Sunday, November 6, 2011

ՍԵՐ ԵՎ ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ


Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք ով սիրում է, Աստծուց է ծնված, և ճանաչում է Աստծուն, իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված Սեր է:
Մենք բոլորս կանք, գոյություն ունենք, ապրում ենք, մեզանից առաջ եղել են մեր պապերը, պապերից առաջ մեր պապերի պապերը և այլն և այլն: Այսպես եթե աստիճանաբար հետ գնանք, կհասնենք Ադամին ու Եվային: Բայց Ադամից ու Եվայից առաջ ինչ-որ բան կար, թե՞ ոչ. երկինք, երկիր, աստղեր, ծով, ցամաք, բնություն, կենդանիներ և այլնչէ՞ որ մարդն այս ամենից հետո միայն ստեղծվեց: Այս ամենն ստեղծվեց Աստծո կողմից, ճի՞շտ է: Այդ դեպքում հարց. ինչո՞ւ: Ես հասկանում եմ, որ առաջին հայացքից անիմաստ թվացող հարց է սա, բայց 
հավատացեք` այդպես չէ: Ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ եք մտածում դուք: Տեսեք մենք ասում ենք չէ՞, որ Աստված ամեն ինչ կարող է, ամեն ինչ ունի, բարի է, լավն է, ամենակարող է, որևէ բանի պակասություն չունի, հիմա ի՞նչ եք կարծում Աստված ինչո՞ւ ստեղծեց մարդուն, արդյո՞ք Աստված մարդու օգնության կարիքն ուներ, կամ միգուցե՞ Աստված իրեն փառաբանող մարդկանց կարիքն ուներ և դրա համար էլ հենց ստեղծեց մարդկանց, որպեսզի վերջիններս էլ ամեն օր փառաբանեին ու աղոթեին իրեն: Այո՛, մարդը պիտի փառաբանի Աստծուն, պետք է աղոթի Աստծուն, բայց այդ ամենն օգտակար է և անհրաժեշտ ոչ թե Աստծուն, այլ` հենց մարդուն: Աստված իրեն փառաբանողների կարիքը չունի, այլ մենք ունենք կարիքը Աստծուն փառաբանելու: Իրականում Աստված ստեղծեց մարդկանց, որովհետև Իր մեջ Սերը շատ-շատ էր, անչափելի, անպարագրելի: Պատկերացրեք, որ դուք ունեք ամեն ինչ և Ձեր ունեցածն այնքան շատ է, որ ուզում եք մեկն էլ լինի, որ ինքն էլ վայելի այդ ամենը, միայն ձեզանով չեք սահմանափակվում և ուզում եք ձեր ունեցածը տալ ուրիշներին, ոչ թե միայն այն պատճառով, որ ձեր ունեցածը շատ-շատ է և ձեզ ոչինչ չի պակասի եթե ձրիաբար տաք, այլ նաև այն պարզ պատճառով, որ ուզում եք բոլորն ունենան այն ամենը, ինչ դուք ունեք: Հիմա տեսեք, քրիստոնեական վարդապետությունն ասում է, որ աշխարհը, մարդիկ, բույսերը, կենդանիները ստեղծվեցին մի պատճառով. որովհետև Աստված Սեր է: Աստծու մեջ Սեր կա, Աստված չէր ուզում որ իր ողջ ունեցածը, ամբողջ իր փառքը, իշխանությունը, երանավետ վիճակը միայն իրենը լինեին, Աստված ուզում էր, որ ինչ-որ մեկն էլ լիներ, ում հետ ինքը կկարողանար այդ ամենը կիսել: Այսինքն` կարող ենք ասել, որ Աստծո մեջ եսասիրության նշույլ անգամ չկար: Եվ Աստված ստեղծեց մարդուն, ով թեկուզ իր զորությամբ և փառքով համահավասար չէր իրեն, բայց պատկերն ու նմանությունն ուներ Աստծու: Աստված ուզում էր, որ շատ մարդիկ լինեին, ովքեր կկիսեին իր ունեցած երջանկությունն ու երանավետ վիճակը: Ողջ տիեզերքը` կենդանիներից ու բույսերից սկսած, մարդկանցով վերջացրած, Սիրո արդյունք է:
Հիմա դառնանք մեր բուն թեմային` §Սեր և սիրահարվածություն¦, երևույթներ, որ բոլորիս կյանքում էլ իրենց ուրույն տեղն ունեն: Սկսենք սիրահարվածությունից:
Ձեր սիրտն սկսում է սովորականից արագ բաբախել, ձեռքերը երբեմն դողում են, ամաչկոտ եք դարձել մի քիչ, ախորժակը փակվել է, ինչ-որ հորմոնային փոփոխություններ են տեղի ունենում, գիշերները լավ չեք քնում, կարծես ինչ-որ եթերային վիճակի մեջ եք ու անընդհատ մտածում եք մի հոգու մասինՇնոհավորում եմ, դուք սիրահարված եք: Անշուշտ, շատ ընդհանուր նկարագրություն էր, բայց կարելի է և այսպես: Կարծում եմ` բոլորիս գլխով էլ անցել են այս վիճակները, իսկ միգուցե՞ ոմանց գլխով այս ամենը հենց հիմա է անցնում, ո՞վ գիտե: Պիտի խնդրեմ ինձանից չնեղանալ, բայց չեմ կարող չասել, որ միջազգային առողջապահական մի կազմակերպություն սիրահարվածությունը դասել է հիվանդությունների շարքը: Չէ, չկարծեք թե դեմ եմ սիրահարվածությանը. սիրահարվածությունը բնական երևույթ է, ես դեմ չեմ սրան, չնայած որ ինձ ոչ ոք չի հարցնում դե՞մ եմ, թե՞ ոչ: Բայց խնդիրն այն է, որ եթե սիրահարվածությունը մի օր չի վերաճելու սիրո, այն հիվանդություն էլ կմնա ուրեմն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սիրահարվածության բուն վիճակը տևում է 2-6 ամիս: Եթե սիրահարվածության վիճակը տևում է սրանից ավելի, նշանակում է, որ ինչ-ինչ խնդիրներ կան հոգեբանական դաշտում, նյարդային համակարգում և այլն: Ձեր շրջապատում էլ, անշուշտ, շատերդ ծանոթ կլինեք մարդկանց, ովքեր տարիներ շարունակ սիրահարված են ինչ-որ մեկի... այո՛, բայց հենց ամբողջ խնդիրն էլ այն է, որ սիրահարվածությունն այսքան երկար չի կարող տևել, սա սիրահարվածություն չէ այլևս, սա արդեն կարող է լինել հոգեբանական կախվածության խնդիր, սկզբունքային ինչ-որ հարց և այլն, բայց ոչ երբեք սիրահարվածություն:
Եթե թերթենք Աստվածաշունչը, կտեսնենք, որ այնտեղ սիրահարվածության մասին խոսք չկա բնավ: Եթե դիմենք հետազոտություններին, որոնք ուսումնասիրում են, թե ովքե՞ր են սիրահարվում, ի՞նչ տարիքում, ինչպե՞ս, թե տարբեր ազգերի մոտ ռոմանտիկական սիրահարվածության դրսևորումներն ու տարբերություններն ինչպիսի՞ն են և այլն, ապա կտեսնենք, որ սիրահարվածությունն իրականում երկար պատմություն չունի: Օրինակի համար` աստվածաշնչյան տարիներին մարդիկ չէին սիրահարվում, 2000 տարի առաջ մարդիկ չէին սիրահարվում. սեռական ձգտումն, անշուշտ, կար, բայց սիրահարվածության երևույթն այնպես, ինչպես այսօր է, չկար: Տեսեք, սեռական ձգտումն այլ է, սիրահարվածությունն` այլ, սրանք փոխկապակցված են երբեմն, բաց ոչ երբեք նույնը. Հիշեք ինքներդ ձեզ. երբ առաջին անգամ սիրահարվեցիք, ի՞նչ է սեռական մեծ ցանկություն ունեիք այն մարդու հանդեպ, ում սիրահարվել էիք, բոլորդ էլ կասեք` ոչ: Մանավանդ առաջին անգամ սիրահարվող մեկը երբեք առաջին հերթին սեռական ձգտման մասին չի մտածում: Ասեմ ավելին, ոմանց մոտ սիրահարվածության զգացումն անգամ բացառում է սեռական ձգտումը, և նա երկար ժամանակ անհարմար ու անընդունելի է համարում այն: Իհարկե, սեռական ձգտումը անհրաժեշտ է. սա մերժելի չէ. այն դրվել է մարդու մեջ Աստծո կողմից, որպեսզի մարդն իր տեսակի շարունակողը լինի, կարողանա սերունդ տալ: Սակայն, օրինակի համար` Հյուսիսային Ամերիկայի հնդիկ տեղաբնակների մեծամասնության մոտ սիրահարվելու ունակություն չի գրանցվել, նրանց մտքով անգամ չի անցել, որ կա սիրահարվածության վիճակ, որ կարելի է երազել ինչ-որ մեկի մասին, անրջել, տարվել նրանով և այլն և այլն: Ամուսնություն եղել է այս ցեղերում, երեխաներ ունեցել են, բայց ռոմանտիկ սիրո երևույթը, սիրահարվածության վիճակը խորթ էր այս մարդկանց: Հիմա հետաքրքիր մի փաստ. երբ եվրոպացիները գալիս և գրավում են Հյուսիսային Ամերիկան և գերի վերցնում այս ցեղախմբերից շատերին, հնդիկներն սկսում են ծիծաղել եվրոպացիների վրա, ովքեր խոսում էին սիրո մասին, սիրային բանաստեղծություններ էին գրում, սիրո մասին երգեր գրում, բայց հետաքրքիրն այն է, որ հարյուր տարի անց նույն այս հնդիկներն արդեն իրենք էին սիրահարվում: Այսօր իշխող երկու տեսակետ կա. առաջին տեսակետի համաձայն սիրահարվածության երևույթը մարդու գենի մեջ է դրված և այն փոխանցվում է սերնդեսերունդ, այսինքն` կենսաբանական երևույթ է, իսկ երկրորդ տեակետի համաձայն, սիրահարվածության երևույթն ավելի շատ մշակութային ծագում ունի, վերը նշված հնդիկ ցեղերը մեզ օրինակ: Չնայած որ, պետք է նշեմ, որ միայն կիսավայրենի ցեղերի մոտ չէ, որ նկատվել է չսիրահարվելու երևույթը, մինչև օրս էլ Ավստրալիայում և Աֆրիկայում դեռևս կան ցեղեր, որոնք վայրենի չեն, բայց սիրահարվածության երևույթն իրենց մոտ ևս իսպառ բացակայում է:
Հիմա մի փոքր սիրո մասին: Անհրաժեշտ եմ համարում խոսել մեզանում տարածված մի սխալի մասին. դա այն է, երբ մեզանից շատերն սկսում են սխալ օգտագործել սեր բառը և ամեն պատեհ ու անպատեհ առիթով կարող են ասել, որ ես սիրում եմ այս մեկին, մենք սիրում ենք իրար և այլն: Իրականում սերն այդքան հեշտ ու ամեն մեկին հասանելի երևույթ չէ, ուղղակի մեր լեզվում այս բառի արժեքը շատ է ընկել այսօր: Եվ սա իր պատճառներն ունի: Կապիտալիստական աշխարհում մարդիկ աշխատում են ավտոմատացված, ռոբոտացված կերպով, սկսում են անել այն, ինչ իրենցից պահանջվում է որ անեն և շատ քիչ դեպքերում է, որ անում են այն, ինչ հենց իրենք կուզենային անել: Մարդիկ սկսում են նմանվել մի շատ մեծ գործարանում աշխատող հաստոցի մեջ եղած փոքրիկ մի անիվի, որն իր գործն է անում անկախ ամեն ինչից: Կապիտալիստական հասարակարգում մենք սկսում ենք կամաց-կամաց կորցնել մեր անհատական գծերը, մեր յուրահատկությունները, մեր նախասիրությունները և սկսում ենք շարժվել համընդհանուր տարածում ունեցող ինչ-ինչ նորմերի համաձայն: Կան հստակ չափանիշներ, որոնց առկայության դեպքում դու կհամարվես զարգացած, առաջադեմ, հասարակության մեջ բարձր դիրք ունեցող մեկը: Բայց գիտե՞ք իրականում գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչպիսին ես դու, լա՞վ մարդ ես արդյոք, ի՞նչ ներաշխարհ ունես, բարի՞ ես, թե՞ ոչ, և այլն և այլն: Միայն արտաքին նորմերը պահիր, կրթություն, գումար, քաղաքավարի պահվածք, և ամեն բան լավ է: Նույն կերպով եթե դառնանք սիրուն, պետք է արձանագրենք, որ այսօր ամեն բան, այդ թվում նաև սերն ու սիրելու երևույթը, վերածվել են շուկայի: Այսօր գրեթե ամեն բան վերածվել է շուկայի` արվեստից սկսած, կրոնական կազմակերպություններից վերջացրած: Արվեստն այսօր իր տեղը զիջում է շոու բիզնեսին, իսկ ի՞նչ է շոու բիզնեսը. ցուցահանդես-վաճառք: Սիրո պարագային եթե մի տղա փնտրում է ինչ-որ աղջկա, ի՞նչ է կատարվում. այս տղան սկսում է հաշվի առնել իր հնարավորությունները շուկայական դաշտում, իր ունեցած հատկանիշները, իր ինտելեկտը, հասարակության մեջ ունեցած իր դիրքը, գումարը, իր գեղեցկությունը և այլն, ու սկսում է փնտրել սրան համապատասխան հակառակ սեռի ներկայացուցչի, եթե այդպիսի մեկին գտավ, շատ լավ է, արդեն անցնում է հաջորդ քայլին` փորձում է ներկայացնել իր ունեցած տվյալները, որպեսզի գրավի նրան: Այսինքն` ստացվում է առևտուր: Եվ հետաքրքիր է, որ ամեն ժամանակաշրջանում շուկան իր պահանջներն