Showing posts with label Lex talionis. Show all posts
Showing posts with label Lex talionis. Show all posts

Tuesday, September 20, 2011

ԹԱԼԻՈՆԻ ՕՐԵՆՔԸ (Lex talionis)


Այսօր լսեցի անկում ապրած մի մարդու պատմություն և որոշեցի թղթին հանձնել իմ մտորումները այդ կապակցությամբ: Չեմ մանրանա պատմության ու հերոսների արարքների մեջ, այլ կկենտրոնանամ ավելի շատ լուծումների վրա: Լուծումներն էլ իմը չեն լինի, այլ շատ ավելի հիմնավոր ու դարերի բովով անցած մարդկանց կամ գուցե քաղաքակրթությունների: Մտածում եմ, եթե մի շարք ժողովուրդներ նույն սկզբունքը կիրառել են, ապա այն իսկապես գործում է և ավելին ասեմ, շատ լավ էլ կարգավորում է մարդկային հարաբերությունները:
Թալիոնի օրենքը (լատ.- Lex talionis) - հանցանքի համար նախատեսված պատժի սկզբունք, համաձայն որի պատժի չափը և ձևը պետք է համարժեք լինի կատարված հանցանքի ձևին ու չափին (ակն ընդ ական, ատամ ընդ ատաման կամ որպես նախկին ԽՍՀՄ երկիր մեզ ավելի ծանոթ կարող է հնչել «око за око, зуб за зуб» տարբերակը):
Իրավական դաշտում Թալիոնը հայտնվեց այն ժամանակ, երբ անհրաժեշտություն առաջացավ պաշտպանելու ցեղը հանցավոր ցեղակցի գործած մեղքի համար արյան վրեժից, այսինքն` միայն հանցավորը պետք է պատժվեր, այլ ոչ թե նաև մնացած նրա ազգականները:
Թալիոնի օրենքը հանդիսանում էր արդարադատության կոպիտ արտահայտչաձև, որը հասկանալի էր նույնիսկ նախնադարյան մարդուն: Հին ժամանակներից այս սկզբունքը հայտնի էր ժողովուրդներին: Օրինակ` Գվինեայում, եթե կինը դավաճանել է ամուսնուն ուրիշ տղամարդու հետ, ապա ամուսինը իրավունք ուներ նույն կերպ վարվելու այդ տղամարդու կնոջ հետ: Այս սկզբունքը շատ հանգամանորեն նկարագրված է նաև հրեկան, հռոմեական և միջնադարյան գերմանական օրենքներում: Նույն բանը կարող ենք տեսնել ռուսական օրենքների մեջ (1649 թ.): Մարմնական վնասները փոխհատուցվում էին նույնանման մարմնական վնասներով: Շատ մեծ դեր ուներ Թալիոնը Պետրոս Առաջինի օրենքների մեջ. Աստծուն հայհոյելու համար տաք երկաթով այրում էին լեզուն, սուտ վկայության համար` կտրում էին երկու մատը, իսկ սպանության համար` առանց հապաղելու գլուխն էին կտրում: Ժամանակի ընթացքում հանցանքները այնքան բազմազան դարձան, որ միայն Թալիոնով այլևս հնարավոր չէր կառավարել օրենսդրական դաշտը և այն սկսեց կորցնել իր ազդեցությունը, թեպետ բոլոր օրենքների հիմքում էլ ըստ էության դա է ընկած: