Friday, November 25, 2011

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ - ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վերջին շրջանում գնալով ավելի եմ համոզվում, որ մենք կաղում ենք հիմնականում այն ոլորտներում, որոնց մասին գրեթե բացարձակապես չենք խոսում, խոսելիս էլ մեծամասամբ կեղծավորություն ենք անում ու ներկայացնում վարդագույն ու լուսավոր պատկերներ:
Նկատի ունեմ ի մասնավորի

1.                      Քաղաքականություն
2.                      Դրամ
3.                      Սեռական կյանք

Այսօր կանդրադառնամ սրանցից առաջինին:
Եթե անկեղծորեն բարձրաձայնելու լինեմ իմ պատկերացրած այսպես ասած «քաղաքական հավատամքը» քրիստոնյա հայորդու համար, ապա այն կունենա հետևյալ տեսքը.
«Վստահում և ընդունում եմ այն քաղաքականությունը կամ քաղաքական այն կուսակցության հայացքները, որոնց իրականացումը ոչ միայն չի վնասի, այլև կառաջնորդի հայ ժողովրդին դեպի ազգային-հոգևոր` քրիստոնեական կյանքի վերազարթոնք»:
Այսքանով, անշուշտ, ամեն բան դեռ պարզ չի դառնում, որովհետև այս տողերն ինչպես ուզես, այնպես էլ կարող ես մեկնաբանել: Այս իսկ պատճառով ես իմ մեկնությունը կտամ:
Երբ ես խոսում եմ քաղաքական հայացքների մասին, երբեք չեմ կարող օգտագործել «հավատալ» բառը, այդ պատճառով ես նախընտրում եմ «վստահել» բառը: Հավատալ կարող եմ միայն Աստծուն. չգիտեմ, միգուցե լեզվաբանները քննադատեն ինձ, բայց իմ ականջներում «հավատք», «հավատալ» բառերն այլևս սակրալիզացված, սրբացած կամ սրբագործված հնչողություն ունեն: Ինչ վերաբերում է չվնասելուց բացի նաև ազգային-հոգևոր կյանքի վերազարթոնքին նպաստելու հանգամանքին, ապա ասեմ, որ խորապես համոզված եմ, թե անկարելի է բացարձակ անկողմնակալ դիրքորոշում ունենալ կրոնական արժեհամակարգի հանդեպ: Այսինքն` պետական քաղաքականությունը կամ դրան նպաստում է կամ խոչընդոտում. ուրիշ տարբերակ գոյություն չունի: Չեզոք դիրքորոշումն արդեն իսկ վտանգավոր ու վնասակար է` խոչընդոտող: Որպես օրինակ կարող եմ բերել արևմտյան իրականությունը, որտեղ քաղաքականությունը մեծամասամբ ձեռնպահ է մնում կրոնական հարցերի մեջ որևէ դերակատարություն ունենալուց, սակայն իրականում տեղի է ունենում լրիվ հակառակ երևույթը: Հասարակությունը, տառապելով սեկուլյարիզացիայի կամ կրոնաթափության մահաբեր հիվանդությունից, ստիպված իր համար նոր պսեվդո-կեղծ կրոնական արժեքներ ու համակարգեր է ձևավորում, որոնք առաջին հայացքից կրոնական կամ հոգևոր ոլորտի հետ բացարձակապես որևէ առնչություն ունենալ չեն կարող, այնինչ միտված են բավարարելու մարդ արարածի, ըստ իս, գոյութենաբանական ամենակարևոր պահանջները, օրինակ` հոգևոր ծարավի հագեցումը, կյանքի իմաստավորումը և այլն: Պետությունն էլ մարդու նման է` ունի և հոգի և մարմին: Եվ անբնական է սնուցանել մարմինն առանց հոգու և հակառակը: Ախր, պարզից էլ պարզ է, եթե անգամ հարցին մոտենանք աթեիստական տեսանկյունից, միևնույն է, ասածս նորից իրական է: Բացեք աթեիստական շնչով գրված սոցիոլոգիայի, կրոնագիտության ու էլ չգիտեմ ինչ գրքեր որ ուզում եք, միևնույն է, բոլորում էլ հանդիպելու եք այն անհերքելի իրողությանը, որ մարդկային հասարակությունը`սոցիում կոչվածն, իր ձևավորման օրորոցային վիճակում անգամ կրոնական էր: Կրոնական արժեքներն էին, որ համախմբեցին և ձևավորեցին առաջին հասարակարգը: Մի զարմացեք, կայծակի պաշտամունքի մեջ անգամ Աստծու հայտնությունը կա:
Դառնալով, այսպես ասած «Քաղաքական հավատամքիս» երկրորդ մասին, ասեմ, որ «ազգային-հոգևոր`քրիստոնեական կյանքը» ես պատկերացնում եմ միայն և միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդությամբ և հայ հոգևորականի հովվությամբ: Չէ… պիտի խնդրեմ առաջ չընկնել: Ես շատ լավ գիտակցում եմ, որ աշխարհում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց զատ կան քրիստոնեություն քարոզող և դավանող այլ կրոնական կազմակերպություններ ու հաստատություններ ևս: Սակայն ի լուր ամբողջ աշխարհի, ես պատրաստ եմ անդադար բարձրաձայնել, որ չեմ պատկերացնում հային այլ կրոնական համակարգում, անգամ քրիստոնեկան այլ ճյուղավորումներում: Ես կարող եմ հասկանալ եվրոպացու բողոքական դառնալն ու դավանափոխ լինելը, սակայն հայի ու հատկապես հայաստանցի հայի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուց դուրս լինելը բացարձակապես չեմ հասկանում ու չեմ ընդունում: Եթե առավել սուր կհնչի, ուրեմն պատրաստվեք և առավել զգուշությամբ լսեք. նույն հաջողությամբ նաև չեմ հասկանում որևէ մեկի «ՀԱՅ» լինելը քրիստոնեությունից դուրս և առանց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակ լինելու: Ժողովողն ասում է. «Եւ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո…» /Ժող. 1:10/: Վերոնշյալ միտքն էլ նոր չէ, այն անգամ իմն էլ չէ: Բոլորին է հայտնի Եղիշեի խոսքը, թե Քրիստոնեությունը մեր մաշկի գույնն է: Չնայած այս ամենին, պիտի խնդրեմ շատ չնեղսրտել իմ այս տողերից, սրանք կան և մնում են իմ նեղ անձնական հայացքները:
Եվ վերջում, երբ ասում եմ «ազգային-հոգևոր` քրիստոնեական կյանքի վերազարթոնք», նկատի ունեմ հայ ժողովրդի և աշխարհիկ և հոգևոր կյանքի առաջընթացն ու վերազարթոնքը: Երբեք չեմ ուզենա, որ մտածեք, թե չեմ տեսնում դրական այն բոլոր քայլերը, որ արձանագրվում են և պետական և եկեղեցական կյանքում: Սակայն, այնուամենայնիվ, առավել քան վստահ եմ, որ ամեն վայրկյան, մեծագույն հոգևոր և աշխարհիկ հաղթանակի պահին էլ անգամ մենք մի մտածում պիտի ունենանք. փառք տալ Աստծուն ու մտածել առավել զորանալու և նորանոր բարձունքներ գրավելու մասին: Հոգևոր կյանքում, համենայն դեպս, այդպես է. երբեք չես կարող նույն վիճակում մնալ: Եթե ձգտում ես սրբության, ուրեմն շարժվում ես առաջ, իսկ այդ առաջընթացն այլևս վերջ չունի քրիստոնյայի համար: Իսկ եթե սրբության չես ձգտում, դու չես կարող միայն սուրբ չլինել, դու անընդհատ դառնալու ես առավել ոչ սուրբ և անդադար հետընթաց ես ունենալու: Ահա հենց սա էլ ինձ անընդհատ ստիպում է մտածել վերազարթոնքի ու առաջընթացի մասին:
