Saturday, December 3, 2011

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՄՈՑԱՐՏԻՆ

  
Բազել, դեկտեմբեր 25, 1955թ.

Սիրելի´ պարոն խմբավար և արքունի կոմպոզիտոր,
Իմ ծանոթներից մեկի գլխում տարօրինակ մի միտք էր առաջացել. պահանջել ինձանից և մի քանի այլ մարդկանցից «Շնորհակալական նամակ գրել Մոցարտին» իր թերթի համար: Ես փորձեցի հրաժարվել, բացասաբար շարժեցի գլուխս և նայեցի անկյունում դրված թղթերի զամբյուղին` կանխազգալով իմ ապարդյուն փորձերի տխուր ճակատագիրը: Բայց երբ խոսքը Ձեր մասին է, ես ունակ եմ դիմադրելու հազվագյուտ դեպքերում միայն: Եվ մի՞թե Դուք ինքներդ էլ կյանքում տարօրինակ նամակներ գրելու առիթ չեք ունեցել: Եվ այսպես, ես համաձայն եմ:
Դուք հիմա գտնվում եք այնտեղ, որտեղ չկա ո´չ ժամանակ, ո´չ տարածություն, ոչինչ չի խոչընդոտում ճանաչողությանը և ամեն ինչ, այդ թվում նաև մեր երկրային խառն գործերը վեր են հառնում Ձեր առաջ ճշմարտության պայծառ լույսի ներքո: Այս պատճառով էլ ես դույզն ինչ չեմ կասկածում, որ Ձեզ վաղուց հայտնի է, թե որքան եմ ես ձեզանից շնորհակալ: Այս զգացումը ես ունեմ այն ժամանակվանից, ինչ հիշում եմ ինձ. այն թարմ է ու կենդանի իմ մեջ նաև հիմա: Բայց ես ուզում եմ այդ մասին ուղղակիորեն Ձեզ պատմել, հստակ և մանրամասն:
Սկսեմ ներողություններից: Ես Ձեզանից ներողություն խնդրելու երկու պատճառ ունեմ:
Առաջին. Ես պատկանում եմ բողոքականներին: Դուք, կարծես ասում էիք, թե մենք` բողոքականներս բացարձակապես անընդունակ ենք ճիշտ հասկանալու, թե ինչ է նշանակում Agnus Dei qui tollis peccata mundi: Ներեցե´ք ինձ, հնարավոր է Դուք հիմա այս հարցի շուրջ այլ կարծիքի եք: Ես չեմ պատրաստվում տանջել Ձեզ աստվածաբանությամբ. Ավելի լավ է պատմեմ Ձեզ հետ կապված անհեթեթ մի երազ, որը օրերս եմ տեսել: Չգիտեմ ինչ պատճառով, ես պետք է քննություն վերցնեի ձեզանից, և ի տխրություն ինձ (չէ՞ որ ես գիտեի, որ Դուք ոչ մի դեպքում չպիտի ձախողվեիք), Դուք չկարողացաք պատասխանել իմ այն հարցին, թե ինչո՞վ է տարբերվում դոգման դոգմատիկայից, չնայած այն հանգամանքին, որ ես հուշում էի` համառորեն փորձելով Ձեզ բերել Ձեր իսկ մեսսաների մասին մտքին, որոնք ես շատ եմ սիրում: Սակայն կարծում եմ ավելի լավ է թողնել այս թեման և այլևս չվերադառնալ դրան:
Երկրորդ պատճառն ավելի լուրջ է: Ես կարդացել եմ, որ մանկուց Ձեզ կարող էր ուրախացնել միայն իրական գիտակի գովասանքը: Ինչպես Դուք գիտեք, մեր աշխարհում կան ոչ միայն երաժիշտներ, այլ նաև երաժշտագետներ: Դուք և´ երաժիշտ էիք, և´ երաժշտության գիտակ, իսկ ես, դժբախտաբար, ո´չ մեկն եմ, ո´չ էլ` մյուսը: Ես որևէ երաժշտական գործիք չեմ նվագում և տարրական պատկերացում չունեմ երաժշտական հարմոնիայի և կոնտրապունկտի գաղտնիքների մասին: Մասնագետ երաժշտագետները, հատկապես նրանք, որոնց Ձեզ նվիրված գիտական աշխատությունները ես ապարդյուն փորձեցի հասկանալ (ինձ պետք էր տոնական ճառ պատրաստել Ձեր ծննդյան կապակցությամբ), իրապես վախեցնում են ինձ: Բացի այդ, կարդալով նրանց գրքերը, ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ եթե իմ կյանքն այլ կերպ դասավորված լիներ և երիտասարդ տարիքում ես երաժշտական կրթություն ստացած լինեի, ապա ես վստահաբար հաճախակի և թեժ վիճաբանության կբռնվեի բոլոր այդ գիտակների հետ և կհարձակվեի նրանցից ամենահեղինակավորների մտքերի վրա, ինչպես և անում էի շատ տարիներ առաջ, երբ հանգիստ չէի տալիս աստվածաբանության իմ ուսուցիչներին: Սակայն, այսպես, թե այնպես, ես շփոթմունքի մեջ եմ և չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնեմ Ձեզ. Ավելի ճիշտ` թե ինչպես ուրախացնեմ Ձեզ իմ շնորհակալությամբ:
Ինձ մխիթարեց մի փաստ Ձեր մասին եղած հիշողություններից: Ես կարդացել եմ, որ Դուք մեկ անգամ չէ, որ երկար ժամերով նվագել եք ամենաաղքատ, համեստ և անհայտ մարդկանց համար, միայն այն պատճառով, որ Դուք նկատում էիք, թե որքան երջանիկ էին նրանք Ձեր երաժշտությունը լսելիս: Ես էլ նրանց նման խոնարհությամբ և ուրախ սրտով լսում եմ Ձեր երաժշտությունը: Ես ուղղակի լսում եմ այն և լսում եմ այնքան պարզ, որ մինչև հիմա չեմ կարող ասել, թե Վեզուվայի և Սեն-ֆուայի կողմից 34 փուլերի բաժանված Ձեր ստեղծագործության որ փուլն է ինձ հոգեհարազատ: Իհարկե, իհարկե, բոլորին է հայտնի, որ մոտավորապես 1785 թ. Դուք սկսեցիք գրել հիրավի բարձրարժեք երաժշտություն: Բայց հուսով եմ Ձեզ չի նյարդայնացնի այն, որ ես խոստովանեմ, թե առանց հուզմունքի չեմ կարող լսել և լսում եմ մշտապես ոչ միայն «Դոն Ժուանը» և Ձեր վերջին սիմֆոնիաները, ոչ միայն «Կախարդական ֆլեյտան» և «Ռեքվիեմը», այլ նաև Հաֆֆների սերենադը և 11-րդ դիվերսիմենտը և վերջապես «Բաստիեն ու Բաստիենան»: Ինձ համար թանկ է և հարազատ Ձեր ողջ երաժշտությունը և ոչ թե միայն այն, ինչը Ձեզ հռչակեց որպես Բեթհովենի նախակարապետ;
Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն բանի համար, որ լսելով Ձեր երաժշտությունը, ես ինձ զգում եմ աշխարհի վախճանի եզրին կանգնած: Այդ երաժշտությունը միշտ հարմոնիկ է ու գեղեցիկ արևի լույսի ներքո և բուքի ժամանակ, ցերեկն ու գիշերը: Դուք շնորհում եք մեզ` XX դ. մարդկանցս քաջություն և ոչ թե մեծամտություն, տեմպ և ոչ թե մեր օրերի խեղդվող քաոս, մաքրություն և ոչ թե ցուցադրամոլություն, խաղաղություն և ոչ թե անտարբեր թմրածություն: Ձեր երաժշտական դիալեկտիկայով կարելի է լինել երիտասարդ և ծեր, աշխատել և հանգստանալ, ուրախանալ և սգալ, կարճ ասած` ապրել: Հիմա Դուք ինձանից լավ գիտեք, որ դրա համար ավելին է անհրաժեշտ, քան ամենալավ երաժշտությունը թեկուզ: Բայց կա երաժշտություն, որն օգնում է մարդկանց սրանում (այն գալիս է պատահական և մնում հավիտենապես), և կա մի ուրիշ երաժշտություն, որն այդ չի կարող անել: Ձեր երաժշտությունն օգնում է:
Հաջորդ տարի` 1956թ. Ես կդառնամ 70 տարեկան. Պատկառելի տարիք, բայց, իհարկե, ես դեռ շատ հեռու եմ, որ հասնեմ Ձեզ` երկուհարյուրամյա պատրիարքիդ: Եվ ես կարող եմ սեփական կենսափորձի հիման վրա ասել, որ մեր դարը` մութ և մռայլ, որ գնալով ավելի է մթնում ու մռայլ դառնում, Ձեր օգնության կարիքն ունի: Ես շնորհակալ եմ այն բանի համար, որ Դուք ապրել եք այս աշխարհում, որ Ձեր կյանքի մի քանի կարճատև տասնամյակները նվիրել եք միայն երաժշտությանը և որ այդ երաժշտության մեջ Դուք ապրում եք մեզանում: Հավատացե´ք, որ շատ ականջներ ու սրտեր, շատ հոգիներ` գիտնական, թե անգիտուն, ինչպես ես, ահռելի ուրախություն են գտնում այն բանում, որ նորից ու նոր լսում են Ձեզ և ոչ միայն հոբելյանական տարում:
Ես միայն շատ ընդհանուր գծերով կարող եմ պատկերացնել, թե ինչպես են ընթանում երաժշտության գործերն այնտեղ, որտեղ Դուք եք հիմա գտնվում: Այս հարցի վերաբերյալ իմ ենթադրությունները մի ժամանակ ես ամփոփեցի հետևյալ բանաձևի մեջ. «Ես լիովին վստահ չեմ, թե հրեշտակներն Աստծուն փառաբանելիս Բախ են նվագում, բայց լիովին վստահ եմ, որ միմյանց համար նրանք Մոցարտ են նվագում, և Աստված ուրախանում է` նրանց լսելով»: Բայց սա էլ Դուք ինձանից ավելի լավ գիտեք: Ես հիշատակում եմ այս մասին, որպեսզի պատկերավոր կերպով արտահայտած լինեմ իմ հիմնական միտքը:


Անկեղծորեն Ձեր`
Կառլ Բարտ

No comments:

Post a Comment