Այսօր Հայոց Բանակը 20 տարեկան է: Անշուշտ, Հայոց պատմության հազարամյա ընթացքի համեմատ, սա շատ փոքր ժամանակահատված է: Փոքր է նաև մեր ունեցած զինվորների թիվը, եթե այն համեմատելու լինենք Տիգրան Մեծի, Արտաշեսի, Տրդատի, Աշոտ Երկաթի և այլ մեր մեծանուն արքաների ունեցած բանակների հետ: Փոքր է նաև մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը: Սակայն այս ամենին հակառակ՝ մեծ է Հայոց Բանակի անելիքն ու մեծ են պարտավորությունները մեր ժողովրդի հանդեպ: Այսօր ես հպարտությամբ եմ նշում, որ Հայոց Բանակն այս կարճ ժամանակահատվածում փայլուն կերպով է իրագործել իր առջև դրված բոլոր խնդիրները:
Ես՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավոր և առհասարակ, որպես հայ քրիստոնյա, անշուշտ,
ընդունում և գիտակցում եմ, որ բանակի գոյությունը,
կործանարար ու մահաբեր զենքի, կենդանի ուժի վերացման համար նախատեսված զինամթերքի առկայությունը մարդկության պատմության մեջ բացասական, խոտելի, անընդունելի, սակայն և անխուսափելի երևույթներ են: Անընդունելի և խոտելի են, քանզի մարդկային կյանքի տերն Աստված է և որևէ ոտնձգություն այդ կյանքի հանդեպ, այն էլ միտումնավոր՝ դատապարտելի է: Իրականում մեր
պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ մեղքի և չարի թագավորության, որից էլ հենց ծնվում են պատերազմներն ու ամեն տեսակ ահաբեկչությունները: Անշուշտ քրիստոնեական կատարյալ տարբերակը ռազմիկի համար Պողոս Առաքյալի բերած օրինակն է, որտեղ Առաքյալը հորդորում է գոտեպնդել մեր մեջքը ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ,
հագնել ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶՐԱՀԸ, ոտքերն ամրացնել ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
ԱՎԵՏԱՐԱՆԻ
ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՄԲ,
այս բոլորի վրա առնել ՀԱՎԱՏԻ
ՎԱՀԱՆԸ,
որով պիտի կարողանանք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը և վերցնել ՓՐԿՈՒԹՅԱՆ
ՍԱՂԱՎԱՐՏՆ
ու
ՀՈԳՈՒ
ՍՈՒՍԵՐԸ,
որ է Աստծո Խոսքը /Եփես. 6/: Եվ հետաքրքիր է, որ Առաքյալը սա բոլոր հավատացյալների
համար է ասում, բոլոր քրիստոնյաների և ոչ միայն զինվորների:
Սակայն այս ամենի հետ մեկտեղ գոյություն ունի նաև անհերքելի մեկ այլ իրողություն, այն որ մարդիկ մեղսունակ էակներ են և հպարտությունից, նախանձից, անհագ ընչաքաղցությունից, դիմացինի վրա իշխանություն ունենալու մոլուցքից և իր հարևանի ունեցվածքին տիրելու մեղսալի ցանկություններից դրդված պատրաստ են անել ամեն ինչ՝ այդ թվում նաև՝ մղել պատերազմներ և ոչնչացնել ամբողջ ժողովուրդներ: Ահա այստեղ էլ հենց թաքնված է բանակի գոյությունն արդարացնող և ավելին՝ այն անհերքելիորեն կարևոր ու անպայման դարձնող հանգամանքը՝ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Զինված ուժի առկայությունը քրիստոնյա մեր երկրում ես ընդունում եմ ի պաշտպանություն հայրենի մեր երկրի և մեր ժողովրդի, ի պաշտպանություն մեր վանքերի, եկեղեցիների, մեր սրբությունների ու մեր հավատքի: Եվ քանի դեռ մեղքն իր թագավորությունն է հաստատել մարդկության կյանքում, մենք պարտավոր ենք մեր արդար դատն առաջ տանելու, մեր իրավունքներն ու մեր ժողովրդին պաշտպանելու համար հզոր ու մարտունակ պահել ազգային մեր բանակը:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ սուր վերցնողը սրով էլ կընկնի: Տարածաշրջանում ամենակազմակերպված և պարտաճանաչ մեր Հայոց Բանակի գոյությունը ահեղ զգուշացում է բոլոր նրանց, ովքեր կփորձեն սուր բարձրացնել մեր ժողովրդի դիմաց: Անկեղծորեն և գոհունակ սրտով
եմ ասում,
որ նորանկախ մեր երկրի ամեհի բանակն իր գործով ապացուցեց Տերունի այս խոսքերը. և սրա լավագույն օրինակն է թերևս Արցախի գոյամարտը, որտեղ առաջինը սուր վերցնողը առաջինն էլ ընկավ սրով:
Թող Տերն առավել զորացնի Հայոց Բանակն ու մշտապես պաշտպան լինի նրա արդար ընթացքին:
No comments:
Post a Comment