակվում, հրապարակվում և խոստովանվում է Քրիստոսի անունը: Միաժամանակ հավատը քաջություն է ծնում ըստ կարգի նաև հրապարակելու, բարձրաձայնելու ինքն իրեն:
Հետաքրքրական
մի պատմություն կա. մի քրիստոնյայի հալածելով բռնում են և տանում կապում խարույկին, կրակը վառված է, պատրաստ է սուրբին այրելու: Այն ժամանակ գալիս է մի ծեր կին և իր ափի մեջ հավաքած ջուրը լցնում է այրվող կրակին, ներկաները զարմանում են, որ կինը փորձում է իր մեկ ափ ջրով հանգցնել ահագնացող կրակը և սկսում են ծաղրել, իսկ վերջինս պատասխանում է, որ կարևոր չէ, թե կրակը կհանգի կամ` ոչ, կարևորն այն է, որ դրանով ես իմ կողմն եմ ցույց տալիս, իմ դիրքորոշումը:
Կյանքում
մարդը շատ հաճախ պետք է ունենում ցույց տալու իր դիրքորոշումը. բազում կուսակցություններ,
ընկերություններ,
միություններ
կան և բազմաթիվ անդամներով: Այս մարդիկ կյանքի մի փուլում ցույց են տվել իրենց դիրքը, կողմնորոշումը, թե ինչի են պատկանում և ինչ սկզբունքներ են դավանում: Առաջին քրիստոնյաներն իրենց հավատը խոստովանում ու նահատակության պսակ էին կրում, բազում տանջանքների էին ենթարկվում, և եթե մարդ դեռ մկրտված էլ չէր, սակայն Քրիստոսի անունը խոստովանելով սպանվում էր, իր խոստովանությունն
ու դրան հետևող նահատակությունն
իր համար փրկության
երաշխիք էր դառնում: Ոչ վաղ
անցյալում
մեր իրականության մեջ էլ էր նույնը, մարդը եկեղեցի էր մտնում և աքսորվում, գնդակահարվում: Այստեղ, հենց հիմա կանգնած տարեցներից շատերը նույնն են արել, վտանգել են իրենց կյանքը հանուն իրենց հավատի: Մտել են եկեղեցի և սովետական հսկայածավալ անաստված տերության առաջ խոստովանել, որ հավատում են Քրիստոսին:
Շատ
չեն անցել այդ օրերից և այսօր դժբախտաբար մենք ամաչում ենք խոստովանել, որ Քրիստոնյա ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ ենք: Նույնիսկ մեր ընտանիքների մեջ ցույց չենք տալիս մեր հավատը. Թաքցնում ենք այն: Պողոս առաքյալն ասում է. «Ամոթ մի համարեք վկայել Տիրոջը»
(Բ Տիմ. 1.8): Քրիստոնյան ամաչում է խոստովանել իր Ճշմարիտ Տիրոջը, իսկ աղանդավորները դռնեդուռ տարածում են իրենց հավատը, մեղքերի մեջ թաղված անձինք հպարտությամբ խոստովանում են իրենց չարագործությունները
և ստիպում ճանաչել ու ընկալել իրենց. և տեսնում ենք աշխարհը ճանաչում է նրանց: Ուրեմն եկեք մեր կյանքը, մեր առօրյան վերափոխենք, դարձնենք Քրիստոսի անվան խոստովանություն,
մեր դիմացինի, մեր հարևանի, մեր ընտանիքի անդամենրի հետ հարաբերություններում
թող արտացոլվի
Քրիստոս, ջանանք ամեն կերպ Քրիստոսին խոստովանել, որպեսզի դրանով Քրիստոս փառաբանվի, որովհետև խոստովանությունը
նաև Տիրոջ գովաբանություն է, ինչպես Դավիթ սաղմոսերգուն է ասում. «կեսգիշերին ելնում և խոստովանում էի քեզ քո արդար դատաստանների համար» (Սաղմ.
118.62):
Եվ
մեր խոստովանության դիմաց վերջին օրերին Դատաստանի ժամանակ Քրիստոս մեզ պիտի խոստովանի Հոր առաջ. «մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստուծո հրեշտակների առաջ»:
Հովհաննու
Հայտնության
մեջ Քրիստոս ասում է. «Ով հաղթի, նրա անունը պիտի խոստովանեմ իմ Հոր առաջ և նրա հրեշտակների առաջ»
(Հայտ.
3.5): Ուրեմն,
աղոթենք, որ Աստված զորացնի մեզ բոլորիս, հավատալու, դավանելու և խոստովանելու իր անունը, որպեսզի Պողոս առաքյալի հետ ասենք. «գիտեմ, թե ում եմ հավատացել և վստահ եմ, որՆա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը»
(Բ Տիմ. 1.12): Ամեն: