Wednesday, December 28, 2011

«ՄԵՐԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ» /Մարկոս 14:51-52/


§Եւ մի երիտասարդ գնում էր նրա յետեւից՝
իր մերկ մարմնի վրայ մի սաւան գցած։
Երիտասարդները նրան բռնեցին, եւ նա թողնելով
հագի կտորը՝ մերկ փախաւ նրանցից¦։

Ավետարան ըստ Մարկոսի, գլ. 14, հմր. 51-52

Հետաքրքիր մի հատված, որը չենք կարող գտնել մյուս համատես Ավետարանների՝ Մատթեոսի և Ղուկասի մոտ. այս դրվագը բացակայում է նաև Հովհաննեսի Ավետարանից: Միայն Մարկոս Ավետարանիչն է, որ խորհրդավոր կերպով խոսում է այս երիտասարդի մասին, որն իր մերկ մարմնի վրա մի սավան գցած գնում էր ՆՐԱ (Քրիստոսի) հետևից: Եվ երբ երիտասարդները (զինվորները) նրան բռնեցին, նա թողեց իր հագի կտորն ու մերկ փախավ: Ակամայից հարց է առաջանում, թե այս ի՞նչ կարևոր իրադարձություն էր, որ Ավետարանիչը չի զլացել ու պատմել է սրա մասին:Եթե ժամանակագրական առումով այս դեպքից մի փոքր հետ գնանք, ապա կտեսնենք, որ սրան նախորդում է Հիսուս Քրիստոսի ձերբակալությունը, ձերբակալությունից առաջ աղոթքն էր Գեթսեմանիում, իսկ սրան էլ նախորդում է Վերնատանը կազմակերպված Վերջին Ընթրիքը:

Ստացվում է, որ Քրիստոս իր աշակերտների հետ Վերջին Ընթրիքն անելուց հետո, Առաքյալների հետ գնաց Ձիթենյաց լեռը՝ աղոթքի, որից անմիջապես հետո վրա են հասնում Հուդան և քահանայապետի կողմից ուղարկված զինվորներն ու ձերբակալում Քրիստոսին: Սրանից հետո էլ հենց Մարկոս Ավետարանիչը խոսում է այս մերկ երիտասարդի մասին, որ սավանը գցելով անհետացավ խավարի մեջ՝ իր հետևից թողնելով բազում հարցեր. ո՞վ էր այս երիտասարդը, ինչո՞ւ էր նա մերկ և ինչո՞ւ էր հետևում Քրիստոսին:
Մինչ այս հարցերին պատասխանելը, սակայն, ուզում եմ մեկ հարց էլ ինքս առաջադրել, որն ինձ ճեմարանական տարիներին շատ էր հետաքրքրում և առավել քան վստահ եմ, որ Ձեզանից շատերին էլ կհետաքրքրի: Խոսքը Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքի մասին է: Մենք Մարկոսի Ավետարանի 14-րդ գլխում կարդում ենք, որ երբ Քրիստոս աղոթում էր Գեթսեմանիի պարտեզում, Առաքյալները քնած էին, Քրիստոսի կողքին մարդ չկար ու եթե Մել Գիբսոնի §Քրիստոսի չարչարանքները¦ վերտառությամբ ֆիլմն էլ դիտել եք, կհիշեք, որ այն սկսվում է հենց գիշերային տեսարանով, երբ խավարի մեջ Քրիստոս միայնակ աղոթք էր անում: Ակամայից հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է, որ Մարկոս Ավետարանիչը, ինչպես նաև Մատթեոսն էլ ու Ղուկասը նույնպես, ամենայն մանրամասնությամբ պատմում են այդ աղոթքի մասին: Շատերն ինձ ասում էին, դե գիտես Սուրբ Հոգու ներշնչանքով է, որ հետագայում Ավետարանիչները գրի են առել այդ հատվածը, բայց սա ինձ չէր համոզում: Առանց մի ակնթարթ անգամ Սուրբ Հոգու զորության վրա կասկած ունենալու, միշտ մտածել եմ, որ պետք չէ ամեն չիմացած բան, վերագրել Սուրբ Հոգուն կամ ասել, թե Աստծո գործերն անքննելի են: Այս կապակցությամբ ուղղակի հիշեցի մի բողոքական վերապատվելու, որը Եվրոպայում դպրոցական աշակերտներին պատմում էր, թե ինչպես էր Պետրոս Առաքյալը բարձրացել կտուրի վրա, քնով ընկել ու երազ տեսել, որտեղ Աստված իրեն հրամայում էր մորթել և ուտել տարբեր կենդանիների, որոնք որ արգելված էին հրեական օրենքով (Գործք 10:9-10): Պատմությունը լսելուց հետո աշակերտներից մեկը հարցնում է վերապատվելիին, թե ինչպե՞ս է, որ Առաքյալը կտուրին էր քնել, ինչպե՞ս կարելի է կտուրին քնել: Վերապատվելին էլ ոչ ավել, ոչ պակաս, ասում է, թե գիտես զավակս, Աստծո գործերն անքննելի են: Բայց դե անշուշտ, սրա փոխարեն վերապատվելին ուղղակի կարող էր ասել, որ արևելյան երկրներում ամռանը շատ շոգ է լինում և մարդիկ իրենց տներն այնպես են կառուցում, որ ամռանը գիշերները կարողանան շոգ եղանակից խույս տալու համար կտուրի վրա քնել: Հիմա նույնն էլ Ավետարանի այս հատվածի հետ կարելի է անել, ասելով, թե Սուրբ Հոգին պատմեց Գեթսեմանիի աղոթքի մասին Առաքյալներին:
Բայց իրականում, ինչ էր տեղի ունեցել: Իրականաությունն այս է.
Երբ Հուդան դուրս եկավ Վերջին Ընթրիքից ու շտապեց քահանայապետի տուն, որպեսզի տեղյակ պահի, թե որտեղ է Քրիստոս, որ Նրան ձերբակալեն, Քրիստոս իր առաքյալների հետ դուրս է գալիս Վերնատնից ու գնում Ձիթենյաց լեռը՝ աղոթելու: Որտե՞ղ էր այս Վերնատուն կոչվածը: Մեկնիչների ճնշող մեծամասնության կարծիքով, սա հենց Մարկոսի մոր՝ Մարիամի տանն էր: Հիշո՞ւմ եք Գործք Առաքելոցում, երբ Պետրոս Առաքյալը հրաշքով ազատվում է բանտից, Գործքի հեղինակը՝ Ղուկաս Ավետարանիչը, ասում է, որ նա եկավ Մարկոս կոչված Հովհաննեսի մոր Մարիամի տունը, որտեղ որ բոլոր Առաքյալներն այդ պահին հավաքված էին՝ միասիրտ, միատեղ: Նշվում է նաև, թե Ռոդէ անունով մի աղախին, երբ Պետրոսի ձայնը լսեց, ճանաչեց նրան: Այստեղից էլ հենց պարզ է դառնում, որ Վերջին ընթրիքն էլ Մարկոսի մոր տանը անցկացրած պիտի լինեին և առաքյալներն էլ սովորության համաձայն, Քրիստոսի Համբարձումից հետո էլ, նորից հավաքվում էին հենց այս տանը:
Պարզ է դառնում հետևյալը: Երբ Հուդան դուրս է գալիս Վերնատնից, նրանից հետո դուրս են գալիս նաև Քրիստոս ու իր Առաքյալները: Հուդան, կարծելով, թե Քրիստոս դեռ Մարկոսի տանն է, քահանայապետի զորքի հետ վերադառնում է Վերնատուն, բայց Քրիստոսին այստեղ չգտնելով, դուրս է գալիս Նրան փնտրելու: Մարկոսը այս ժամանակ հազիվ 15-17 տարեկան պիտի եղած լինի: Հնարավոր է, որ Մարկոսը անգամ ներկա է եղել Վերջին Ընթրիքին, բայց քանի որ Առաքյալ չէր, նրա ներկայությանը մեծ կարևորություն չտալով, Ավետարանիչներից և ոչ ոք չի խոսում այս մասին: Եվ հիմա, երբ Հուդան հետ է գալիս ու Քրիստոսին չի գտնում Վերնատանը, շատ բնական է, որ քահանայապետի զինվորները վրդովված ու բարկացած պիտի լինեին նրա վրա, ինչից էլ վստահաբար աղմուկ բարձրացած կլիներ: Հիշենք, որ Վերջին Ընթրիքը երեկոյան էր սկսվել և ավարտվել էր, թերևս կեսգիշերին: Հնարավոր է, որ Մարկոսն իր համար մի անկյունում քնած է եղել, սակայն աղմուկից զարթնելով, հասկացել է, թե ինչ է տեղի ունենում և Քրիստոսի գտնվելու վայրն իմանալով, շտապել է նրա մոտ՝ Հուդայի և զինվորների ժամանման մասին նախազգուշացնելու: Հասնելով Գեթսեմանիի պարտեզ, Մարկոսը տեսել էր Քրիստոսին աղոթելիս, սակայն չէր հանդգնել անհանգստացնել Նրան, այլ հեռվում գիշերվա մթության մեջ լռելյայն հետևել էր իր Տիրոջ աղոթքին՝ կլանելով ամեն մի վայրկյանն ու ակնթարթը: Եվ երբ աղոթքից հետո, վրա են հասնում Հուդան ու զինվորները, արդեն ուշ էր Քրիստոսին նախազգուշացնելու համար, չնայած որ անգամ նախազգուշացման դեպքում, միևնույն է, Քրիստոս չէր թողնելու և չէր հեռանալու: Եվ ձերբակալությունից հետո անգամ, Մարկոսը, կարծես չկարողանալով բաժանվել իր Տիրոջից, հետևում է Նրան: Հետևում է Քրիստոսին այն դեպքում, երբ մնացյալ Առաքյալներն արդեն փախուստի էին դիմել: Զինվորները փորձում են նրան բռնել, սակայն  Մարկոսը, ելնելով իր պատանեկան տարիքից, թողնում է սավանի կտորը, որն իր վրա էր գցել տանից դուրս գալիս ու անհետանում գիշերվա մթության մեջ:
Եվ տարիներ անց, երբ Մարկոս Ավետարանիչը գրի էր առնում Պետրոս առաքյալի քարոզները, իր իսկ Ավետարանում 14-րդ գլխի 51-52 համարները նվիրում է խորհրդավոր այն գիշերվան, որի հետ կապված հիշողությունները հավիտենապես դրոշմվել էին իր հոգում: Սրանք այն հիշողություններն էին, որոնք նրան ուժ ու եռանդ պարգևեցին Եգիպտոսում քարոզչություն իրականացնելու և հանուն Քրիստոսի Ալեքսանդրիայի փողոցներում ծեծկռտուքի միջոցով նահատակություն ընդունելու:

9 comments:

  1. Տեր Մարկոս, Հովհաննեսի Ավետարանում էլ Հիսուսի՝ Գեթսեմանիում աղոթելու պահը նկարագրելիս ասում է,որ մի հրեշտակ նրան վերևից ուժ էր տալիս այդ ժամանակ, որը մնացած Ավետարաններում չի նշվում,նույնիսկ հենց Մարկոսի,սա ինչպես կմեկնաբանեք:

    ReplyDelete
  2. shnorhakalutyun Ter Markos, yes el unei anpatasxan harcer vor staca, bayc eli mi bani masin em uzum harcnem, shat e hetaqrqrum, isk QRISTOSI anapatum pordzvelu u konkret chari koxmic arajadrvac harceri u dranc trvac patasxanner@ inchpes enq imanum?

    ReplyDelete
  3. Աննա ջան ողջույն, հարցդ շատ լավն էր, բայց մի երկու ճշտում մտցնեմ ու անցնեմ բացատրությանը:
    Նախ այդ դրվագը, որտեղ խոսում է հրեշտակի մասին, Հովհաննեսի մոտ չէ, և ընդհանրապես, Հովհաննեսը չունի Գեթսեմանիի աղոթքը, դա Ղուկասի մոտ է առկա /Ղուկաս 22:43-44/, ինչևէ, սա մեծ խնդիր էլ չէ: Եվ երկրորդ. եթե մեր 1994թ. Մայր Աթոռի հրատարակությունը կարդաս, ապա կտեսնես, որ Ղուկ. 22 գլխի հենց 43 և 44 համարների վրա փոքրիկ խաչեր են դրված և տողատակում, որ կարդաս, կտեսնես, որ գրված է, թե լավագույն հունարեն բնագրերը չունեն այս համարները: Օրինակի համար P69 ձեռագրում չկան այս համարները: Մի ուրիշ հարց ևս, խնդրում եմ այս մեկը լավ հիշես, մենք չունենք Նոր Կտակարանի մաս կազմող որևէ ինքնագիր (autograph). ասել կուզեմ, որ Նոր Կտակարանի և որևէ գիրք մեզ չի հասել հենց հեղինակի կողմից գրված: Այսինքն՝ Մարկոսի Ավետարանը, որ մեզ հասել է, հենց անձամբ Մարկոսի ձեռքով գրված ձեռագրից չէ, որ մենք վերցրել ենք, նույնն էլ Ղուկասը, անմիջապես Ղուկաս Ավետարանչի ձեռքով գրվածը չէ, որ մենք ունենք: Այսքանը եթե պարզ էր, հիմա անենք մի քանի հետևություններ.

    1. Հնարավոր է, որ Ղուկասի Ավետարանում այս հատվածն իրականում հետագայի հավելում լինի, որը թերևս կատարված կլինի դրվագին ավելի մեծ հուզականություն կամ շեշտվածություն տալու համար /չէ՞ որ այնտեղ անգամ Ղուկասը նկարագրում է, թե ինչպես էր Քրիստոսի մարմնից քրիտինքը արյան պես շիթ-շիթ գետնին թափվում/. մանավանդ որ վերջին շրջանում գնալով ավելի գերիշխող է դառնում այն կարծիքը, թե Ղուկաս մեծամասամբ գեղարվեստականացնելով է, որ օգտվում է Մարկոսից:

    2. Հնարավոր է, որ նախնական տարբերակում եղած լինեն այս տողերը, սակայն հետագայում հանված լինեն, քանի որ այստեղ չափազանց շեշտված է Տեր Հիսուս Քրիստոսի մարդկային կողմը, որն օրինակ կարիքն ուներ հրեշտակի օգնության և այլն:

    3. Սակայն ամենից հավաստին այն տեսակետն է, ըստ որի Ղուկաս Ավետարանիչն օգտվել է ոչ միայն Մարկոս Ավետարանչից, այլ նաև հենց իր իսկ՝ Ղուկասի ապրած տարածաշրջանում տարածված բանավոր ավանդությունից: Այսպես է վարվել նաև Մատթեոս Ավետարանիչը. սա ևս, շատ հատվածներում օգտվել է Մարկոս Ավետարանչից, սակայն իր Ավետարանում ներառել է նաև իր ապրած տարածաշրջանում տարածում գտած բանավոր ավանդությունը, իսկ բանավոր ավանդության մեջ շատ բաներ չափազանցվում են և առավել գունագեղ դառնում: Ղուկասի համար մենք այդ ավանդությունը նշանակում ենք պայմանականորեն L տառով, իսկ Մատթեոսի համար՝ M տառով:

    Այս էլ այսպես: Ամեն դեպքում ես չեմ հավակնում այս հարցում վերջնական խոսք ասելու, որովհետև այս ամբողջ դատողություններն իրականում ենթադրություններ են, չեմ ասի թե լրիվ անհիմն, սակայն իրականում բավական հարցականներով լի:
    Աստված օրհնի քեզ:

    ReplyDelete
  4. Սոնա ջան շնորհակալություն հարցի համար: Ուրեմն տես, ես ինչու եմ շեշտված կերպով ասում, որ Գեթսեմանիի աղոթքը Մարկոսի միջոցով է մեզ հասել, որովհետև չեմ կարծում, որ Քրիստոս Գեթսեմանիի աղոթքից հետո շատ ժամանակ պիտի ունենար աշակերտներին այդ աղոթքի մասին պատմելու: Այս աղոթքից հետո դեպքերն այնքան արագ զարգացան, որ իսկապես դժվար էլ Քրիստոս ժամանակ ունենար դրա մասին խոսելու: Չնայած որ մենք գիտենք, որ Քրիստոս իր Հարությունից հետո երևաց աշակերտներին, քարոզեց նրանց. Հովհաննես Ավետարանիչն իր Ավետարանի 21-րդ գլխում ասում է, եթե Նրա կատարած բոլոր գործերը գրի առնեին, ապա ամբողջ աշխարհն էլ բավական չէր լինի, որ դրանք պարփակեին: Հետո եթե հիշում եք, Պողոս Առաքյալը Կորնթացիներին ուղղած առաջին նամակի 15-րդ գլխում խոսում է այն մասին, թե ինչպես Քրիստոս երևաց իր աշակերտներին և թե ինչպես երևաց նաև 500 հոգու: Ուրեմն շատ հնարավոր է, որ Քրիստոս ինքն էլ հենց պատմած լիներ օրինակ հենց Գեթսեմանիի աղոթքը: Չնայած որ ես ավելի հավանական եմ համարում Մարկոսի վարկածը: Իսկ անապատի փորձությունն այսքանից հետո պարզ է դառնում, որ Քրիստոս շատ հանգիստ կարող էր անձամբ պատմած լինել աշակերտներին, անգամ մինչև Խաչելությունը, մինչև Իր հրաշափառ Հարությունը...
    Աստված օրհնի Ձեզ:

    ReplyDelete
  5. Շնորհակալություն, Տեր Հայր ջան,շատ հանգամանալից պատասխանի համար: Հետաքրքրական է նաև այն, որ Հիսուսի ծննդյան ու նախածննդյան շրջանի մասին շատ ավելի մանրամասն կրկին Ղուկասի Ավետարանում է,այլ ոչ օրինակ Մաթեոսի, Հովհաննեսի կամ Մարկոսի, որոնք անձամբ ճանաչել են Քրիստոսին:
    Այս ամենից զատ, Տեր Հայր ջան, ասեմ , ձեր հոդվածը ստիպեց ինձ նոր բոլորովին ուրիշ հայացքով նայել Ավետարանին, շատ շնորհակալ եմ!!!

    ReplyDelete
  6. Խնդրեմ Աննա ջան: Հավատա, որ Ավետարանի ամեն մի համարն իր հետևում ստվարածավալ չբացահայտված նյութ ունի, որը երբ սկսում ես ուսումնասիրել, ամբողջությամբ մխրճվում ես դրա մեջ ու այլևս քո բոլոր մտածումները սկսում են պտտվել այդ նյութի շուրջ: Շատ գայթակղիչ ու անվերջանալի նյութ է հավատա: Ես էլ ժամանակ առ ժամանակ կփորձեմ Ձեզ մասնակից դարձնել այդ փնտրտուքներին:

    ReplyDelete
  7. SHNORHAKALUTYUN SHAT, ARDEN HASKACA, AHAVOR SHAT EI TANJVUM ES HARCIC ES VERJIN MI QANI OR@ U AYS AVETARANI HATVACN EL ASEC MTQERIS SHARUNAKUTYUN@ LINER... SHAT URAXACA VOR HASKACA ARDEN.

    ReplyDelete
  8. Ուրախ եմ Սոնա ջան... Աստված օրհնի քեզ:

    ReplyDelete
  9. Մեծ հետաքրքրությամբ կարդացի ու ավելի մեծ զվարթություն ունեցա. ասես գանձ գտած լինեմ... շնորհակալություն, Տեր Հայր .

    ReplyDelete