Friday, March 23, 2012

Մելքիսեդեկ եպս. Մուրադյանցի հուշերից՝ Ներսես Ե կաթողիկոսի վերաբերյալ:


     Անշուշտ Ներսես Աշտարակեցի Կաթողիկոսի մասին շատերն են խոսել, շատերն են գրել և ես դժվար թե նոր ասելիք ունենամ այս վսեմ Հայրապետի անձի վերաբերյալ, սակայն պիտի խոստովանեմ, որ օրեր առաջ ձեռքս ընկավ Մելքիսեդեկ եպս. Մուրադյանցի §Հովվական աստվածաբանություն¦ արժեքավոր աշխատությունը՝ 1892թ. Պոլսում տպված, և ես ակամայից ստիպված եղա վերանայել ու վերարժեվորել Ներսես Ե Կաթողիկոսի եկեղեցական կերպարն ինքս ինձ համար: Բանն այն է, որ Մելքիսեդեկ եպիսկոպոսն իր այս աշխատության նախաբանում մի քանի խոսքով նկարագրում է երանաշնորհ Հայրապետին նաև ներկայացնում գեղեցիկ մի դրվագ, երբ ինքը ուսանողական տարիներին ուրար է ստացել Ներսես Հայրապետի կողմից:
     Ստորև արտատպված կերպով ներկայացնում եմ ինձ հետաքրքրած հատվածը, ինչպես նաև տեղադրում եմ գրքի լուսապատճենները:


     §Մի օր, բարձրագոյն դասարանէն, քանի մի սանունք կոչուեցանք ի Վեհարանն, որ Դպրանոցէն շատ հեռի չ՛էր: Սարկաւագն առաջնորդեց մեզ ի դահլիճն և ինքն գնաց լուր տալու: Շատ չ՛անցած, Ս. Հայրապետն, վեղար ի գլուխ, իւր պարապման սենեկէն դահլիճն մտաւ մեր Ազնիւ Տեսչին հետ միասին: Մօտեցանք, սուրբ աջն համբուրեցինք և կարգաւ շարուեցանք: Ս. Հայրապետն յայտնեց, թէ շատ գոհ է մեր յառաջադիմութենէն, մանաւանդ կրօնական և եկեղեցական ուսմանց նկատմամբ, ինչպէս որ ինքն քանիցս ականատես եղած և ստուգած է հարցաքննութեանց ժամանակ և ինչպէս որ կը վկայէ Ազնիւ Տեսուչն: Ապա բացաւ մի ծրար, որ սեղանի վրայ դրուած էր և առնլով Խաչանիշ Ուրարներ, (որք իւր իսկ հոգածութեամբ պատրաստուած և մեր անուններն նշանակուած էին) մի առ մի ձգեց իւրաքանչիւրիս ուսն՝ իւր սուրբ ձեռօք, աղօթեց, Պահպանիչ ասաց և սկսաւ բացատրել իւր նպատակն:
     
     Շատ յուզուած էր Ս. Հայրապետն, երբ կը նկարագրեր Եկեղեցւոյ ու եկեղեցականութեան վիճակն: Յուզուած էր նոյնպէս մեր Տեսուչն, որոյ քաղցրահայեաց աչերն տամկացած էին արտասուքով. Իսկ մեր սրտերն կը ճմլէին, և մեր մտաց վրայ կը տիրէր մի անբացատրելի հիացումն: Ս. Հայրապետն կնքեց իւր խօսքն այսպէս. §Ձեր Ուրարներն՝ ունայն զարդեր չ՛են, այլ նշանակ այն խորհրդաւոր և հոգևոր լծոյն, զոր պարտիք կրել, այժմէն պատրաստուելով նուիրել ձեր անձն Եկեղեցւոյ սպասաւորութեան: Այս օրէն սկսեալ՝ պարտաւոր էք քարոզներ գրել, Տեսչի առաջ կարդալ, լավ պատրաստել և նշանակեալ Կիւրակէ աւուրց մէջ, երեկոյեան ժամերգութենէն զկնի՝ խօսիլ ժողովրդեան: Ես իսկ ինքնին ուրախ պիտի լինիմ լսել ձեր քարոզներն Մայր Եկեղեցւոյ մէջ: Պարտաւոր էք նախ ժամաշապիկ հագնել, ուրարն ի յուս սեղան ելնել, ձեր գրածն գրքակալի վրայ դնել, երբեմն նայելու և չը շփոթուելու համար, և այնպէս խօսիլ, մինչև որ վարժիք համարձակ խօսելու¦:
     
   
    Ցնծութեամբ և դողութեամբ համբուրեցինք մեր ծերունազարդ Հօր սուրբ աջն, ծալեցինք ուրարներն և առնլով՝ դարձանք յՈւսումնարան, խորին տպաւորութեան ներքոյ: Մի անպատում եռանդն կ՛ոգեւորէր զմեզ. Ոչ միայն մեր դասերն կը պատրաստէինք, այլ և Սուրբ Գիրքն կընթեռնուինք, Նախնեաց Գրուածքներն կ՛որոճայինք, Մեկնութիւններ կը համեմատէինք, քարոզներ կը գրէինք, իրարու մօտ կը կարդայինք և ապա վերջին անգամ կը ներկայացնէինք մեր գիտնական և աստուածաբան Տեսչին, որ շատ անգամ հրաւիրած կ՛ունենար իւր մօտ ուսումնական և հմուտ անձեր, նոցա դատողութիւնն եւս իմանալու: Այն քարոզներն, որք հաւանութեան կ՛արժանանային, կ՛օրինակուէին և ի ժամանակի Եկեղեցւոյ մէջ կը խօսուէին: Կը հրճուէր Ս. Հայրապետն իւր Սաներու թոթովանքներով, կը ցնծար Թիֆլիսի ժողովուրդն և կ՛ոգեւորուէր Դպրանոցի և Կրթութեան սիրով, տեսնելով իւր բեմերու վրայ պարկեշտ պատանիներ, որք կը քարոզէին Աստուծոյ Խօսքն, կը բացատրէին Ս. Աւետարանն¦:

3 comments:

  1. Շնորհակալ եմ Տեր Հայր ջան, որպես դպիր բավականին ոգևորություն առաջացրեց իմ մոտ: Երանի թե այժմ նույն ոգևորությունն ու հոգատարությունը լիներ.... միգուցե ավելին է.. :)

    ReplyDelete
  2. Արմեն ջան ամեն ժամանակ իր հրամայականն ունի, բայց քարոզխուսությունը բոլոր ժամանակներում էլ պիտի խրախուսված լինի... այսօր էլ, փառք Աստծո, ունենք լավ քարոզիչներ և դեռ ավելի զորավորներն էլ կունենանք Տիրոջ կամքով:

    ReplyDelete
    Replies
    1. Ամեն: Կարծեմ այդպես էլ կլինի: Քարոզխոսությունը հոգևորականի հիմնական զենքերից է, եթե ոչ ամենահիմնականը: Թող կարդան բոլոր դպիր-սարկագավներն ու ոգևորվեն Սրբազան Հոր խոսքերով

      Delete