ու առաջարկները յուրովի, տարբեր կերպ է անում, օրինակ` Եվրոպայում 20-ական թվականներին գրավիչ էր համարվում այն կինը, ով որ ծխում և խմում էր, մի քանի տասնամյակ անց գրավիչ էր համարվում այն կինը, ով տնային տնտեսուհու կերպար ուներ և այսպես շարունակ: Իսկ այսօր այդ նույն շուկայում մի համընդհանուր քաոս է, որտեղ չես կարող ասել, թե ով է ընդհանրապես գրավիչ համարվում, ով` ոչ, ով է առաքինի համարվում, ով` ոչ: Այնպիսի մի ժամանակաշրջանում ենք, որտեղ ամեն բան բարձիթողի վիճակում է: Այսինքն` որևէ հստակ կանոն, չափանիշ անգամ գոյություն չունի: Հիմա այս վիճակի մեջ եթե ինչ-որ մեկն ասի, որ ինքը սիրահարված է, որ ինքը սիրում է և իր սիրո մեջ վստահ լինի` հենվելով միայն սեփական պատկերացումների վրա, ապավինելով միայն ինքն իրեն, կարծում եմ, որ մեղմ ասած, սխալ կլինի: Անհրաժեշտ է հետևել Աստվածաշնչին: Տեսեք, եթե ձեզանից որևէ մեկը սիրում կամ սիրահարված է և կարծում է, որ ճշմարիտ է իր սերը, ես կուզենայի, որ  այդ մարդը գեթ մեկ անգամ իր կյանքում կարդար Պողոս առաքյալի կորնթացիներին ուղղված առաջին նամակի 13 գլուխը` «Օրհներգ Սիրո» և հստակ տեսներ, թե սերն ինչպիսին է լինում: Սիրահարվածության վիճակն ավարտվում է այնտեղ, որտեղ իրական սերն է սկսում: Ըստ ոմանց` շատերը մինչև իրենց կյանքի վերջն էլ սիրահարված են մնում իրենց ամուսնուն, բայց ես չէի ուզենա սա սիրահարվածություն անվանել, դա արդեն սերն է: Հիմնականում սիրահարված է մարդ այնքան ժամանակ, քանի դեռ անպատախան է իր այդ զգացումը կամ դեռ չի հասել իր նպատակին: Եթե որևէ մեկն ուզում է իմանալ` ճշմարիտ է արդյոք իր սերն իր ամուսնու նկատմամբ, հստակ բաղադրատոմս կարող է հանդիսանալ սիրո օրհներգը. կարդացեք խնդրեմ և տեսեք, թե որքանով է համապատասխանում ձեր սերը Պողոս առաքյալի նշած չափանիշներին: Սերն ամեն բանի դիմանում է, մշտապես հույս է տածում: Շատ մարդիկ կան, որ առաջին իսկ խոչընդոտին հանդիպելով հուսալքվում են, թուլանում, սկսում են նահանջել: Եթե երկու հոգի իրար սիրում են, նշանակում է պիտի չբարկանան, պիտի իրար հակառակ չլինեն, համբերեն, հույս տածեն և այլն և այլն: Եթե այս ամենը կա, ուրեմն ամեն բան ճիշտ է ընթանում, և նրանց մեջ սեր գոյություն ունի:
Բայց գալով մեր օրերին, պետք է նշենք, որ շատերի մոտ այդպես էլ տեղի չի ունենում անցումը սիրահարվածությունից դեպի սերը: Կան մարդիկ, ովքեր անգամ ամուսնանում, երեխաներ են ունենում, բայց միևնույն է իրենց մոտ սերն այդպես էլ չի հասունանում: Այս մարդկանց մոտ ամեն ինչ մակերեսային է, նրանք հեշտությամբ կարող են բաժանվել: Խնդիրն այն է, որ մարդկանց մեծ մասը երբևէ չի մտածում, թե իր ընտանիքի կենտրոնում ինչը պետք է լինի. լավ, ես ամուսնացա, ընտանիք կազմեցի, երեխաներ ունեցա, բայց իմ ընտանեկան խաղաղությունը, ջերմությունն ու անդորրը ինչի՞ վրա են հիմնված լինելու: Ընտանիքի կենտրոնում Սերը պետք է լինի, որն Աստծուց է գալիս և որն Աստված է հենց` ըստ Հովհաննես առաքյալի: Պարզվում է, որ եթե ես սիրում եմ, ուզում եմ ընտանիք կազմել և իմ ընտանիքի կենտրոնում սերը դնել, նշանակում է, որ իմ ընտանիքի կենտրոնում հենց ինքը Աստված պիտի լինի: Եթե ես ասում եմ, որ սիրում եմ դիմացինիս, կնոջս կամ երեխաներիս, ես պետք է հասկանամ, թե Աստված ինչ է ուզում, որ ես անեմ, թե Աստված ինչպիսին է ուզում, որ իմ սերը լինի:

No comments:

Post a Comment