Saturday, December 17, 2011

Viktor Emil Frankl - ՀՈՒՄՈՐԸ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

     Եթե կարող է անհնար թվալ այն, որ համակենտրոնացման ճամբարում ինչ-որ մեկը դեռևս պահպանել էր բնությամբ հիանալու ունակությունը, ապա առավել անհնարին է թվում այն, որ նույն այդ ճամբարում ոմանք անգամ պահպանել էին հումորի զգացումը: Բայց մի՛ զարմացեք: Թեկուզ հազվադեպ րոպեների, թեկուզ հազվադեպ ու յուրահատուկ իրավիճակներում, բայց միևնույն է, հումորը ևս հոգու զենքն է գոյության պայքարում: Չէ՞ որ հայտնի է, որ հումորն առավել քան որևէ այլ բան, ունակ է տարածություն ստեղծելու մարդու և այն իրավիճակի միջև, որում նա գտնվում է, այն կարող է մարդուն վեր հանել այդ իրավիճակից, թեկուզ, ինչպես և ասացինք, մի կարճ ժամանակով:
     Իմ բախտակից ընկերներից մեկին, որի հետ շաբաթներով աշխատում էինք կողք-կողքի, ես բառացիորեն ընտելացրել, «դրդում» էի հումորի: Մի անգամ ես նրան առաջարկեցի ամեն օր ինչ-որ զվարճալի պատմություն հորինել, որը կարող էր մեզ հետ պատահել համակենտրոնացման ճամբարից ազատվելուց հետո: Ընկերս վիրաբույժ էր, մեծ հիվանդանոցում վիրաբուժական բաժնի օգնական: Մի անգամ ես նրան փորձեցի ուրախացնել մի պատմությամբ այն մասին, թե ինչպես նա ազատության մեջ, վերադառնալով իր աշխատանքից, չի կարողանում ձերբազատվել
ճամբարային որոշ սովորություններից: Իմիջիայլոց, հիշեցնեմ, որ երբ ճամբարում աշխատանքի ժամանակ ինչ–որ բարձրաստիճան պաշտոնյայի ժամանում էր սպասվում, մեր վերահսկիչը, ձգտելով արագացնել մեր աշխատանքային արագությունը, կտրուկ բղավում էր մեզ վրա. «Արա՛գ, արա՛գ, արա՛գ»: Եվ ես իմ ընկերոջը պատմեցի, թե ինչպես մի անգամ, երբ նա շատ լուրջ վիրահատություն անելիս կլինի հիվանդի որովայնի հատվածում, իր վիրահատարանի սպասուհին ներս կմտնի ու «Արա՛գ, արա՛գ, արա՛գ» բղավոցով կզգուշացնի պետի ժամանման մասին:
     Երբեմն իմ ընկերները, երազելով ապագայի մասին, մեզ համար այնքան անպատկերացնելի և անիրական ապագայի մասին ինչ-որ զվարճալի պատմություններ էին հորինում, ասենք այն մասին, թե ինչպես ազատության մեջ երբ մենք հյուր գնանք, կսկսենք խնդրել տան տիրուհուց, որ շերեփը կաթսայի լավ խորքից լցնի, որպեսզի դրա մեջ սիսեռի հատիկ կամ էլ նույնիսկ կես կարտոֆիլ ընկնի:
     Հումորի հանդեպ կամքը, իրականության մեջ տեղի ունեցող երևույթներից ինչ-որ բան ծիծաղի լույսի ներքո տեսնելու ձգտումը կարելի է դիտարկել որպես ապրելու արվեստի տեսակ: Այսպիսի դիրքորոշման հնարավորությունը պայմանավորված է նաև նրանով, որ ճամբարային կյանքը լի էր վառ գույներով, որոնք տեսանելի էին դարձնում տառապանքի որոշակի հարաբերականությունը: Մարդկային հոգին յուրահատուկ կերպով տառապանքով լցնելը կարելի է համեմատել այն բանի հետ, ինչը տեղի է ունենում, երբ որևէ տարածություն է թափանցում գազանման ինչ-որ զանգված: Որքան էլ մեծ լինի այդ տարածությունը, գազը հավասարաչափ է լցնում դրա ողջ տարողությունը: Այդպես էլ տառապանքն է լցնում ամբողջ հոգին, տիրում է ողջ գիտակցությունը, անկախ այն բանից մեծ է այն, թե փոքր: Ստացվում է, որ տառապանքը կարող է հարաբերական լինել, ինչպես օրինակ` հարաբերական է նաև ուրախությունը: Չէ՞ որ մարդուն երբեմն շատ քիչ բան է անհրաժեշտ բառիս բուն իմաստով ցնծություն ապրելու համար:
     Մենք Աուշվիցից գնում էինք Բավարիա` Դախաուի ճամբարի մասնաճյուղերից մեկը: Բոլորը մտածում էին, որ մեր անձնակազմը Մաութհաուզեն է գնում և շատ էին վախենում դրանից: Լարվածությունն ավելի էր աճում այն բանի համեմատ, որքան մոտենում էինք Դունայի վրայով անցնող կամուրջին, որից հետո ինչպես մեզ տեղափոխությունների ավելի երկար փորձ ունեցող մեր ընկերներն էին բացատրում, ճանապարհի ճյուղավորում կար, որը տանում էր ուղիղ Մաութհաուզեն: Նա, ով որևէ այսպիսի բան չի ապրել, չի կարող պատկերացնել այն բուռն ուրախությունը, որ համակեց մեզ բոլորիս, երբ մենք անցանք ճանապարհի այդ հատվածը և վստահացանք, որ գնում ենք «ընդամենը» Դախաու և ոչ թե Մաութհաուզեն: Մենք պատրաստ էինք երջանկությունից պարելու և սա երկու օր ու երկու գիշեր վագոնում չարչարանքներ կրելուց հետո, որտեղ ինչպես արդեն ասել եմ, մարդիկ ստիպված էին երկար ժամերով կանգնած մնալ և շատ կարճ ժամանակով միայն փռվել մարդկային մեզից թացացած ծղոտի վրա:
     Բնականաբար, մենք ճամբար հասանք առավել քան ուժասպառ եղած: Բայց, այնուամենայնիվ, ուրախ էինք, որովհետև տեղի կալանավորներից կարևոր տեղեկություն էինք ստացել. այս, համեմատաբար փոքր ճամբարում (մաքսիմալ տարողունակությունը` 2500 մարդ) «վառարան», այսինքն` դիակիզարան չկային, և նշանակում է, որ գազի խցիկներ էլ չկային: Եվ ստացվում էր, որ անգամ նա, ով ամբողջությամբ ուժասպառ էր եղել, «գազի խցիկում» կհայտնվեր ոչ ավելի շուտ, քան Աուշվից գնացող նոր խումբը կձևավորվեր: Այնպես որ կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգն անցած էր: Այդպիսով իրականացավ Աուշվիցի մեր բլոկի ավագի բարեմաղթանքը. նա մեզ մաղթել էր շուտափույթ կերպով այնպիսի մի ճամբար հասնել, որտեղ չկար այնպիսի վառարան, ինչպիսին Աուշվիցում էր: Այո՛, մենք ուրախանում էինք և անգամ կատակում, չնայած այն ամենին, ինչ տեղի էր ունեցել մոտակա ժամերի ընթացքում: Կալանավորներին երկրորդ անգամ հաշվելուց հետո պարզ դարձավ, որ մեզ հետ նոր ժամանած կալանավորներից մեկը չկար: Մենք ողջ անձնակազմով պիտի կանգնած մնայինք սառած սալահատակին, անձրևի ու քամու տակ, մինչև որ նա կգտնվեր: Վերջ ի վերջո, նրան գտան բարաքում, որտեղ նա ընկել էր ու քնել ուժասպառությունից: Նրա այս մեղանչումի համար մենք բոլորս պատժվեցինք. ամբողջ գիշեր` մինչև հաջորդ առավոտ, ճանապարհից տանջված, մրսած ու դողալով, մենք մնացինք սառած սալահատակի վրա: Եվ հակառակ ամեն բանի, մենք ուրախ էինք. այստեղ վառարան չկար, իսկ Աուշվիցը հեռու էր:

No comments:

Post a Comment