Հիմա դառնանք մեկ այլ կնճռոտ հարցի. որքանով է ընդունելի և արդարացի Եկեղեցու քաղաքական դիրքորոշում ունենալը և ոմանց մեղադրանքները, թե մեր եկեղեցին քաղաքական կողմնորոշվածություն ունի: Իմ խորին համոզմամբ Եկեղեցին ու եկեղեցականը երբեք չեն կարող ունենալ քաղաքական դիրքորոշում: Ես մեկ կուսակցություն ունեմ, որին անդամագրվել եմ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու սրբասուրբ ավազանից ծնունդ առնելուս օրվանից սկսած` Երկնքի Արքայությունն է այն: Երբեմն նաև կատակով ասում եմ, թե ես Հիսուս Քրիստոսի կուսակցությունից եմ, որովհետև Քրիստոս երբեք չխաբեց, երբեք իր խոստումները չուշացրեց ու չդրժեց, իրեն դիմողներին երբեք չմերժեց... Ոմանք անգամ զուտ հակառակվելու համար ինձ մեղադրեցին այս հարցում ու ասացին, թե եկեղեցականը ևս քաղաքացի է և պարտավոր է իր քաղաքացիական կողմնորոշվածությունն ունենալ ու դեռ ավելին` պարտավոր է այն արտահայտել` որպես քաղաքացի, օրինակ` ընտրություններին մասնակցելով: Ցավում եմ... անկեղծ ցավ եմ ապրում այս տեսակետն ունեցողների համար, և իմիջիայլոց, որքան էլ զարմանալի լինի, այս տեսակետն ունեցողների ճնշող մեծամասնությունը աշխարհիկ մարդիկ են: Եկեղեցականի անելիքն այլ է, քան միայն իր քաղաքացիական պարտքը կատարելը: Եկեղեցականը պարտավոր է իր ողջ կյանքում, իր գործունեության ողջ ընթացքում դաստիարակել ազնիվ հայորդիների, մաքրություն և սրբություն սերմանել նրանց հոգիներում, կարճ ասած ձևավորել ազնիվ, քաջ, անկաշառ, խիզախ, նվիրյալ, նախանձախնդիր, հաստատակամ, հանձնառու և պատրաստակամ երիտասարդություն, որն էլ մեր վաղվա, մեր երկրի լուսավոր գալիքի մեծագույն գրավականը կլինի: Սրանով էլ հենց եկեղեցականն իր մեծագույն գործն արած կլինի և´ որպես քաղաքացի, և´ որպես հայ հոգևորական: Արատը, հիվանդությունը վերացնելու համար անկարելի է ծառն արմատախիլ անել, այլապես մենք ոչ արատ ու հիվանդություն և ոչ էլ ծառ կունենանք, իսկ ծառը մեզ դեռ պետք է. ծառի արմատներն է պետք բուժել: Այս գործին էլ լծված է Եկեղեցին: Քաղաքական դաշտում որևէ փոփոխություն մեծ առաջընթաց չի բերելու, հավատացեք: Չէ՞ որ ամեն փոփոխություն իր հետ նաև մեծ իրարանցում ու խառնաշփոթ է առաջացնում: Չինացիներն այս առթիվ անգամ անեծք ունեն. ասում են. «Փոփոխությունների ժամանակաշրջանում ապրես»:
Իսկ ինչ վերաբերում է Եկեղեցու քաղաքական դիրքորոշվածություն ունենալուն, նշեմ համեստ կարծիքս: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին չունի քաղաքական-կուսակցական որևէ դիրքորոշում: Մեր Եկեղեցին մշտապես եղել է ու կմնա կենտրոնամետ: Պիտի խնդրեմ զանազանել իրարից պետականամետ դիրքորոշումը քաղաքական-կուսակցական դիրքորոշումից: Ուղղակի կուզենայի մեկ անգամ ևս հիշեցնել Սահակ Պարթևի խոսքը հարազատ հիվանդ ոչխարին օտարի առողջ գազանի հետ չփոխարինելու մասին: Այս է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումն ու այս էլ կմնա:

1 comment:

  1. Տեր Հայր ջան, սպասում ենք 2րդ ու 3րդ կետերի մեկնաբանությանը:)

    ReplyDelete