Tuesday, August 28, 2012

GIORGIO AGAMBEN: ԵԹԵ ՓՈՂԵՐԻ ԴԱԺԱՆ ԿՐՈՆԸ ԽԺՌՈՒՄ Է ԱՊԱԳԱՆ


     Որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է նշանակում «ապագա» բառը, նախ պետք է հասկանանք նշանակությունը մեկ այլ բառի, որի կիրառությունը կրոնական ոլորտից դուրս այնքան էլ սովորական չէ. այդ բառը «հավատքն» է: Ապագան անհնար է առանց հավատքի կամ վստահության, մենք ապագա ունենք, եթե միայն կարող ենք վստահել կամ հավատալ ինչ-որ բանի: Այո´, բայց ի՞նչ է հավատքը: Մեծ գիտնական, կրոնագետ (այո´, գոյություն ունի նաև այսպիսի
տարօրինակ անվանումով գիտական դիսցիպլին) Դավիթ Ֆլյուսերը, աշխատում էր «pistis» բառի բացատրության վրա. հունարեն տերմին, որը Հիսուսն ու իր աշակերտներն օգտագործում էին «հավատք» իմաստով: Մի անգամ նա, պատահաբար հայտնվելով Աթենքի հրապարակներից մեկում և վեր բարձրացնելով աչքերը, իր առջև տեսավ խոշոր տառերով մի գրություն` «Trapeza tes pisteos»: Ապշած լինելով այս համընկնումից, նա ավելի ուշադիր զննելով, մի քանի վայրկյան հետո հասկացավ, որ ինքն ուղղակի գտնվում է բանկի առջև: «Trapeza tes pisteos» հունարեն նշանակում է «վարկային բանկ»: Ահա թե ինչպիսին էր pistis բառի իմաստը, որի բացատրությամբ նա զբաղված էր մի քանի ամիս: «Pistis»-ը` «հավատք»-ը պարզապես Աստծո կրեդիտն է, վարկը, որից օգտվում ենք մենք և որից օգտվում է Աստծո խոսքը մեր մեջ` այն պահից, երբ մենք հավատացինք: Այս պատճառով Պողոսն իր հայտնի սահմանման մեջ կարող էր ասել. «Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացված բաների հաստատումը...» /Եբր. 11:1/. Սա այն է, ինչն իրականություն է դարձնում այն, ինչը դեռ չկա: Բայց ինչի՞ն ենք մենք հավատում և ինչի՞ն վստահում, երբ խաղի մեջ ենք դնում մեր վստահությունն ու մեր խոսքը: Ապագայի նմանվող ինչ-որ բան գոյություն ունի այնքանով, որքանով իրականանում է մեր հավատքը, այսինքն` իրագործումը մեր հույսերի: Սակայն մեր ժամանակն, ինչպես հայտնի է, «փոքր հավատքի» դարաշրջանն է կամ ինչպես Նիկոլա Կյարոմոնտեն է ասել` «հիմար հավատքի» (di malafede), այսինքն` հավատք, որը պահպանվում է ուժով և ոչ համոզմամբ: Հետևաբար, սա դարաշրջան է առանց ապագայի և առանց հույսերի կամ դարաշրջան` ապագա անկումների և կեղծ հույսերի:
     Այս դարաշրջանը չափազանց ծեր է ինչ-որ բանի իրապես հավատալու համար և չափազանց չար անկեղծ հույս ունենալու համար: Ուրեմն ի՞նչ վիճակում է մեր կրեդիտը, ի՞նչ վիճակում մեր ապագան: Չէ՞ որ, եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ դեռևս գոյություն ունի մի ոլորտ, որի մեջ հայտնվել է մեր ողջ «pistis»-ը, ամբողջ հավատքը: Եվ այդ ոլորտն է դրամն ու բանկը, իսկ «trapeza tes pisteos»-ը նրա տաճարն է: Փողն այն չէ, ինչը թղթադրամների մեծամասնության վրա բնորոշվում է «կրեդիտ» բառով (ֆունտի, դոլար վրա, անգամ, եթե այդ գրությունն առկա չէ եվրոյի վրա, ո՞վ գիտե, թե ինչու. հնարավոր է սա նույնպես պետք է կասկածելի լինի): Այնտեղ անգամ գրում են, որ կենտրոնական բանկը խոստանում է ինչ-որ կերպ ապահովել այդ կրեդիտը: Այսպես կոչված «ճգնաժամը» («ճգնաժամ» կոչեցյալի էությունն այսօր հայտնի է ինչպես երբևէ, աննորմալ է միայն այն, որ կապիտալիզմը գործում է մինչև հիմա) սկսվեց ցածր կրեդիտներով իրականացված անտրամաբանական վարկային գործընթացների հետևանքով, որոնք տասնյակ անգամ վերավաճառվել էին, մինչ կկարողանային վերադարձվել: Այլ խոսքերով, սա նշանակում է, որ ֆինանսական կապիտալիզմը և բանկերը, որոնք նրա գլխավոր գործիքներն են, գործում են` խաղալով կրեդիտների, այսինքն` մարդկանց հավատքի հետ:
     Սակայն սա նաև նշանակում է, որ պետք է տառացիորեն հասկանալ Վալտեր Բենիամինի 1հիպոթեզը, համաձայն որի կապիտալիզմն ամենադաժան և անողորմ կրոնն է երբևէ գոյություն ունեցածներից, քանի որ այն ո´չ քավություն է ճանաչում, ո´չ էլ շնչելու ժամանակ տալիս: Բանկն իր մոխրագույն գործավարներով և փորձագետներով զբաղեցնում է Եկեղեցու և քահանաների տեղը, և ղեկավարելով կրեդիտը, շահագործում հավատքը: Ողորմելի, փոքրիկ հավատք, ահա թե ի´նչ է ներկայացնում իրենից մեր ժամանակը: Ամեն ինչ տեղի է ունենում այնպես, որ ամենաանպատասխանատու և անխիղճ մարդիկ դրամական շահույթ են փնտրում մարդկանց վստահության և հույսերի հաշվին: Նրանք վարկ են հաստատում, որից կարող են օգտվել բոլորը և գին, որը պարտավոր են վճարել դրա փոխարեն (անգամ սեփական ինքնիշխանությունից հրաժարված պետությունների համար): Այսպիսով, նա, ով ղեկավարում է կրեդիտը, ղեկավարում է ոչ միայն ամբողջ աշխարհը, այլ նաև մարդկանց ապագան, այն ապագան, որը ճգնաժամն առավել կարճ և սահմանափակ է դարձրել: Եվ եթե քաղաքականությունն այսօր այլևս անհնար է, ապա դա այն պատճառով, որ ֆինանսական ներուժը գլխատել է ողջ հավատքը և ապագան, ամբողջ ժամանակն ու բոլոր սպասումները:
     Որքան ժամանակ որ ձգվի այս իրավիճակը, այնքան ժամանակ մեր հասարակությունը, որ աշխարհիկ (si crede) է համարվում, կշարունակի մնալ առավել քան մութ և իռացիոնալ կրոնների իշխանության ներքո: Եվ լավ կլինի, եթե յուրաքանչյուր ոք հետ խլի իր կրեդիտը և իր ապագան այդ վարկաբեկված կեղծ հոգևորականների, բանկիրների, պրոֆեսորների և տարբեր ռեյտինգային կազմակերպությունների աշխատակիցների կեղտոտ ձեռքերից: Եվ հնարավոր է, առաջին քայլը, որը պետք է իրականացնել, դա, ի հեճուկս այն ամենի, ինչին մեզ հրահրում են իրենց պահանջարկն ապահովելու համար, անցյալը տեսնելու փոխարեն միայն դեպի ապագան նայելուն վերջ դնելն է: Թերևս, միայն նրանք հնարավորություն ունեն վերադարձնելու իրենց սեփական ազատությունը, ովքեր հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել և հատկապես նրանք, ովքեր ձգտում են հասկանալ, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ: Հնագիտությունը (արխեոլոգիա) և ոչ թե ապագայապաշտությունն է (ֆուտուրոլոգիա) միակ ճանապարհը` ապագային հասնելու:

Giorgio Agamben-ի ելույթը Rai Tre ռադիոկայանով, 25 հունվար, 2012թ.

No comments:

Post a Comment